Գրքի շուկա

20/07/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Վիճակագրություն

2004 թվականին Հայաստանի Ազգային Գրապալատը գրքի տպագրության ISBN
համարանիշ է տվել շուրջ 1540 անուն գրքի: Ինչպես տեղեկացնում է Գրապալատի
տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, «Հրատարակության պարտադիր օրինակի մասին»
օրենքի բացակայությունն այժմ հնարավորություն չի տալիս ստույգ իմանալ՝ այդ
գրքերից քանի՞սն են լույս աշխարհ եկել: Նրա կարծիքով՝ գոնե 1400 անուն
գիրք տպագրված կլինի:

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից տեղեկացնում են՝ 2004-ին
տպագրվել է 970 անուն գիրք՝ 427.000 ընդհանուր տպաքանակով, այդ թվում՝
դասագրքեր, գեղարվեստական եւ մանկական գրականություն, գրականության
պատմություն եւ գրաքննադատություն, պատմություն եւ կենսագրություններ,
փիլիսոփայություն, կրոն եւ աստվածաբանություն, սոցիոլոգիա եւ
վիճակագրություն, քաղաքականություն, տնտեսագիտություն, իրավունք, պետական
կառավարում, սոցիալական ապահովում, ռազմական արվեստ եւ գիտություն,
կրթություն եւ մանկավարժություն, առեւտուր, տրանսպորտ, տուրիզմ,
ազգագրություն, մարդաբանություն, բանասիրություն, մաթեմատիկա, բնական
գիտություններ, բժշկագիտություն եւ առողջապահություն, ճարտարագիտություն,
աշխարհագրություն, գյուղատնտեսություն եւ անասնապահություն,
տնավարություն, արվեստ, պլաստիկական եւ գրաֆիկական արվեստ,
լուսանկարչություն, երաժշտություն, բեմական արվեստ, խաղեր, սպորտ:

Միայն 2004 թվականին, ինչպես տեղեկացնում է Մաքսային պետական կոմիտեն,
Հայաստան է ներկրվել 90 տոննա գիրք` 247 մլն դրամ մաքսային արժեքով,
արտահանվել է 8,1 տոննա` 87,6 մլն դրամ արժեքով: 2005 թվականի առաջին
կիսամյակի պատկերն այսպիսին է. ներմուծում` 214,1 տոննա, մաքսային արժեքը`
756,3 մլն դրամ, արտահանում` 36 տոննա, մաքսային արժեքը` 86,7 մլն դրամ:

Առաջարկ եւ պահանջարկ

Գրավաճառությամբ զբաղվողները նշում են, որ վերջին 1-2 տարիներին գրաշուկայում նկատելի առաջընթաց կա:

«Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ՝ մեր օրերում, գրքի հիմնական
գնորդները երիտասարդներն ու մանուկներն են»,- ասում է «Նոյյան Տապան»
գրախանութի գրքերի բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանը: Հետեւաբար գրքի շուկայում
առաջարկը որոշվում է հենց նրանց պահանջարկով: Այսօր մեր երիտասարդությունը
հիմնականում փնտրում է հայատառ մասնագիտական գրականություն: «Մասնագիտական
այն գրականությունը, որ տպագրվել է խորհրդային տարիներին, այսօր այլեւս
արդիական չէ,- ասում է Հ. Մկրտչյանը,- այդ բացը որոշակիորեն փորձում ենք
լրացնել դրսից համապատասխան գրականության ներմուծմամբ, ներմուծում ենք
ամենատարբեր բնագավառների ռուսալեզու գրականություն»: Ներկրման հիմնական
աղբյուրը Ռուսաստանն է: «Այսօր ռուսալեզու մասնագիտական գրականությունը
շատ զարգացած է,- ասում է Հ.Մկրտչյանը,- դրանք հիմնականում
փոխադրություններ են անգլերենից եւ միջազգային մասշտաբով կարեւորագույն
աշխատություններ են, ցանկալի կլիներ, որ դրանց հայերեն տարբերակները
լինեին»:

Այս առումով որոշ հրատարակչություններ քայլեր անում են. «Սակայն նրանց
տպագրած գրքերը եւ բովանդակային առումով են անբավարար, եւ տեսականու»:
Այսօր մեծ է նաեւ բառարանների խնդիրը: «Օրինակ, մինչեւ օրս մենք օգտվում
ենք Ղարիբյանի՝ 80-ականներին հրատարակված «Ռուս-հայերեն բառարանից»,
սակայն այն այժմ թերի է, գոնե կարելի էր վերամշակել եւ նորից հրատարակել»:
Այս առումով ոլորտին իրազեկները նշում են «Զանգակ-97» հրատարակչության
ներդրումը, որը վերջին տարիներին բազմաթիվ բառարաններ է տպագրել՝ եւ
դպրոցական մակարդակի, եւ երկլեզվյա, եւ մասնագիտական. «Սակայն եթե խոր
ուսումնասիրության ենթարկենք, դրանց մակարդակն էլ է անբավարար,- գտնում է
Հ. Մկրտչյանը,- նման ծավալի աշխատանքը մեկ հեղինակի կամ մեկ
հրատարակչության ջանքերով հնարավոր չէ անել, այստեղ պետական մեծ
աջակցություն է անհրաժեշտ»:

Հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանն էլ է
համաձայն, որ այս գործում պետական աջակցություն անշուշտ անհրաժեշտ է, բայց
նաեւ ասում է. «Մասնագիտական գրականության, բառարանների ստեղծումը բուհերի
կամ առանձին գիտնականների ու գիտական խմբերի գործն է, եթե գիտնականը զգա,
որ այդ գրքի կամ բառարանի պահանջարկը կա, ինքն անձամբ կնախաձեռնի դրա
հրատարակումը»:

«Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը հավաստիացնում է, որ իրենք
ներմուծվող գրականության խնդրում որեւէ խտրականություն չեն դնում, միայն
հաշվի են առնում տեղում հրատարակված գրականության ցանկը. «Եթե այստեղ
հրատարակվել է, ենթադրենք, հայերեն լեզվով բանկային գործ, աշխատում ենք
նման գրականություն քիչ ներմուծել, որովհետեւ գնորդը սովորաբար գերադասում
է հայերենը»: Իսկ ընդհանրապես՝ «Ներմուծում ենք ամեն տիպի գրականություն,
որովհետեւ ամեն ինչ էլ պետք է»:

«Մենք տեղական հրատարակիչներից դժգոհելու իրավունք չունենք,- գտնում է Խ.
Վարդանյանը,- որովհետեւ նրանց հնարավորությունները խիստ սահմանափակ են, եւ
հնարավոր չէ տեղում ամբողջ պահանջարկը բավարարել, հատկապես՝ մասնագիտական
եւ օտարալեզու գեղարվեստական գրականության հարցում»: Բացի այդ,
ընթերցողների շրջանակն է շատ նեղ եւ գնողունակությունը փոքր: «Տարեկան
1000 կտոր գիրք եթե վաճառում ենք, ուրախանում ենք»,- ասում է «Բուկինիստի»
տնօրենը:

Ինչպես հավաստիացնում է «Բուկինիստի» փոխտնօրեն Լորիս Վարդանյանը՝ իրենց
մոտ վաճառվող ռուսական հրատարակությունների գներն առանձնապես չեն
տարբերվում մոսկովյան կենտրոնական գրախանութների գներից, որովհետեւ
հրատարակչությունների հետ փոխշահավետ պայմանագրեր ունեն: «Ես հիմա չեմ
կարող ասել՝ հայ գնորդը հատկապես ի՞նչ գրականություն է նախընտրում,
որովհետեւ մենք ամեն կարգի գրականություն էլ բերում ենք, եւ չկա այդպիսի
գիրք, որ բերենք ու չվաճառվի։ Գուցե անմիջապես չվաճառվի, բայց որակյալ
գիրքը մի օր անպայման գտնում է իր գնորդին»,- ասում է Լ.Վարդանյանը:
Այստեղ այսօր կարելի է պատվիրել ցանկացած ժամանակակից ռուսական
գրահրատարակչական արտադրանք, պատվերն ամենաուշը 1-1,5 ամսվա ընթացքում
հնարավոր է կատարել՝ հավաստիացնում են «Բուկինիստի» աշխատակիցները: «Իսկ
ընդհանրապես գրքերի վաճառքը սեզոնային բնույթ է կրում,- ասում է
Լ.Վարդանյանը,- դպրոցական դասագրքերը սեպտեմբերին են վաճառվում, բուհական
դասագրքերը՝ քննաշրջանների ժամանակ, մանկական գրականությունը վաճառվում է
ամռանը, եւ ընդհանրապես ամռանը գեղարվեստական գրականությունը լավ է
վաճառվում՝ մարդիկ հավանաբար արձակուրդ են գնում եւ գիրք կարդալու ավելի
շատ ժամանակ են ունենում»:

Գրքի ներկրմամբ զբաղվողներն այսօր աշխատում են հիմնականում ԱՊՀ երկրների
հրատարակչությունների հետ, որոնք, բացի իրենց տպագրած գրքերից, առաջարկում
են նաեւ այլ հրատարակիչների ուշագրավ գործեր: Գրքի, այսպես ասած, «սեւ
շուկայի» հետ աշխատում են գործ չունենալ. «Որովհետեւ լրացուցիչ հարկային
ծախսեր են առաջանում»,- ասում է «Բուկինիստի» տնօրենը:

Գրքի հայկական սեւ շուկայում

Մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումում կամ վերնիսաժում
անմիջապես գետնի վրա դարսված գրքերի մարդաբոյ կույտերի մեջ կարելի է գտնել
եւ գնել ամենաանհավանական գրականությունը: Գրավաճառները գնորդ գրավելու
ամենատարբեր մեթոդներ են կիրառում՝ սկսած «ինչքան փող ունես ու ինչ գիրք
ես ուզում՝ կհարմարվենք» տարբերակից: Կապ չունի՝ ինչքան փող ունես՝ նրանք
անպայման մեկ, նույնիսկ միանգամից «բիրիքով» մի քանի գիրք կարող են
առաջարկել: Ի տարբերություն գրախանութների, այստեղ հիմնականում խորհրդային
շրջանում հրատարակված գրքեր են: «Էս գրքերը, որ տեսնում ես,- գրքերի
հսկայական կույտերն էր ցույց տալիս մի գրավաճառ,- 8-10 տարվա ընթացքում են
հավաքվել»: Երբեմն ամբողջական գրադարաններ են անվճար կամ շատ էժան գներով
հանձնվում գրավաճառներին: «Մարդը կամ տունը ծախել, արտասահման է գնում,
կամ հացի փող չունի՝ ստիպված գրքերը տնից հանում է»,- ասում են
գրավաճառները: Գրքերի գներն այստեղ ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում:
Ամենաէժան գիրքն արժեր 500 դրամ: Այդքան էր Մահարու «Ծաղկած փշալարերը»:
Սա՝ առանց սակարկելու: Սակարկելու դեպքում՝ Մահարու հետ միաժամանակ կարող
են առաջարկել նաեւ Շիրվանզադե: Հայ դասականների գները տատանվում են՝
կախված նրանից՝ դպրոցական կամ բուհական ծրագրում տվյալ հեղինակն
ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ: Սարոյանի չորսհատորյակն արժեր 3000 դրամ, գրավաճառը
խնդրում էր՝ «Առ, էլի, երեք տարի ա տանում-բերում եմ»: Գրավաճառները
բողոքում են՝ օրական մեկ-երկու գիրք հազիվ է վաճառվում: Ասում են՝
«Շաբաթվա ընթացքում եթե մի քանի տուրիստ մի քանի գիրք առնի, համ յոլա
կգնանք, համ էլ էս տարածքի վարձը կտանք»: «Երիտասարդականի» գետնանցումի
գրավաճառներն օրական 2000 դրամ «տեղի վարձ» են տալիս: «Պետք չէ վախենալ,
որ այսօր ամեն քայլափոխի գետնին կամ պատերի տակ շարած գրքեր կան,- գտնում
է Հրատարակչական գործի գործակալության պետ Է. Միլիտոնյանը,- գիրքը պետք է
ամեն վայրկյան մարդկանց աչքի առաջ լինի, նրանք ժամանակ չունեն երկար գիրք
փնտրեն, ուրիշ բան՝ որ քաղաքապետարանը կամ գրավաճառներն իրենք գրքերը
ցուցադրելու համար տանելի պայմաններ ստեղծեն»: Գրախանութներն այսօր
բազմաթիվ ընթերցողներից դասական հայ գրականության պատվերներ են ունենում,
հենց այն գրքերի, որոնք խորհրդային տարիներին մեծ տպաքանակներով
հրատարակվել են, եւ այսօր հեշտությամբ կարելի է սեւ շուկայում գտնել:
«Սակայն մարդիկ չեն ուզում փոշոտ, արեւի տակ դեֆորմացված գիրք գնել»,-
ասում էր «Նոյյան Տապան» գրատան աշխատակիցը: «Իսկ այդ գրքերը դնել-նորից
վերահրատարակելն այսօր իմաստ չունի»,- գտնում է Գրահրատարակչական գործի
գործակալության պետը:

Գրքի սեւ շուկայում զբոսաշրջիկները հիմնականում թանկարժեք հին
հրատարակություններ են փնտրում, տեղացիները՝ մասնագիտական գրականություն,
բառարաններ, զրուցարաններ, բուհական քննական հարցաշարեր, հազվադեպ՝
գեղարվեստական գրքեր: Երբեմն անհատ մարդիկ կամ կազմակերպություններ
միանգամից մեծ քանակությամբ գեղարվեստական գրքեր են գնում՝ նորաբաց
գրադարանների նվիրելու համար:

Գրքերի ներմուծմամբ զբաղվողներ վերնիսաժում կամ մետրոյի անցումում չկային:
Դրսից բերված գրքերն այստեղ հայտնվում են «երկրորդ, երրորդ ձեռքից»:

Եվ վերնիսաժում, եւ մետրոյի անցումում գրավաճառները խիստ դժկամությամբ էին
որեւէ հարցի պատասխանում: «Լրագրողներն ինչքան շատ են մեր մոտ գալիս, մեր
գործը վատանում է,- ասում են,- որովհետեւ գալիս-հարցնում են՝ ինչն է լավ
ծախվում, գնում գրում են, մի քանի օրից մեկ էլ տեսնում ես՝ ինչ-որ մի
հրատարակչություն էդ նույն գրքերից տպել, շուկա է լցրել՝ մեզանից էլ չեն
առնում»: