Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի կարծիքով, կոալիցիոն մյուս ուժերի եւ ընդդիմության ընտրապայքարի մեթոդները նույնն են: Եվ, ըստ նրա, դրա ապացույցն է ընդդիմության եւ ՀՀԿ-ականների միջեւ Ավանում տեղի ունեցած միջադեպն ու նախօրեին Քանաքեռ-Զեյթուն համայնքում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կայացած «ռազբորկան»:
«Ոչ մի տարբերություն չկա, բոլորն էլ պայքարում են ձայնի համար»,- ասում է Գ. Բեգլարյանը, ով երեկ բակային հանդիպումներ էր անցկացնում Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Այնտեղ էին նաեւ համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը, այդ ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ կարատեիստ Գոռ Վարդանյանը: Գ.Բեգլարյանն` անդրադառնալով «Երեւանի մասին» նոր օրենքին, նշեց. «Օրենքը թույլ է տալիս յուրաքանչյուր քաղաքացու վերահսկել համայնքի աշխատանքները, որը կոնկրետ կատարում է Երեւանի համար: Կան քաղաքական ուժեր, որ հայտարարում են` մենք կվերահսկենք: Վերահսկողը լինելու է բնակիչը: Սահմանադրությունը դա թույլ է տալիս, եւ այն օրենքը, որն ընտրվել է եւ ձեր ընտրությունից հետո` հունիսի 1-ից կաշխատի, ունի շատ լավ կողմեր, որովհետեւ մայիսի 31-ից հետո Երեւան քաղաքում էլ չեն լինի թաղապետի ընտրություններ: Այսինքն` չեն լինի այն լարվածություններն ու հակասությունները, որ մինչ այսօր ունեցել ենք յուրաքանչյուրս: Թաղապետը մեկն ընտրվել է, մեկը` ոչ, բայց մեր հարաբերությունները չորսը տարի եղել են լարված, որովհետեւ ընտրությունների ժամանակ մեկս մեկին է հավատացել, մեկս` մյուսին: Դա ամենադրական կողմերից մեկն է, որ ապագայում աշխատող մարդը միշտ կաշխատի թաղապետ, չաշխատող մարդուն էլ ժողովուրդը կդիմի, որ չաշխատի թաղապետ: Հավատացեք, ժողովուրդ ջան, որ թաղապետի, քաղաքապետի աշխատանքը գնահատելու եք դուք: Ամբողջ աշխարհում այս ոլորտը զարգացել է, հասել է այն մակարդակին, որ ժողովուրդն ինքը երբեք չի քաղաքականացնում տեղական ինքնակառավարման այս ոլորտի ընտրությունները: Մենք էլ փորձելու ենք չքաղաքականացնել: Մենք ընտրելու ենք այն մարդկանց, այն ցուցակը, որը գլխավորում են այն մարդիկ, ովքեր տեղյակ են այդ աշխատանքներից»: Այնուհետեւ խոստացավ, որ հունիսի 1-ից հետո չասֆալտապատված եւ չլուսավորված որեւէ բակ չի լինելու Երեւանում: Հնչող բողոքներին էլ, թե` կողքի բակերն ասֆալտապատում են, իսկ իրենցը` ոչ, Գ. Բեգլարյանը պատասխանեց, թե` «բիտում չկա, մարդիկ անձրեւների հետ չեն հասցնում այդ աշխատանքները կատարել»:
Անդրադառնալով Երեւանի կանաչապատմանը եւ այն քաղաքական ուժերին, որոնք քարոզարշավների ժամանակ ծառատունկ են կազմակերպում, ասաց. «Չգիտես ինչու` նախընտրական արշավում բոլորը ծառ են տնկում, բայց ոռոգման ցանց չունենք: Այժմ ոռոգման ցանցի լայնածավալ աշխատանքներ են կատարվում: Գարնանը մենք կվերջացնենք ոռոգման ցանցի աշխատանքները, իսկ աշնանը բոլորս ծառ կտնկենք, որոնք իրականում կկպնեն, կմեծանան եւ կփոխանցվեն մեր բալիկներին: Թե չէ` տարին 150.000 հատ ծառ ենք տնկում, 1000-ն էլ չի կպնում: Փոշիացնում ենք այն գումարները, որոնք ծախսվում են այդ տնկիների վրա: Մենք այդ գումարները կդնենք, ոռոգման ցանցը կկարգավորենք, աշնանը կանենք մեծ ծառատունկ»: Հանդիպումից հետո Գ. Բեգլարյանից հետաքրքրվեցինք վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Մեր հարցին, թե` Ավան, այնուհետեւ` Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ինքը` որպես քաղաքապետ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում, եւ արդյո՞ք մտավախություն չունի, որ ընտրությունների օրվա մոտենալուն զուգահեռ՝ սրվում է նաեւ իրավիճակը, Գ. Բեգլարյանը պատասխանեց.
– Հավատացած եղեք, այն դեպքերը, որոնք տեղի են ունենում, չեն հրահանգվում որեւէ շտաբից: Դրանք այն մարդիկ են` երկկողմանի, որոնք ուզում են արջի ծառայություն մատուցել: Այսինքն` մենք պետք է փորձենք ընդհանրապես այդ ընդհարումների պատճառ հանդիսացած մարդկանց, եւ նրանց, ում գլուխը ծակվել է, եւ նրանց, ովքեր ծակել են այդ գլուխը` դատապարտենք ու երբեք չհերոսացնենք: Երբ այդ ոճով շարունակենք աշխատել, ինձ թվում է, այդ կարգի դեպքերը կվերանան:
– Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ չե՞ք կարծում, որ իշխանությունները գոնե կարող են կանխել այդ դեպքերը: Չե՞ք գտնում, որ անպատժելիությունն է սրա պատճառը:
– Ամենավատն այն է, որ կան նաեւ պրովոկացիոն դեպքեր, որ եթե ինչ-որ մեկը հանդես գա եւ ներկայացնի, որ` տեսեք, օրինակ, սա այն դեպքը չէր, որ իշխանությունը կարողանար կանխել, բոլորը ծիծաղից կմեռնեն: Բայց հավատացեք, կան մեխանիզմներ, որոնք կիրառվում են, որպեսզի կոնկրետ իշխանության կողմին դատապարտեն: Կա՛ն: Ես կարող եմ կոնկրետ փաստեր բերել, բայց այսօր ոչ ոք դրանց չի հավատալու: Դրանք կոնկրետ արվում են սեւ PR-ի համար, ես գիտեմ` ինչի համար են արվում, դրա դեմ պայքարի միակ մեխանիզմը հետեւյալն է. եկեք չհերոսացնենք ո՛չ ծեծվողին, ո՛չ ծեծողին: Ծեծվողը գնում` հերոսանում է, որ` հանուն ձեզ, հարգելի ժողովուրդ, ես ծեծ կերա, ծեծողն էլ գնում` հերոսանում է, որ` հանուն ձեզ, թեկնածու ջան, ես ծեծեցի: Հետեւաբար, պետք է պատժվի եւ՛ ծեծողը, եւ՛ անպայման այն մարդը, ով դիմացինին դրդում է այդ քայլին: Հիմա այստեղ 1000-ից ավելի մարդ է հավաքված, բայց կոնֆլիկտ չեն ստեղծում, որովհետեւ այստեղ չկա այն մարդը, որն ինչ-որ մեկին կդրդի կոնֆլիկտի: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ չգիտեք ինչու, վերջին 7 տարում ամեն տեղ նույն մարդիկ են. ծեծվողներն էլ, ծեծողներն էլ նույնն են:
– Դուք` որպես Երեւանի գործող քաղաքապետ, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանից հետաքրքրվե՞լ եք, թե ի՞նչ է նախօրեին տեղի ունեցել իր ղեկավարած համայնքում, եւ ինչո՞ւ է ինքը մասնակցել այդ «ռազբորկաներին»:
– Արայիկ Քոթանջյանը այդ դեպքերին մասնակից չի եղել:
– Բայց իր անձնական ավտոմեքենան այդ ժամին դեպքի վայրում էր, լուսանկարն էլ տպագրվել է մամուլում:
– Ուզում եք ասել` ավտոմեքենա՞ն է մասնակցել: Ա. Քոթանջյանն ինքը մասնակից չի եղել (երեկ «Ա1+»-ի հետ զրույցում Ա. Քոթանջյանն ինքն է ասել, որ ներկա է եղել այդ միջադեպին.- Լ.Ս.):
– Ավան համայնքում տեղի ունեցած դեպքերից հետո մամուլում հրապարակվեցին այն անձանց դեմքերը, ովքեր քարերով հարվածել էին ՀԱԿ-ի ակտիվիստ կանանց: Փորձե՞լ եք պարզել` ովքեր են, որ ցանկացել են Ձեզ արջի ծառայություն մատուցել:
– Պարզել են, պարզվում են, եւ այդ մարդիկ անպայման պատժվելու են: Դրա համար նաեւ կոչ եմ անում այն կանանց, ովքեր դրդում են այդ խեղաթյուրված մարդկանց, որ քարով խփեն իրենց` չհրահրեն: Հավատացեք` հոգեկան հիվանդ կարող է լինել մարդը, որ քարով խփի որեւէ կնոջ: Բայց դե կինն էլ, չէ՞, պետք է կարողանա իրեն այնպես պահել, որ իրեն քարով չխփեն: Ես խնդրում եմ` եկեք ամեն ինչ երկկողմանի քննադատենք: Կնոջը խփողին ամենաքիչը կարող եմ որակել որպես հոգեկան հիվանդ, բայց դուք կին եք` ձեզ կյանքում քանի՞ անգամ են քարով խփել: Եղե՞լ է նման դեպք: Ո՛չ: Վե՛րջ: Այն ուժերը, որոնք այդ կանանց, որոնց մենք սիրում, հարգում եւ ընդունում ենք՝ որպես քույր, մայր, դրդում են ծեծվելու, պետք է ասեն` կանայք, մի արեք այդ բանը, որովհետեւ միշտ կհայտնվեն հոգեկան հիվանդներ, որոնք չեն կարող կողմնորոշվել, եւ որ այդ պրովոկացիան Ձեր դեմ է:
– Եթե ընդդիմության եւ իշխանության համակիրների միջեւ ծագած վեճերի համար կարելի է որեւէ բացատրություն գտնել, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են նման սրացումներ տեղի ունենում իշխանական ուժերի միջեւ:
– Ոչ մի տարբերություն չկա: Այսօր բոլորը պայքարում են իրենց ձայների համար` նույն ձեւով, ինչպես ընդդիմության եւ իշխանության միջեւ է պայքարը, ապա ինքներդ էլ համոզվեցիք, որ նույն ձեւով էլ կոալիցիայի միջեւ է պայքարը: Մենք պետք է հասնենք նրան, որ ընտրապայքարը տեղի ունենա քաղաքակիրթ ձեւով: Տեսեք` Ավանում ընդդիմությունը բղավում է, որ իր դեմ է, երեկ էլ կոալիցիայի ժողովուրդն է իրար հետ խնդիր ունեցել: Ընտրապայքարը սրան է տանում: Մենք յուրաքանչյուրս պետք է կարողանանք մեր ենթականերին, մեզ համար քարոզարշավ անողներին հասկացնել, որ` քաղաքակիրթ ընտրարշավ կազմակերպեք, եւ, որ ձեր մատուցած արջի ծառայությունը մենք չենք հերոսացնելու, եւ ընդհակառակը` պատկան մարմինները պատժելու են` երկկողմանի: