Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել էր իր հետազոտության արդյունքները Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների վերաբերյալ: Ըստ այդմ, այս տարի ՀՀ-ում ՀՆԱ-ի իրական աճը կազմելու է -5 տոկոս: Նույն արդյունքների համաձայն, 2010-ին տնտեսության աճը կլինի զրոյական, իսկ 2011-ից ակնկալվում է ՀՆԱ-ի
դրական ցուցանիշ:
Տարածաշրջանում 2009-ին ակնկալվում է միջինը 0.9 տոկոս տնտեսական աճ, որը 2010-ին կհասնի 5 տոկոսի: Ուշագրավ է, որ այդ կանխատեսումներով տարածաշրջանի երկրների թվում Հայաստանը կունենա ՀՆԱ-ի ամենացածր ցուցանիշը, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ըստ ԱՄՀ-ի՝ 2009թ. կարձանագրվի ՀՆԱ-ի -6 տոկոս ցուցանիշ. Վրաստանում ու Ադրբեջանում Տնտեսական աճը կլինի դրական: Արդյո՞ք իրատեսական են ԱՄՀ-ի այս կանխատեսումները:
«Անշուշտ իրատեսական չեմ կարող համարել ԱՄՀ-ի այդ կանխատեսումները»,- ասում է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը: «Շատ հաճախ, այսպես կոչված, կանխատեսումները ոչ թե հիմնավորված կանխատեսումներ են լինում, այլ որոշակի ուժերի սուբյեկտիվ ցանկություններ են լինում: Եվ այդ տեսակետից ելնելով ես կարող եմ ասել, որ դա իրերի իսկական վիճակը չի արտացոլում»,- նշեց նա: Իսկ որո՞նք են այդ սուբյեկտիվ ուժերն ու ցանկությունները: «Քաղաքական առումով միտումներ կարող են լինել: Բայց ես չեմ պնդում, թե դա կա: Մասնավորապես` այսօր մենք քաղաքական հեշտ խնդիրների առջեւ չենք կանգնած: Եվ դրա մեջ հասկանում ենք նաեւ պարտադրանքի ամպլիտուդան»,- ասաց Վ. Բոստանջյանը: Ըստ նրա՝ ՀՀ տնտեսության անկումը 5%-ից քիչ կլինի: «Բոլոր դեպքերում նախորդ տարիներին մենք շատ բարձր տնտեսական աճ ենք արձանագրել, եւ ես ուզում եմ մտածել, որ անկումային միտումներն այնքան լինեն, որ մենք հաստատենք ընդհուպ մինչեւ -5%-ի»,- հուսով է նա: Իսկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսության անկումը ավելի մեծ է լինելու, քան ԱՄՀ-ի կանխատեսած -5%-ը: «Դեռեւս մարտի երկրորդ կեսին տվել եմ առաջիկա 3 տարիներին ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ իմ գնահատականը: Արված կանխատեսումների համաձայն՝ 2009թ. սպասվում է ՀՆԱ-ի ավելի քան 10% անկում, 2010թ.` շուրջ 3% անկում, եւ միայն 2011թ.՝ տնտեսական աճի վերականգնում` շուրջ 2%-ի չափով»,- նշեց Բ. Ասատրյանը: Ըստ ճյուղերի նրա կանխատեսումները հետեւյալն էին: Շինարարության համար 2009-ին ԿԲ նախկին նախագահը կանխատեսել է մոտ 20% անկում (նշենք, որ 2009թ. առաջին եռամսյակում պաշտոնական տվյալներով շինարարության անկումը 22% է կազմել), արդյունաբերության համար` մոտ 3% անկում (ԿԲ-ի կանխատեսումներով՝ այդ անկումը կազմելու է 1-5%): «Հետաքրքիր է հատկապես առեւտրի եւ ծառայությունների ոլորտը, որտեղ ես կանխատեսել եմ շուրջ 13% անկում: Այստեղ այդչափ անկում առաջին եռամսյակում չարձանագրվեց ոչ թե այն պատճառով, որ ոլորտում զգալի անկում չի եղել, այլ այն պատճառով, որ իշխանությունների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ առեւտրաշրջանառությունը ստվերից որոշ չափով դուրս է բերվել»,- նշեց Բ. Ասատրյանը: Ըստ նրա, կանխատեսումներ անելիս պետք է հաշվի առնել, որ մեր տնտեսության վրա սեզոնայնության ազդեցությունը շատ մեծ է: «Եթե ըստ ամիսների արտադրված ներքին արդյունքը համեմատենք, այսինքն` համեմատենք, օրինակ, հունվարը ավելի աշխույժ ամիսների` հուլիս-սեպտեմբերի հետ, կտեսնենք, որ հունվարի համեմատ այդ ամիսներին ՀՆԱ-ի ծավալը 3-4 անգամ ավելի մեծ է: Այսինքն` հունվարին աշխատում են տնտեսության բազային ճյուղերը, որոնք ստեղծում են տնտեսական համակարգի կենսունակությունն ապահովող նվազագույն ՀՆԱ-ն: Իսկ արտադրական նշանակության ու արտահանման ոլորտի ճյուղերը սկսում են աշխուժանալ տարին բացվելուն զուգընթաց: Այսինքն՝ երբ մենք խոսում ենք տնտեսության անկման հնարավոր մասշտաբների մասին, տարվա առաջին ամիսները չափանիշ չեն, կամ այդ թվերը պետք է մի քանի անգամ մեծացնենք, որ ամբողջական պատկեր ստանանք»,- նշեց Բ. Ասատրյանը: Այնուամենայնիվ, ըստ նրա, ԱՄՀ-ի վերջին կանխատեսումները ավելի մոտ են իրականությանը: «Այստեղ կասկածի տեղիք են տալիս ՌԴ-ի վերաբերյալ գնահատականները, քանի որ ՌԴ-ի փորձագետները պնդում են, որ անկումը շատ ավելի փոքր է լինելու: Ուշագրավ է նաեւ, որ ԱՄՀ-ի առաջին եւ երկրորդ կանխատեսումների միջեւ էական տարբերություններ կան հենց Հայաստանի վերաբերյալ, ինչից կարելի է եզրակացնել, որ ԱՄՀ-ն բավարարված չէ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներով եւ գործադրված ջանքերով»,- համոզված է Բ. Ասատրյանը: Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը եւս կարծում է, որ ՀՀ տնտեսության անկումը կլինի ավելի շատ, քան կանխատեսել է ԱՄՀ-ն: «Մենք ուղղակի կախված ենք ՌԴ-ի տնտեսությունից, ինչը հիմնականում պայմանավորված է տրանսֆերտներով: Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն 30% քիչ ենք տրանսֆերտներ ստացել: Իսկ ՌԴ տնտեսության իրական հատվածը դեռեւս լուրջ խնդիրներ ունի: Այնպես որ, այդ կանխատեսումը բավականին օպտիմիստական կանխատեսում է: Վատագույն ժամանակաշրջանը մեզ նման երկրների համար դեռ նոր է սկսվում»,- նշեց Վ. Խաչատրյանը: ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դժվարացավ պատասխանել, թե 2009թ. որքան կկազմի Հայաստանի ՀՆԱ աճը: «Ինչ վերաբերում է կանխատեսումներին, դժվար է այսօր գտնել մի կառույց, որ կարողանա հստակ կանխատեսումներ անել: Դա վերաբերում է նույնիսկ ԱՄՀ-ի նման հզոր կառույցին: Դրա ապացույցը վերջին ամիսներին այդ կանխատեսումների փոփոխությունն է: Ես կարծում եմ, որ այդ կանխատեսումը դեռեւս վերջնական չի կարելի համարել, կարծում եմ` այն նման կլինի նախորդներին»,- նշեց Գ. Մինասյանը: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի նախորդ կանխատեսումներում 2009-ի համար տնտեսական անկման կանխատեսումը ավելի ցածր էր, այսինքն` գնալով այդ անկման կանխատեսվող չափը մեծանում է: Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀ ՀՆԱ-ի անկումը ավելի մեծ լինի, քան վարչապետի կողմից մի քանի ամիս առաջ նշած ամենավատատեսական սցենարով է նախատեսված (-5%). այս հարցին Գ. Մինասյանը պատասխանեց, թե «ամեն ինչ էլ հնարավոր է»: «Ամեն դեպքում, թեեւ այս տարվա առաջին եռամսյակը բավականին վատն էր նախորդ տարվա համեմատ, բայց երկրորդ եռամսյակի առաջին ամիսը` ապրիլը, իմ օպերատիվ տեղեկություններով, բավականին հաջող է եղել»,- ասաց Գ. Մինասյանը: