Կասկածող է ման գալիս

14/05/2009

«Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը»,- նախօրեին Բաքու մեկնելուց առաջ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ըստ «Ֆրանսպրեսի», Էրդողանն ասել է, թե Ադրբեջան կատարելիք իր այցի նպատակն է «վերացնել Թուրքիայի քաղաքականության առնչությամբ առկա թյուրըմբռնումները եւ թյուրընկալումները», եւ վստահեցրել է, որ Ադրբեջանի շահերը առաջնայնություն են մնում պաշտոնական Անկարայի համար: «Ոչ ոք չպետք է աննշան իսկ կասկած ունենա, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես արել է մինչ այժմ: Մեր հարաբերությունները ամուր են եւ հիմնված են եղբայրական մշակույթի վրա», – հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Վերջինիս այցի ընթացքում ուղեկցում է նորանշանակ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ ելույթ է ունեեցել Ադրբեջանի միլի մեջլիսում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից: «Թուրքիան կարող է բացել սահմանը, եթե Հայաստանը վերջ տա Լեռնային Ղարաբաղի օկուպացիային»,- ասել էր Էրդողանը: