Զգույշ քաշքշել են

14/05/2009

Նախօրեին ըստ մամուլի հրապարակումների եւ ականատեսների ծեծի ենթարկված Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ Արայիկ Քոթանջյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե իրեն ոչ ոք չի ծեծել: Նա ընդամենն ասել է, որ նախօրեին «փոքրիկ վիճաբանություն» է եղել ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական տղաների միջեւ: Հիշեցնենք, որ այդ «փոքրիկ վիճաբանության» պատճառով նախօրեին մայրաքաղաքի Ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների մեծ մասը գտնվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Իսկ իրականում ամեն ինչ սկսվել է նրանից, որ Քոթանջյանի որդին` ընկերների հետ, ծեծել է նույն համայնքի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի մի քանի անդամների, ինչին ի պատասխան էլ՝ ԲՀԿ-անները ծեծել են հայր եւ որդի Քոթանջյաններին ու նրանց թիմակիցներին: Ըստ Արայիկ Քոթանջյանի պատմածի, սակայն, վիճաբանող կողմերից մեկը մյուսից փորձել է պարզել, թե ինչու է նա հաճախ կուսակցություններ փոխում` ասենք` մի ժամանակ «Օրինաց երկրի» անդամ է եղել, հետո՝ ՀՀԿ, իսկ հիմա՝ ԲՀԿ: «Այս ֆոնի վրա վիճել են, որից հետո բաժանվել են: Հետո զանգեցին ԲՀԿ-ից ինձ, որ կարող է ինչ-որ բան լինի, ասացին` գանք-ճշտենք: Եկան, ճշտեցին ու հանգիստ գնացել են: Ոչ մի ծեծկռտուք չի եղել»,- ասել է Քոթանջյանը` հերքելով նաեւ իր որդու մասնակցությունը այդ ծեծկռտուքին: «Տղաս շտաբ ունի կողքը, տղաս չի եղել, հետո մոտեցել է՝ պարզի»,- ասել է նա: