«Մանթրաժից խմում եմ»,- ասում է չորս երեխաների ազատամարտիկ հայրը

14/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

9-ամյա Հարությունին լուսանկարելիս ստիպված եմ անընդհատ խնդրել, որ խոնարհած գլուխը բարձր պահի ու աչքերը կախելու փոխարեն` ուղիղ նայի լուսանկարչական խցիկին: Փոքրիկ տղան ինքն իրենից ամաչելով՝ հնարամիտ հայացքով նայում է մաշված հողաթափերին ու վարպետորեն ոլորելով ոտքերը՝ փորձում է այնպես անել, որ պատկերիս մեջ չարտացոլվեն ճղված-պատառոտված հողաթափերը: Դեպի երկինք ձգվող, բայց թոշնող խոտաբույսի նման ճկվում, ինքն իրեն փակում է, որ հանկարծ ինչ-որ մեկի մոտ խղճահարություն չառաջացնի: Արդեն քանի ամիս է, ինչ դպրոց չի գնում միայն նրա համար, որ կոշիկ չունի: 3-րդ դասարանցի Հարությունն ամեն դեպքում համառորեն կարծում է, որ էս երեք միլիոնանոց բնակչություն ունեցող հանրապետության մեջ ծնողները գտնելու են աշխատանք եւ կարողանալու են երկու զույգ կոշիկ գնել, մեկն` իր, մյուսն էլ՝ քրոջ` Լուսինեի համար: Ասում է` «Ես սիրում եմ սովորել, ուզում եմ դպրոց գնալ, բայց դամաշնիկով դպրոց գնալ… Երբ կոշիկ ունենամ` կգնամ, լավ կսովորեմ, որ ոստիկան դառնամ: Հանցագործներին կբռնեմ, իսկ բարի մարդկանց կպարգեւատրեմ: Թե չէ…»: Հետո Հարությունը նայում է շուրջը, որը դատարկ է ու անմարդ, եւ սկսում է անկեղծանալ: «Ես հո ծաղրատեղ չեմ, որ էս դամաշնիկներով գնամ, բոլորը կխնդան, երեխեքը ինձ չեն հասկանա»,- ասում է նա, ու թանձր թարթիչների շարժումները ծանրանում են: Հարությունն ուզում է զայրույթից լաց լինել, բայց մեծ տղամարդու նման դառնությունը խեղդում է կոկորդում: Փոքրիկ տղայի տխրությունը պտտահողմի արագությամբ նրան տանից դուրս է շպրտում, որ հանկարծ ինչ-որ մեկի մոտ խղճահարություն չառաջացնի:

Հարությունը Ղարաբաղյան պատերազմի մասնակից Մեսրոպի եւ Ալվարդի չորս երեխաներից մեկն է: Նրանց երկու աղջիկներն արդեն չափահաս են, իսկ դպրոցականներ Հարությունն ու Լուսինեն կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն գնում: Շուտով հավանաբար նրանց Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցից կհեռացնեն: Երկրորդ դասարանցի Լուսինեն խնդրում է, որ իրեն հարցեր չտամ, բայց հագի գորտի բերանի պես բացվածքով կոշիկները խոսում են նրա փոխարեն: Տիկին Ալվարդը բարկությունը զսպած` նայում է ամուսնուն ու չի համարձակվում ազատ խոսել, որովհետեւ ամուսնու հայացքի մեջ սաստող արտահայտություն կա: Միայն ասում է, որ լույսի պարտքն իրենց խեղդում է, ահագին ժամանակ մթության մեջ են ապրել, իսկ հիմա «լուսավորվել» են Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված էլեկտրիկի «բարեհոգության» շնորհիվ: Էլեկտրիկը խոստացել է էլեկտրականության պարտքի համար «մի բան անել»: «Էլեկտրոն» գործարանում երկար տարիներ աշխատած ամուսինները գործազուրկ են: Տիկին Ալվարդը վստահեցնում է, որ թեկուզ հավաքարարի աշխատանք գտնելու համար հարյուրավոր դռներ է թակել, սակայն մերժվել է: Մեսրոպին հարցնում եմ` «Ամենուր շինարարություն է գնում. չե՞ք կարողանում գոնե բանվորի աշխատանք գտնել»: Զայրացած պատասխանում է` «Ո՛ւր ա, է՞, էդ աշխատանքը: Էդքան որ ասում եք՝ շինարարության գործը թափած ա, ո՞նց ա թափած, որ էդքան ման ենք գալիս, բայց ոչ ոք բանվոր չի ուզում»: Մեսրոպը, եթե պատահի, շաբաթվա մեջ մի քանի օր բանվորություն է անում` քար է թափում, բեռներ է տեղափոխում, բայց դրանից ստացած եկամուտն ընդամենը մի քանի հազար դրամ է: Ասում է` «Շաբաթը մեկ քար թափելով ու մի 2000 դրամ աշխատելով կարա՞ս չորս երեխա պահես»: Որպես ազատամարտիկ՝ չի օգտվում որեւէ արտոնությունից, որովհետեւ համարում է` «Օգտվողներն արդեն օգտվել ու հարստացել են, իսկ մենք էդ մուրողներից չենք: Իմ երեխեքը մի օր սոված, մի օր ցամաք հացով ապրում են»: Հոր խոսքերից չարացած՝ արհամարհանքի արտահայտություն է շպրտում 19 տարեկան բավականին նրբագեղ Հասմիկը: Հասմիկն ատելությամբ հետեւում է Մեսրոպի մեկնաբանությանն ու ցասումն աննկատ արտահայտում է այս խոսքերով` «Բայց արաղի փող ճարում ա»: Մեսրոպի աչքերից բարկության այնպիսի որոգայթ է ժայթքում, որ Հասմիկը տեղում չորանում է: Իրավիճակը փրկելու ու Հասմիկին խնայելու համար փորձում եմ լուսանկարել: «Վա՛յ, չէ՛, խնդրում եմ, ինձ մի նկարեք: Ամաչում եմ»,- ասում է Հասմիկն ու հոր անխոս, բայց կռվող հայացքից նեղված հեռանում է: Մեսրոպին հարցնում եմ` «Ինչո՞ւ եք խմում»: Պատասխանում է` «Մանթրաժից»: Հետո բացատրում է, որ չորս երեխա ունեցող տղամարդու համար սեփական երեխայի քաղցն «անդուր» բան է: Եթե չխմի` ինֆարկտ կստանա: Ասում է` «Ներվերս թուլացնում եմ, թե չէ հիմա վաղուց անհեր էին մնացել»: Հետո պատմում է Ղարաբաղում կռված տարիների մասին, երբ տունն ու տեղը թողած՝ հավատում էր, որ ինքը սահմաններում կռվում է հանուն իր երեխաների ու հանուն մեզ: Հետո ցույց է տալիս վիրավոր ոտքը, որի միջից արկի բեկորը հանելիս կարողացել է դիմանալ, բայց հիմա իրեն տվել է հարբեցողության, որովհետեւ չի դիմանում երեխաների թշվառ վիճակը տեսնելիս: Մեսրոպն ուզում է ալկոհոլի հանդեպ իր կապվածությունն արդարացնել, բայց հասկանում է, որ չորս երեխաների համար իր «ապրելակերպն» անարդար է: Իմ ներկայությամբ ընտանիքի բոլոր անդամները խմիչքի թեմայից դյուրագրգիռ են դառնում, անգամ Հարությունն, ով էս աշխարհի ամենամեծ արդարությունն իր չունեցած կոշիկներն էր համարում: Տիկին Ալվարդը վերհիշում է Մեսրոպի բացակայության ժամանակ կրած տառապանքների մասին. «Մարտակերտում էր, ես էլ էստեղ՝ անօգնական, երեխեքի հետ: Թեժ գծում հագի կուրտկեն տվել էր մի ուրիշ կռվողի: Էդ մարդը մինի վրա տրաքել էր, դիակը չեն էլ տվել, Եռաբլուրում թաղել են: Զոհվածի կուրտկայից հասկացել են, որ Մեսրոպն ա պայթողը: Ուղիղ մեկ տարի սգացել ենք: Հասկանո՞ւմ եք, երբ բոլորս գիտեինք, թե Մեսրոպն էլ չկա: Արդեն «թաղել» ենք, համակերպվել ենք մեր սգի հետ, բայց զինադադարից հետո մեկ էլ Մեսրոպն եկավ…»:

Զինադադարից հետո Մեսրոպն եկավ, բայց դեռ շարունակում է կռվել: Կռվում է ինքն իր դեմ, իր անճարությունից կռվում է էն թշնամու դեմ, որը գործազրկության, անարդարության ու աղքատության թրով անվերջ հալածում է իրեն: Իսկ երբ այլեւս ուժասպառ է լինում` դառնում է ալկոհոլի գերին: Իսկ երբ դառնում է ալկոհոլի գերին` բոլորը կռվում են իր դեմ: