Շանթ Հարությունյանը` ազատության մեջ

14/05/2009

Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Վերջինիս գործը ապրիլի 1-ին կասեցվել էր` առողջական վիճակի վատթարացման պատճառով: Դրանից հետո ավելի քան մեկ ամիս Շանթ Հարությունյանը կատարյալ մեկուսացվածության եւ անմարդկային պայմաններում գտնվում էր հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ «պետպատվերով» աշխատող բժիշկները պետք է իբրեւ թե դատաբժշկական եզրակացություն տային Շանթ Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ: Եվ ահա երեկ պաշտոնապես հրապարակված փորձագիտական «եզրակացության» համաձայն, «հանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանը եղել է անմեղսունակ»: Այդ հիմքով էլ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Եվ չնայած անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում քաղբանտարկյալների դատավարություններում իշխանությունները բազմաթիվ անգամ անցել են ոչ միայն օրենքի, այլեւ տարրական մարդկային բարոյականության սահմանը, սակայն Շանթ Հարությունյանի հետ կատարվածը ցինիզմի եզակի դրսեւորում էր: Մարդուն առանց որեւէ ապացույցի մեկ տարի պահեցին անազատության մեջ, մեկուսարանում ամեն ինչ արեցին` նրան հավասարակշռությունից հանելու համար, եւ վերջում հայտարարում են, թե նա «անմեղսունակ է եղել»: Թե ովքեր են տվյալ դեպքում ավելի շատ համապատասխանում այդ կարգավիճակին, ակնհայտ է բոլորի համար: Բայց այսօր կարեւորն այն է, որ Շանթ Հարությունյանն ազատության մեջ է: