Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու մասին եւ գրանցել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: Նշենք, որ 2004 թ. գործունեության արդյունքներով, շուկայում գերիշխող է եղել կրկին Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդը», որն այնուհետեւ կորցրել է իր դիրքը, եւ գերիշխող է ճանաչվել «Մառնիկ» ընկերությունը: Իսկ 2008 թ. իրացման ծավալներով (ամբողջ շուկայի մոտ 48%-ը) «Ալեքս Գրիգը» եղել է առաջինը: «Մառնիկի» իրացման ծավալները կազմել են շուկայի մոտ 12%-ը: Ուշագրավ է, որ երրորդ տեղում եւս Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է` «Սալեքս Գրուպը»: 2008թ. շուկայում գործել է 23 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 14-ը զբաղվել է ներկրմամբ, 7-ը` արտադրությամբ: Առավել մեծ արտադրության ծավալ են ունեցել «Դուստր Մարիաննա» (կարագի ընդհանուր արտադրության ծավալի 73%), «Աշտարակ Կաթ» (18%) եւ «Երեւանի քաղաքային կաթի գործարան»(5%) ընկերությունները: Հիշեցնենք, որ ՀՏՄՊՊՀ-ն մոնիտորինգ էր իրականացնում կարագի շուկայում եւ արձանագրել էր 2009 թ. մարտի 3-5-ը դրամի փոխարժեքի տատանումների պատճառաբանությամբ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից կարագի իրացման գների բարձրացումներ: Հանձնաժողովը վարույթ էր հարուցել հնարավոր հակամրցակցային համաձայնությունների կամ մրցակցության կանոնների հնարավոր խախտումների բացահայտման նպատակով: Համաձայն հանձնաժողովի երեկ տարածած հաղորդագրության, վարույթի ընթացքում պարզվել է, որ ըստ կարագի շուկայում գործող տնտեսվարողների ներկայացրած տվյալների, շուկայում գործող 23 տնտեսվարողներից 10-ը 2009 թ. փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում կարագի իրացում չեն կատարել, իրացնող 11 տնտեսվարողներից գնաճ է նկատվել 3-ի մոտ. «Ալեքս Գրիգը»՝ շուրջ 3%-ով, «Մառնիկը»՝ 10%-ով, «Ակտասակը» (իրացման բաժինը 0,03 %)` 17,24%-ով: Այդ հաղորդագրության համաձայն, ամփոփելով ուսումնասիրության եւ մոնիտորինգի արդյունքները` հանձնաժողովը պարզել է, որ 2009 թ. մարտի 3-5-ը կարագի իրացման գների բարձրացումներ արձանագրվել են հիմնականում իրացման մանրածախ ցանցում, իսկ արդեն մարտի երկրորդ կեսից տարադրամի շուկայում աժիոտաժի, խուճապային տրամադրությունների վերացումից եւ փոխարժեքի կայունացումից հետո նկատվել է կարագի իրացման գների նվազում: Ուստի հանձնաժողովը դադարեցրել է կարագի շուկայում հարուցված վարույթը: Հանձնաժողովը վարույթ էր հարուցել նաեւ բուսական յուղի շուկայում: Վարույթի ընթացքում հավաքագրված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ, փաստացի, 2009թ. փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բուսական յուղ ներկրող եւ իրացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից չի իրականացվել միանման եւ միասնական գնային քաղաքականություն: Այդ ժամանակահատվածում բուսական յուղի շուկայում գործող տնտեսվարողների կողմից կիրառվող գները մի մասի մոտ մնացել են անփոփոխ, որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ նվազել են, իսկ որոշ դեպքերում աճել են, ընդ որում` տարբեր տոկոսներով, տարբեր օրերի եւ տարբեր պատճառաբանությամբ: Հանձնաժողովը երեկ դադարեցրել է նաեւ այս վարույթը: