Եվ այսպես, կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ՝ ներկայացուցիչներ նշանակել առանձին տնտեսվարող սուբյեկտներում։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Հարկերի մասին» օրենքում՝ հարկային մարմնին հնարավորություն տալով հարկ վճարողի մոտ հսկողություն իրականացնելու ներկայացուցիչ նշանակել։
Ըստ առաջարկվող փոփոխության, հարկայինը 3-6 ամիս ժամկետով ներկայացուցիչ ունենալու իրավունք կստանա այն ընկերություններում, որոնց նախորդ տարվա հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ եթե հարկ վճարողը երկու տարի անընդմեջ հայտարարագրել է 50մլն եւ ավելի դրամ հարկային վնաս։ Փաստորեն, պետությունը՝ կասկածելու իր բարոյական իրավունքը ամրագրել է օրենքով։ Եթե ընկերությունը 2 տարի շարունակ 50 միլիոնի վնասով է աշխատում, կասկածելն, իհարկե, արդարացված է։ Իսկ երբ 4 միլիարդ դրամի հասույթ է ունեցել՝ կասկածելը չի խանգարի. ինչպե՞ս կարելի է այդքան մեծ գումարը թողնել առանց վերահսկողության (մինչ առաջ անցնելը նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ հարկայինն արդեն իսկ ներկայացուցիչներ է ուղարկել մի շարք ընկերություններ)։ Եթե նախագիծը հավանության արժանանա, հարկայինը կարող է իր մարդն ունենալ գրեթե բոլոր խոշոր հարկատուների մոտ։ Ի դեպ, հենց այս «նյուանսը» փորձ է արվում օգտագործել նախաձեռնության շուրջ դրական «աուրա» ձեւավորելու համար. ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ԱԺ-ում հատուկ ընդգծեց, որ կատարվող փոփոխությունները վերաբերում են միայն խոշոր բիզնեսին։ Եթե հիշում եք, վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ քանիցս հայտարարել է՝ մեր ԹԻՐԱԽԸ խոշոր բիզնեսն է։ Խոշոր բիզնեսին նեղելու գաղափարը շատերի ականջին հաճելի է, սակայն այս մոտեցումն իր մեջ մեծ վտանգ է պարունակում։ Ուշադրություն դարձրեք՝ թիրախը ոչ թե ստվերային գործունեություն ծավալող (կամ դրա մեջ կասկածվող) խոշոր բիզնեսն է, այլ՝ խոշոր բիզնեսն ընդհանրապես։ «Թիրախ» բառն ինքնին արդեն ճնշող է՝ ո՞ւմ է հաճելի, երբ իրեն վերաբերվում են որպես պոտենցիալ հանցագործի ու հսկողության տակ պահում։ Ավելին` մարդ են ուղարկում, որ «շնչին նստի»։ Անգամ կոշկակարը չի կարող կենտրոնանալ, երբ կոշիկը կարելիս իր մեջքին զգա մեկի զգոն հայացքը, մանավանդ, երբ այդ մեկը հարկայինից է։ Կա նաեւ հարցի իրավական կողմը. ի՞նչ երաշխիք կա, որ հարկայինի ներկայացուցիչը, ներսից ծանոթանալով ընկերության ներքին խոհանոցին, տվյալները չի փոխանցի նրա մրցակիցներին։ Մի խոսքով, սա խոշոր բիզնեսին հսկողության տակ պահելու լավագույն ձեւը չէ, եւ հարց է առաջանում՝ իրո՞ք այդ քայլն այդքան անհրաժեշտ էր այս պահին։
Հարկային մարմինների պետերի եւ տեղակալների հետ տարիների ընթացքում ունեցած հարցազրույցներից ստացել եմ այն տպավորությունը, որ հարկայինն ամեն ինչ գիտի… Ամեն ինչ՝ բոլորի մասին։ «Ամեն ինչ» ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն՝ ով ինչքան է վաստակում, ինչ շահույթներ է ստանում, այլ՝ իրականում ով է այս կամ այն ընկերության տերը, ով է «տանիքը», ով կարող է զանգել հարկայինի պետին՝ իր «լավ ախպորը չնեղելու» խնդրանքով։ Գիտեն, բայց շատ դեպքերում ոչինչ չեն կարող անել։ Համենայն դեպս, նրանց հետ զրույցներից, նրանց խոսքի մեջ զգացվել է այդ թաքնված բողոքը ու նաեւ զայրույթը, երբ «լավ ախպոր համար զանգողները» դրա հաջորդ օրը քննադատում են հարկայինին՝ լավ չաշխատելու մեջ։ Համոզված եմ, որ հարկայինի աշխատողները, այս տողերը կարդալով, կհամաձայնեն։ Այդ դեպքում, առավելեւս՝ անհասկանալի է դառնում գործարարների մոտ «ագենտ» ուղարկելու նախաձեռնությունը։
Շատերը իրավացիորեն նշում են, որ հարկայինը՝ ներկայիս օրենսդրությամբ իրեն տրված իրավունքներով կարող է անել ավելին, քան անում է։ Ո՞վ ասաց, որ միայն «մեծ-մեծ» քայլերն են օգուտ բերում։ Ի՞նչն է խանգարում սկսել հենց հարկայինի շարքային աշխատակիցներից, որոնք մեծ դժկամությամբ ու «նամռոտ» դեմքով են պատասխանում հարկատուներին, որովհետեւ… հարկատուն նրանց կտրում է համակարգչով «շարիկ գլորելու» հույժ կարեւոր գործից։ Կամ մի՞թե տարածքային հարկային պետերը չգիտեն, որ իրենց շենքերից մի քանի մետր այն կողմ գործում են «օֆիսներ», որոնք աշխատում են հարկայինի «պատվերով»։ Ասենք, մի հասարակ դիմումի ձեւ ստանալու համար (որը հարկային մարմինը պարտավոր է անվճար տրամադրել) սպասարկման բաժնի աշխատակիցը ձեզ կուղարկի դիմացի «օֆիս», որտեղ 1 էջանոց թուղթը տպելու համար ձեզնից կպահանջեն 1000 դրամ։ Սրանք մանրուքներ են թվում, բայց ազդում են գործարարի, հարկատուի եւ, ընդհանրապես, տնտեսության վրա։
Համաշխարհային բանկը ամեն տարի բավականին հետաքրքիր մի զեկույց է հրապարակում՝ «Doing Business» անվանումով: Այն գնահատում է թվով 181 երկրներում բիզնեսով զբաղվելու դյուրինությունը։ Չափանիշներից մեկն էլ հարկահավաքությունն է։ Այսպես, «Doing Business 2009»-ում այս ցուցանիշով Հայաստանը 181 երկրների մեջ զբաղեցնում է 150-րդ տեղը (նախորդ զեկույցում 147-րդն էր)։ Զեկույցի համաձայն, Հայաստանում գործարարը հարկային մարմիններին տարվա մեջ կատարում է ընդհանուր առմամբ 50 վճարում։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանում վճարումների թիվը 23 է, Ռուսաստանում՝ 22, Թուրքիայում՝ 15, Իսկ Շվեդիայում՝ 2։ Սակայն ավելի մտահոգիչ է այն ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե հարկատուն տարվա մեջ քանի ժամ է ծախսում՝ հաշվետվություն կազմելու, փաստաթղթավորելու, վճարումներ կատարելու, մի խոսքով՝ հարկային մարմնի հետ առնչվող գործերի վրա։ 958 ժամ։ Այս ցուցանիշով մենք 181 երկրների շարքում 176-րդ տեղում ենք։ Ադրբեջանում, օրինակ, գործարարը այդ նպատակով ծախսում է 376 ժամ, Թուրքիայում՝ 223, Լյուքսեմբուրգում՝ 59։ Հայաստանցի գործարարը օրական 3 ժամ տրամադրում է հարկայինին։ Այսինքն՝ թղթաբանության վրա ծախսում է այնքան ժամանակ, որ աշխատելու համար ոչ ժամանակ է մնում, ոչ էլ տրամադրություն։ Իսկ սա նշանակում է՝ չստեղծված արդյունք։ Սա էլ իր հերթին՝ չստացված հարկեր։ Այսինքն, որքան էլ աբսուրդ հնչի, ստացվում է, որ հարկայինը վնասում է ինքն իրեն։ Իսկ պատճառն այն է, որ մեզանում պարզ չէ՝ ի՞նչ սկզբունքով պետք է աշխատի հարկայինը՝ ամեն գնով բյուջեն լցնելո՞ւ, թե՞ գործարարների համար աշխատելու նորմալ միջավայր ստեղծելու։
Հայաստանում ամեն ինչ խառնված է իրար, ու դրան գումարած՝ քաղաքականացված։ Չես հասկանում՝ գործարարի մասի՞ն են մտածում, թե՞ գործարարը պարզապես թիրախ է, փողի աղբյուր։ Ու երբ պատժում են, դարձյալ անհասկանալի է՝ բյուջեի վնասը փոխհատուցելու, պետության համա՞ր են անում, թե՞ այլ պատճառներով (օրինակ՝ «Բջնիի» դեպքը)։ Տպավորությունն այնպիսին է, որ հարկային մարմինն իր ստեղծագործական պոտենցիալն այսօր կենտրոնացրել է միայն «շահող կտրոնների» եւ ժողովրդին համապետական ղումարբազության մեջ ամբողջությամբ ներքաշելու վրա։ Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ հոդվածի սկզբում նշված օրենսդրական նախաձեռնության մասին հարկայինի կայքէջում խոսք անգամ չկա, փոխարենը՝ կայքում, որպես գլխավոր նյութ, տրված են շահող կտրոնների թվերը։ Չնայած, ինչպես ասում են՝ պահանջարկն է ծնում առաջարկ. մեր ժողովրդին այսօր ամենից շատ հետաքրքրում են շահող կտրոնների թվերն ու «Որոգայթի» Ռուդոլֆի ով լինելը։