Կանայք` Երեւանի մասին

14/05/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խրուշչովյան հալոցքը, հովվերգական Երեւանն ու երեւանցու անժպիտ դեմքերը երեկ «Հայելի» ակումբում հիշեցին գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն ու Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Քննարկման առանցքը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն էին ու այն հարցադրումը, թե երեւանցին ի՞նչ Երեւանի մասին է երազում: ՍԴՀԿ ատենապետը ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունների համար եկել է թափանցիկ ընտրություններ անցկացնելու եզակի հնարավորության ժամանակը, ու այդ պարագայում Հայ Ազգային կոնգրեսը կհաղթի: «Եթե ընտրություններն այդպիսին լինեն, ես կարծում եմ, որ ընդդիմությունը միանշանակ հաղթանակ է տանելու: Եվ ունենալով ժողովրդի քվեն` ընդդիմությունը դառնալու է լրջագույն հակակշիռ ոչ լեգիտիմ իշխանություններին: Գալով իշխանություն՝ մենք բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, որ պիտի լուծվեն»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Այնուհետ Հայ Ազգային կոնգրեսի ցուցակում գտնվող ՍԴՀԿ ատենապետը խոսեց ՀԱԿ-ի երկու մասից բաղկացած ծրագրի մասին, որի առաջին հատվածը քաղաքական էր, երկրորդը ներառում էր Երեւանի հոգսերն ու հիմնախնդիրները: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` իրենց համար առաջնային խնդիրներից է ավազակապետական կոռուպցիոն բուրգի կազմաքանդումը, մարդու սահմանադրական իրավունքների վերականգնումը, ինչպես նաեւ այն, որ երեւանցուն պետք է վերադարձնել ժպիտը: «Քաղաքապետարանի թույլտվությամբ բացվել են բազմաթիվ խոռոչներ, որտեղ բացվել են խանութներ, կառուցապատվել են շենքերի կտուրները եւ վերածվել տարբեր կարգի շահութաբեր օբյեկտների: Վերացվել են պուրակները` վերածվելով սրճարանների, որոնք ուղղակի լցնում են որոշ օլիգարխների գրպանները»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը: Իսկ Ալվարդ Պետրոսյանը տարակուսեց, թե երբեւէ երեւանցին ժպիտ ունեցել է: «Ես չեմ հիշում ժպտացող երեւանցիներին: Ես Եվրոպայի սպասարկման կետերում եմ հիշում ժպտացող մարդկանց, որոնք փողով էին վաճառում իրենց ժպիտը»,- հայտարարեց դաշնակցականը: Վերջինս «ուշացած կարոտախտով» հիշեց 1965թ. հետո Երեւանը, որի մասին իր էսսեի դառը ու ոչ քաղցրախոս նկարագրություններն անգամ արժանացան խորհրդային Հայաստանի վերջին մրցանակին: Մինչդեռ այսօր եւս Ալվարդ Պետրոսյանը ցավով է նշում Երեւանի նկատմամբ իր սերնդի ոչ հիացական ընկալումները: «Ուրախ եմ, որ մենք անընդհատ ասում ենք՝ թամանյանական Երեւան, բայց չկար այդ Երեւանը: Ոնց որ ավետյաց երկրի հուշ լինի»,- ասաց գրող-հրապարակախոսը, ով խոսում է ոչ թե «ուշացած կարոտախտով», այլ քաղցր ու երազային:

Ալվարդ Պետրոսյանը հիշեց այն ժամանակների հոգեւոր Երեւանի հովվերգական պատկերը, երբ Մերձբալթյան երկրներից հասնում էին Երեւան, որ քաղաքի սրճարաններից մեկում մի բաժակ սուրճ խմեն ու շփվեն երեւանյան բոհեմի հետ: «Ես սիրում եմ էս Երեւանը իր Հյուսիսային պողոտայով, որը բնակեցված է, բայց դեռ կենդանացված չէ»,- ասաց գրողը, ում հուշերում դեռ նույն թարմություն ունեին նաեւ նախկին Երեւանի կենտրոնի «կարիճանոցները», «Մոնումենտից» բացվող նողկալի տեսարանները, որտեղ կավաշեն տներ էին` կենցաղային վատ պայմաններով: «1988թ. ազգային զարթոնքը ձեւավորվեց սրճարաններում եւ հատկապես՝ Գրողների միության նշանավոր փոսում: Այդտեղ էր միտքը։ Դա փարիզյան մոդելն է հիշեցնում»,- ասաց Ալվարդ Պետրոսյանը: Վերջինիս կարծիքով՝ այս ընտրությունները դեպի ժողովրդավարություն տանող ուղիներից մեկն է: «Այն, ինչ հիմա կա, հոգեզուրկ է: Դրա համար էլ մենք սիրում էինք մեր կավաշեն, տգեղ տանիքներով Երեւանը, որովհետեւ իմաստ կար մեր կյանքում»,- ասաց նա: Այնուհետ երկու բանախոսները հիշեցին, թե ինչպիսին էր Երեւանը նախկին նախագահների օրոք: