Երեկ տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել նախագահ Սերժ Սարգսյանը:
«Չորս տարի է անցել միության նախորդ համագումարից, եւ հերթական` հինգերորդ համագումարը փաստորեն տեղի է ունենում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ նրա անդամների եւ ընդհանրապես գործարար հատվածի ներկայացուցիչների վարքագծային դիրքորոշումներն էական նշանակություն ունեն մեր երկրի եւ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար… Իսկ քննարկումների թիվ մեկ թեման, անշուշտ, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պետության, բիզնեսի եւ հասարակության համատեղ գործողությունների համալիրն է, որտեղ հարկ կա ոչ միայն գնահատել իրականացվող քայլերի արդյունավետությունը, այլեւ առաջընթացի նոր ուղիներ նախանշել: Ամիսներ առաջ հնչեցված` «Մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը» կարգախոսն այսօր էլ ուժի մեջ է, բայց դրան զուգահեռ՝ այժմ արդեն հարկավոր է պատասխանել «Ինչպես ենք ավելի արագ անցնելու վերականգնման փուլը» հարցին: 2009 թ. առաջին ամիսների ընթացքում տնտեսական արդյունքների վերաբերյալ դեռ նախորդ տարեվերջին ձեւավորված սպասումները, ցավոք սրտի, մեծամասամբ իրականացան: Արձանագրվեց լուրջ տնտեսական անկում, անկումներ արձանագրվեցին տնտեսության հիմնական ճյուղերում` արդյունաբերության, շինարարության մեջ, էներգետիկայում, նվազեց արտահանումը, էապես կրճատվեցին մասնավոր դրամական փոխանցումները, պետական բյուջեի եկամուտներն ու ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: Համաշխարհային տնտեսության համար կատարյալ չարիք դարձած ֆինանսատնտեսական ճգնաժամը «ինքնադրսեւորվեց» նաեւ Հայաստանում: Սրանք հատկապես դժվար ամիսներ էին, որոնք մենք անցանք հնարավորինս առանց լուրջ խեղումների` դժվարին, միգուցե նկատելի սխալներով, բայց եւ կարեւոր ու համառ աշխատանքով` շատ-շատերի աշխատանքով: Արդյունքում սոցիալապես ամենախոցելի խավերը, ինչպես հաճախ է լինում, չդարձան արտաքին անբարենպաստ ազդակների առաջին թիրախները, արդյունքում նպաստները, կենսաթոշակները, ուսուցիչների, բուժաշխատողների եւ ընդհանրապես` պետբյուջեից հատկացվող բոլոր աշխատավարձերը ոչ միայն չկրճատվեցին, այլեւ տրվում են ժամանակին` տարեսկզբին բարձրացված չափերով: Մենք չունեցանք բանկային խաթարումներ, ցածր միջազգային գների պայմաններում հանքահումքային ոլորտի հսկաները կա՛մ չդադարեցին գործել, կա՛մ կարճատեւ դադարից հետո կարողացան վերագործարկվել: Չիրականացան հոռետեսական կանխատեսումները արժութային շուկայի փլուզումների կամ համընդհանուր խուճապի վերաբերյալ: Եվ ամենակարեւորը, նման պայմաններում, ավելին` նույնիսկ ազգային արժույթի նկատելի արժեզրկման պայմաններում մեզ հաջողվեց խուսափել սպառողական գների արտառոց թռիչքներից. մի բան, որ նույնպես լուրջ սոցիալական գործոն հանդիսացավ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, թե լավ տեղյակ է, որ բնակչության գերակշիռ մասն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունը սեփական եկամուտների վրա: «Բայց ուզում եմ նաեւ կարեւոր մի գործոն առանձնացնել. այո, ճգնաժամի հետեւանքով մենք բոլորս` ողջ հասարակությունով, առիթներ ունեցել ենք եւ՛ նեղսրտելու, եւ՛ մտահոգվելու, եւ՛ դժվար որոշումներ կայացնելու, բայց մի բան ակնհայտ է` մեր հասարակության մեջ հուսահատություն չկա, մեր բիզնեսը նույնպես չի հուսահատվել, նույնը՝ նաեւ կառավարությունը: Եվ այս դժվարին փուլից հետո սա շատ լավ առիթ է կրկնակի եռանդով աշխատելու եւ վերականգնման փուլը այլ երկրների համեմատ ավելի արագ անցնելու համար»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա նշել է նաեւ, որ թեեւ ստեղծված իրավիճակում պետության համար առաջնային է պետական բյուջեի կատարումը, այն չի կարող լինել ինքնանպատակ կամ վնասել տնտեսական գործընթացներին: «Այս առումով ես կարեւոր եմ համարում, որպեսզի գործարար համայնքը կառավարության հետ ավելի ակտիվ, բաց ու հրապարակային քննարկումներով նպաստի բարեփոխումների արագացմանը: Իրենց հերթին՝ կառավարության բոլոր օղակները պետք է կարողանան գործարար համայնքի հետ համագործակցությունը ավելի անմիջական հիմքերի վրա դնել. ցանկացած գործարարի ցանկացած մտահոգություն պետք է դառնա համակողմանի քննարկման առարկա, որի արդյունքում ինչպես գործարարը, այնպես էլ պետությունը ձեռնամուխ կլինեն կոնկրետ քայլերի իրականացման: Եվ ընդհանրապես վարչարարական տարաբնույթ խնդիրների վերաբերյալ գործարարի տեսակետի բարձրաձայնումը միայն պետք է ողջունվի եւ համապատասխան ընթացք ստանա: Իսկ պաշտոնյան, ով իր վարքագծով կփորձի կաշկանդել գործարար ընդհանուր միջավայրի բարելավմանն ուղղված քննարկումները, պետական համակարգում տեղ չունի: Այստեղ ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն օբյեկտիվ փաստի վրա, որ այս գործողություններն ու գործընթացը պետք է նմանվի երկկողմ երթեւեկության ճանապարհի. չի կարելի գործարար մթնոլորտի բարելավման քողի տակ վարկաբեկել, ճգնաժամը պատրվակ բերելով խոչընդոտել բարեփոխումների գործընթացին»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: