Անեմիան կամ սակավարյունությունը բնորոշվում է էրիտրոցիտների քանակի պակասով: Սակավարյունության առաջացման պատճառներն ու մեխանիզմները տարբեր են, իսկ դրանց ճիշտ ախտորոշումը մեծ նշանակություն ունի բուժում նշանակելու համար:
Անեմիայի ժամանակ նկատվում է էրիտրոցիտների ոչ միայն քանակային, այլ նաեւ որակային փոփոխություն: Օրգանիզմում սկսում է առաջանալ հյուսվածքների թթվածնային քաղց: Երբեմն զարմացնում է հիվանդի ակտիվ պահվածքի ու ծանր հիվանդության համակցությունը: Արտահայտված անեմիայի արագ զարգացման արդյունքում օրգանիզմում սկսում են ի հայտ գալ տարբեր խանգարումներ, ինչն առաջին հերթին ազդում է կենտրոնական նյարդային համակարգի ու սրտի վրա: Հիվանդները սկսում են գանգատվել գլխապտույտներից, զգալ գերհոգնածություն, թուլություն, հիշողության վատացում, ականջներում խշշոց, զգացվում են նաեւ կրծքավանդակի շրջանում ցավեր, տախիկարդիա ու շնչարգելություն: Անեմիան ըստ առաջացման տեսակի՝ բաժանվում է մի քանի խմբի:
Խուլ հետհեմորրային անեմիան առաջանում է միանգամից, բայց զանգվածային արյան կորստից: Նման դեպքերում պատճառներ են հանդիսանում արտաքին վնասվածքները` վերքերը, երբ վնասվում է անոթ, կամ արյունահոսությունը ներքին օրգաններում է տեղի ունենում: Ավելի հաճախ հանդիպում են աղեստամոքսային տրակտի եւ որովայնային արյունահոսություններ (օրինակ` արտարգանդային հղիության դեպքում): Միջինում արյան կորուստը համարվում է 500մլ: Այս դեպքում նկատվում է մաշկի գունատություն, գլխապտույտ, ուշագնացության նշաններ, թեթեւ քրտինք, ցնցումներ, կարող է ընկնել մարմնի ջերմաստիճանը: Էրիտրոցիտների կտրուկ նվազման արդյունքում ընկնում են շնչառական ֆունկցիաներն, ու սկսվում է հիպոքսիա` թթվածնային քաղց: Պետք է իմանալ, որ անեմիայի այս տեսակը, որը կապված է արյան կորստի հետ, իր մասին զգացնել է տալիս մեկ-երկու օր հետո: Նման դեպքում ճիշտ է կատարել արյան փոխներարկում: Սակավարյունության այս տեսակն ունի նաեւ իր քրոնիկական տարբերակն, օրինակ` ստամոքսի խոցի դեպքում, ուռուցքի, թութքի կամ ասենք` կանանց մոտ առատ ու երկարատեւ դաշտանի հետեւանքով:
Գոյություն ունի երկաթադեֆիցիտային անեմիա: Սա ամենահաճախ հանդիպող տեսակն է: Այն առաջանում է օրգանիզմում երկաթի պակասից, ինչի արդյունքում խախտվում է հեմոգլոբինի առաջացման պրոցեսը: Անեմիայի այս տեսակի պատճառ կարող են հանդիսանալ դիետաները, սննդային սահմանափակումները:
Անեմիայի տեսակներ էլ կան, որ առաջանում են ողնուղեղի աշխատանքի խանգարման պատճառով: Գոյություն ունի նաեւ սակավարյունության ժառանգականության փաստ, որի բուժումը հնարավոր է համարյա 100 տոկոսով:
Սակավարյունության դեպքում կիրառվող ժողովրդական միջոցներ
– Պետք է շատ օգտագործել ծիրան` թարմ կամ ծիրանաչիր: Ըստ հետազոտությունների` արյունաստեղծման գործում 100գ ծիրանն ունի նույնչափ նպաստավոր ազդեցություն, որքան 40գ երկաթը կամ 250գ թարմ լյարդը:
– Օգտագործել անտառային գետնամորու թարմ պտուղները: Այն նույնիսկ կարելի է սառեցնել եւ օգտագործել ձմռանը: 1 ճաշի գդալ գետնամորու տերեւների վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել մոտ 15 րոպե: Խմել օրը 1 անգամ` 1 բաժակ` ուտելուց առաջ:
– Վերցնել հավասար քանակությամբ մասուրի եւ ազնվամորու պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա ավելացնել 1 բաժակ եռջուր եւ թրմել 15-20 րոպե: Թուրմն ընդունել գոլ վիճակում` օրը 3 անգամ:
– Վերցնել հավասար քանակությամբ եղինջի տերեւներ ու արոսի պտուղներ: 1 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռջուր: Թուրմն ընդունել գոլ վիճակում, օրը 3 անգամ:
Իսկ ընդհանրապես ճիշտ է տարվա մեջ մեկ անգամ մաքրել արյունը: Արյան մաքրման համար կարելի է վերցնել 15գ եղինջ, 50գ գնարբուկի թերթիկներ, 50գ սեւ թանթրվենու բողբոջներ եւ 15գ խատուտիկի արմատ: Մեկ թեյի գդալ այս խառնուրդից լցնել 200գ եռացրած ջրի մեջ: 3-5 րոպե թրմելուց հետո խմել օրը 2 անգամ` ուտելուց առաջ: Կարելի է խմել խառնելով մի քիչ մեղրի հետ:
Արյունը հիանալի մաքրում է խատուտիկի արմատներից պատրաստած թեյը: Մեկ թեյի գդալ չորացրած-մանրացրած արմատները լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել 1 ժամ թերմոսում: Խմել ուտելուց 30 րոպե առաջ, ու այսպես` 7 օր:
Արյան որակը բարձրացնում է, եթե 1 ճաշի գդալ թեփով գարին, 0,5 բաժակ կիտրոնի հյութը, 3 թեյի գդալ մեղրը խառնենք 300մլ եռացրած ջրի հետ ու 3 ժամ թրմենք թերմոսում: Հետո այն որպես թեյ կարելի է խմել ողջ օրվա ընթացքում:
Վերցնել 2կգ թուրինջ, 1կգ նարինջ, 1կգ կիտրոն եւ անցկացնել հյութաքամիչով, հյութը բաժանել 3 մասի եւ խմել 3 օր: Բուժումից առաջ ցանկալի է մաքրել աղիները:
Իհարկե, նշված բոլոր դեղատոմսերը գործածելուց առաջ ցանկալի է խորհուրդ հարցնել բժշկից, որովհետեւ նույնիսկ ցիտրուսային կուլտուրաներից հնարավոր են ալերգիաներ, էլ չենք խոսում դեղաբույսերի մասին: