Ճգնաժամ

14/05/2009

Եվրոպական արտադրանքը նվազում է

Եվրոգոտու արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա մարտին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել են 20%-ով։ Այս տվյալները հրապարակել է եվրոպական վիճակագրական գործակալությունը` Eurostat-ը։ Այս տարվա փետրվարի համեմատ անկումը կազմել է 2%։ Ամենամեծ անկումն արձանագրվել է էներգետիկայի եւ երկարաժամկետ օգտագործման ապրանքների արտադրության ոլորտներում, որոնց նվազումը փետրվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 2.8 եւ 2.5 տոկոս։ Իսկ 2008թ. մարտի համեմատ՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են՝ 9.2, իսկ երկարաժամկետ օգտագործման ապրանքներինը՝ 23.2 տոկոսով։ Այդուհանդերձ, Եվրամիության անդամ որոշ երկրներում այս տարվա մարտին արձանագրվել է արդյունաբերության ծավալների աճ՝ օրինակ, Պորտուգալիայում (3.1%) եւ Ֆինլանդիայում (2.2%)։

Ռուսական ՄՄՎԲ-ն փլուզվեց

Ռուսական ֆոնդային ինդեքսը՝ ԾԾԹը-ն, երեկվա վաճառքների ընթացքում իջել է հոգեբանական կարեւոր շեմից՝ 1000 տոկոսային կետից ներքեւ։ Մոսկվայի ժամանակով ժամը 16։40-ի սահմաններում ԾԾԹը-ն կորցրել է 5.79 տոկոս եւ հասավ 998.17-ի։ PTC ինդեքսը միեւնույն ժամանակ նվազեց 3.1%-ով՝ հասնելով 949.44 կետին։ PTC-ի գործնականում բոլոր ոլորտային ինդեքսները բացասական նշանով էին։ Ամենաշատը՝ 3.66%-ով, նվազել է «Նավթ եւ գազ» ոլորտի ինդեքսը։ «Գազպրոմի» եւ «Մոսէներգոյի» բաժնետոմսերն արժեզրկվել են ավելի քան 7 տոկոսով։ Հարկ է նշել, որ օրվա առաջին կեսին PTC-ին հաջողվեց բարձրանալ 1000 կետի շեմից, իսկ ԾԾԹը-ն ընդհուպ մոտեցավ 1100-ի ցուցանիշին։ Դրան նպաստեց համաշխարհային շուկաներում նավթի գնի աճը, որը հասավ 60 դոլարի՝ 1 բարելի դիմաց։ Սակայն երեկվանից նավթի գինը սկսեց նվազել, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ OPEC-ը անցյալ տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ մեծացրել է ածխաջրածինների արդյունահանման ծավալները։ Ինդեքսների անկման վրա ազդեցություն ունեցավ նաեւ Eurostat-ի տարածած այն հաղորդագրությունը, որ եվրոյի գոտում արդյունաբերության արտադրանքի ծավալները 2009թ. մարտին նվազել են ավելի քան 20%-ով։ Կարճ ժամանակ անց՝ Մոսկվայի ժամանակով 17։00-ի շրջանում, սկսեցին նվազել նաեւ եվրոպական ինդեքսները։ Այսպես, բրիտանական FTSE 100-ը նվազեց 1.94%-ով՝ հասնելով 4339 կետին, գերմանական DAX-ը անկում ապրեց 2.63%-ով՝ հասնելով 4726-ի, իսկ ֆրանսիական CAC 40-ը արձանագրեց 1.82%-անոց անկում՝ հավասարվելով 3172-ի։

Ռուս շինարարների ձախորդ օրերը

Ռուսաստանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկը՝ «կԼԽ»-ը, պաշտոնապես հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով 2008թ. հոկտեմբերից ի վեր աշխատանքից ազատել է ավելի քան 2500 հոգու։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ընկերությունը մտադիր է ավելի քան 30%-ով կրճատել գործառնական ծախսերը։ «կԼԽ»-ի ղեկավարները հույս ունեն այդ կերպ տնտեսել մոտ 90 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընկերության տվյալներով, նախորդ տարվա ընթացքում իրենց հասույթը նվազել է 38%-ով՝ կազմելով 1.43 միլիարդ դոլար։ «կԼԽ»-ը տարին փակել է 167 միլիոն դոլար մաքուր վնասով, այն դեպքում, երբ 2007-ին շահույթը կազմել է 329 միլիոն դոլար։ 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության ակտիվների ընդհանուր արժեքը նվազել է 5.8%-ով եւ կազմել 4.85 միլիարդ դոլար։ Իսկ պարտքի ծավալները հասել են 1.37 միլիարդի։

Ընկերությունն այժմ բանակցություններ է վարում վարկատուների հետ, որպեսզի կարճաժամկետ վարկերը փոխարինվեն երկարաժամկետ պարտավորություններով։ Բացի այդ, «կԼԽ»-ը մտադիր է 600 միլիոն դոլարի լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել՝ կիսատ մնացած նախագծերը ավարտին հասցնելու համար։ «կԼԽ» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1994թ. եւ հիմնականում զբաղվում է «էկոնոմ» դասի բնակարանների շինարարությամբ եւ վաճառքով։ Ընկերությունն իր գործունեության ընթացքում Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում կառուցել է շուրջ 122 հազար բնակարան՝ 7.3 մլն քմ ընդհանուր բնակմակերեսով։ «կԼԽ»-ը ռուսական շինարարական առաջին ընկերություններից էր, որը տուժեց համաշխարհային ճգնաժամից՝ հիմնականում պարտքային ծանր բեռի պատճառով։ 2008 թվականի ընթացքում ընկերությունը շահագործման է հանձնել 813 հազար քմ բնակտարածք, որը 47.3%-ով պակաս է 2007-ի համեմատ։ Իսկ այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի օլիգարխ Սուլեյման Քերիմովին պատկանող «Նաֆտա Մոսկվա» ընկերությունը ձեռք է բերել «կԼԽ»-ի բաժնետոմսերի 25%-ը։ Քերիմովը ընկերության սեփականատերերին խոստացել է, որ կլուծի պարտքային խնդիրները եւ կապահովի անշարժ գույքի վաճառքը ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ Գործարքի արդյունքում, «կԼԽ»-ի երկու գլխավոր բաժնետերերի՝ Կիրիլ Պիսարեւի եւ Յուրի Ժուկովի բաժնեմասը նվազեց մինչեւ 49%։ Ընկերության բաժնետոմսերի 26 տոկոսը ազատ շրջանառության մեջ է տարբեր բորսաներում։ Ռուսաստանի շինարարների ասոցիացիայի տվյալներով, երկրի շինարարական ընկերությունների 70%-ը գտնվում է սնանկացման շեմին։ Շինարարների խնդիրները հիմնականում կապված են մեծ վարկային պարտավորությունների հետ։ Ի դեպ, շինարարության ոլորտի խնդիրները անհանգստություն են պատճառում նաեւ ռուսաստանցի օլիգարխ, «ըՈջՏՉօռ ֆսպՎպվՑ» հոլդինգի սեփականատեր Օլեգ Դերիպասկային։ Գործարարն այժմ գնորդ է փնտրում իր շինարարական բիզնեսի համար, որը միավորված է «ԹպՊՏՎՏրՑՌ» կորպորացիայում։ Ռուսական «թսՈՉրՑՐՏռ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին «ըՈջֆսՈ» կոնցեռնին։ Փորձագետները նշում են, որ Դերիպասկայի հիմնական բիզնեսը ալյումինն է, իսկ շինարարությունը նրա համար երկրորդական զբաղմունք է։ Այն իրավիճակում, երբ վտանգ է սպառնում հիմնական բիզնեսին («ըՈջֆսՈ»-ի պարտքը կազմում է 20 միլիարդ դոլար), Դերիպասկան ստիպված է վաճառել մյուս բիզնեսները։

FREDDIE MAC-ը կորցրել է 10 միլիարդ

ԱՄՆ հիպոթեքային վարկավորման շուկայի հսկաներից մեկի՝ FREDDIE MAC-ի մաքուր վնասը 2009թ. առաջին եռամսյակում կազմել է շուրջ 10 միլիարդ դոլար։ 2008թ. վերջին եռամսյակում վնասի թիվն արտահայտող ցուցանիշը, սակայն, ավելի սարսափելի էր՝ 24 միլիարդ դոլար։ Մեկ սովորական բաժնետոմսի հաշվարկով վնասը կազմել է 3.14 դոլար։ Իսկ ընդհանուր առմամբ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ընկերությունն ունեցել է ընդամենը 771 միլիոն դոլարի հասույթ։ Հաշվետու ժամանակաշրջանում ընկերության դեֆիցիտը կազմել է 6.1 միլիարդ եվրո, որը ծածկելու համար հարկ կլինի կրկին դիմել կառավարությանը։ «Սա հերթական դժվարին եռամսյակն էր մեր ընկերության համար. անշարժ գույքի գնանկումն ու թույլ տնտեսությունը հսկայական բացասական ազդեցություն ունեցան մեր գործունեության վրա։ Ամեն դեպքում, գնանկման դանդաղումն արդեն տեսանելի է, եւ դա տեղի է ունենում հիպոթեքային ցածր, մատչելի տոկոսադրույքների ֆոնին»,- հայտարարել է FREDDIE MAC-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջոն Քոսքինենը։

Նշենք, որ 2008թ. սեպտեմբերին պետությունն իր կառավարման տակ վերցրեց հիպոթեքային շուկայի երկու հսկաներին՝ FREDDIE MAC-ին եւ FANNIE MAE-ին։ ԱՄՆ կառավարությունն այդ քայլին գնաց, մտավախություն ունենալով, որ հիպոթեքային 2 խոշորագույն ընկերությունների սնանկացումը (որոնք միլիարդավոր դոլարներ էին կորցրել վարկերի չվերադարձման արդյունքում) կարող է նոր ցնցումներ առաջացնել ներքին եւ արտաքին շուկաներում։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշեց կրկնապատկել ընկերությունների ֆինանսական օգնությունը՝ յուրաքանչյուրին տրամադրելով 200 միլիարդ դոլար։ Սակայն դա, ըստ երեւույթին, դեռեւս չի շտկել իրավիճակը, քանի որ FANNIE MAE-ի վնասը 2009-ի առաջին եռամսյակում կազմել է 50.1 միլիարդ դոլար։ Նշենք նաեւ, որ վերլուծաբանների կարծիքով՝ հենց այս երկու ընկերությունների ֆինանսական խնդիրները սկիզբ դրեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամին։

EADS-ի շահույթը նվազել է

Ավիատիեզերական եւ պաշտպանական եվրոպական կոնցեռնը (EADS) հայտարարել է, որ 2009թ. առաջին եռամսյակում իրենց շահույթը նվազել է 40%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ինչպես գրում է «The Wall Street Journal»-ը, կոնցեռնի շահույթը կազմել է 170 միլիոն դոլար, իսկ ընդհանուր հասույթը նվազել է 14%-ով՝ կազմելով 8.47 միլիարդ դոլար։ Շահույթի՝ նման կտրուկ անկման պատճառը քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ պահանջարկի նվազումն է, ինչպես նաեւ՝ ռազմական A400 օդանավերի մատակարարման հետաձգման պատճառով առաջացած տուգանքները։ Գործառնական շահույթը՝ առանց տուգանքների, հարկերի եւ տոկոսների վճարման, նվազել է 70%-ով։ Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ չնայած եռամսյակային վատ ցուցանիշներին, EADS-ը հույս ունի այս տարվա ընթացքում 300 ինքնաթիռի պատվեր ստանալ։ Սակայն առաջին 4 ամիսների ընթացքում գնորդները պատվիրել են ընդամենը 30 ինքնաթիռ։ Նշենք նաեւ, որ կոնցեռնի գլխավոր մրցակիցը՝ ամերիկյան Boeing ավիակոնցեռնը, ավելի վաղ հայտարարել էր շահույթի կրկնակի նվազման մասին։

Ճգնաժամը մաքսանենգություն է ծնում

Բելառուսական սահմանի վրա ծխախոտի մաքսանենգության համար ձերբակալված անձանց թիվը նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ աճել է։ Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերում է Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներին։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամլո քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն։ «Պատճառը, որը եվրոպացիներին ստիպում է խախտել օրենքը, հավանաբար ճգնաժամն է»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ երեկ առավոտյան բելառուսա-լատվիական սահմանի վրա ձերբակալվել է Լատվիայի մի քաղաքացի, որի բեռնատար մեքենայի կողային պատերի եւ հատակի մեջ թաքցված է եղել 20 հազար տուփ ռուսական ծխախոտ` ՌԴ ակցիզային դրոշմանիշերով։ Մեկ օրվա ընթացքում Բելառուսի սահմանապահները բացահայտել են ծխախոտի մաքսանենգության 3 դեպք։ Նշենք, որ մաքսանենգները նախապատվությունը տալիս են հենց այս ապրանքատեսակին, քանի որ ծխախոտի գինը Եվրամիության երկրներում մի քանի անգամ ավելի թանկ է, քան Ռուսաստանում։