Մեր մասին

12/05/2009

Այս շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այցելելու է Ադրբեջան եւ Ռուսաստան: Թուրքիայի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված է չորեքշաբթի օրը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ Բաքվում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ «CNN-Turk»-ի, Էրդողանը նաեւ ելույթ է ունենալու Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում: «Թրենդի» հաղորդմամբ, Էրդողանի այցը Բաքու մեկօրյա է: Նա պատրաստվում է Բաքվից հետո մեկնել Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Պուտին-Էրդողան հանդիպումը կայանալու է Սոչիում: Մոսկվայում, Թուրքիայի վարչապետը, ըստ ամենայնի, կլինի շաբաթավերջին: Ըստ «Կոմերսանտի», ռուս-թուրքական բանակցությունների հիմնական թեմաները լինելու են Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունները եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Ի դեպ, Էրդողանի այցերից առաջ` երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ճաշի է հրավիրել վարչապետին եւ կառավարության անդամներին: Ճաշի ընթացքում, ըստ թուրքական մամուլի, քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: