«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթացի հույս ունեն հակամարտության կարգավորման չորս հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում, որոնց մեծամասնության շուրջ արդեն ձեռք է բերվել փոխհամաձայնություն»,- «նւՏ ԾՏրՍՉօ» ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ դեսպան Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, բոլոր բանակցությունները տարվում են «ոչինչ համաձայնեցված չէ, մինչեւ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: «Պետք է համբերությամբ զինվել, եւ հույս ունեմ, որ մոտ ապագայում անձամբ նախագահները հայտարարության կամ հռչակագրի տեսքով կհայտարարեն այն մասին, թե ինչ սկզբունքի հիման վրա է մշակվելու խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը, համաձայնագրի տեքստը»,- ասել է Մերզլյակովը: Ըստ նրա, վերջնական համաձայնագիրը մշակվելու է ազգի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման հիման վրա: «Տարբերակը, որը հաջողվել է շոշափել, եւ որի շնորհիվ կողմերը շատ մոտ են կանգնած համաձայնեցմանը, թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին, եթե ոչ առավելապես, ապա գոնե գլխավոր կետերում հասնել հակամարտության այնպիսի կարգավորման, որը էապես կհամապատասխաներ իրենց շահերին,- հայտարարել է ռուս համանախագահը` ավելացնելով,- Երբ խաղաղ կարգավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնի, բոլոր հաղորդակցությունները եւ ճանապարհները տարածաշրջանում կբացվեն»: Նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Սկսելով հայ-թուրքական երկխոսությունը, կողմերը, նկատի ունեմ՝ Թուրքիան եւ Հայաստանը, պայմանավորվել էին առաջ շարժվել առանց որեւէ նախապայմանների: Մինչ այդ Թուրքիան պայման էր դնում ԼՂ հարցում առաջընթացի արձանագրումը. այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապվում էր ԼՂ հակամարտության հետ: Հիմա, եթե հավատանք Հայաստանի, Թուրքիայի եւ միջնորդի կարգավիճակով հանդես եկող Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարությանը, կարելի է փաստել, որ նախապայմաններ չկան երկու կողմից էլ»,- հայտարարել է Մերզլյակովը, որի կարծիքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունները կարող են ազդել մեկը մյուսի վրա: «Ազդեցությունը պետք է լինի դրական, գործընթացները պետք է ընթանան զուգահեռ, առանց խաչվելու: Մի գործընթացում կարող է արձանագրվել առաջընթաց մի քիչ ավելի վաղ, մյուսում` ավելի ուշ: Մեր` համանախագահներիս դիրքորոշումը կայանում է հետեւյալում, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը ոչ մի դեպքում չդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գերի»: Նույն ռադիոկայանին տված հարցազրույցում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ լավատեսական հայտարարություններ է արել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ԱՄՆ Պետդեպարտամենտում հուսով են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում բեկումը հավանաբար տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում: «Նրանց մեծ աշխատանք է սպասում: Բայց, մյուս կողմից՝ նրանք քայլ առ քայլ առաջ են շարժվում: Գուցեեւ նրանք բեկումնային պահը ավարտին չեն հասցրել, բայց դրել են դրա հիմքը, եւ ես հուսով եմ, որ մեկ ամսից, երբ նրանք հանդիպում կունենան Պետերբուրգում, նման բեկումնային պահն արդյունքում միանգամայն հնարավոր է»,- ասել է Բրայզան: Ըստ նրա, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը նույն կերպ են մոտենում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ես միշտ էլ ասել եմ, որ Վրաստանի վերաբերմամբ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարդ են, բայց ինչ վերաբերում է Ղարաբաղին, մեր հարաբերությունները լավ ու դրական են»,- ասել է նա: Ինչ վերաբերում է այդ հակամարտության կարգավորման հիմնախնդրի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը, Բրայզան ընդգծել է, որ վերջնական լուծումը պետք է «հավասարակշռված» լինի 1975թ. Հելսինկյան ակտի այն սկզբունքների տեսանկյունից, որոնք վերաբերում են «ինքնորոշմանը, տարածքային ամբողջականությանը եւ ուժի կիրառման բացառմանը»: «Նման հաշվեկշռի հնարավոր է հասնել, բայց դա շատ դժվարին խնդիր է, այդ պատճառով է, որ այդ բանակցությունները այսքան երկար են շարունակվում,- նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը` ավելացնելով,- Ինչ վերաբերում է Ղարաբաղին եւ այլ տարածքներին, ապա դրանք քայլ առ քայլ, աստիճանաբար կվերադարձվեն Ադրբեջանին փախստականների հետ միասին: Սակայն Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ նախ եւ առաջ պետք է լինի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք: Սա մեծ քայլ է դեպի առաջ: Ալիեւը խոսել է նաեւ Ղարաբաղի բնակչության ինքնավարության իրավունքի մասին»: Ըստ նրա, մինչեւ հիմա Ալիեւը խոսել է այն մասին, որ «Ղարաբաղի ներկայիս ռեժիմը քրեական է եւ ոչ լեգիտիմ»: «Այժմ նա խոսում է ինքնավարության իրավունքի մասին: Նա իր ազգին պատրաստում է բավական բարդ զիջումների, որոնք, հուսով եմ, տեղի կունենան»,- հայտարարել է Բրայզան:
Հարցին, թե արդյոք ինքը բանակցությունների ընթացքում առկա քննարկումները բաժանում է Ղարաբաղի եւ դրան շրջապատող շրջանների միջեւ, Բրայզան պատասխանել է. «Նման բանակցություններ ընթանում են եւ հանդիսանում են մեր բանակցությունների կարեւոր մաս: Կարծում եմ, որ վերջիվերջո տարածքները հետ են վերադարձվելու, իսկ Ադրբեջանից փախստականները հետ են վերադառնալու տվյալ տարածքներ: Այժմ չեմ կարող ասել, թե ինչ է լինելու Ղարաբաղի հետ: Մենք գիտենք, որ Ղարաբաղին նոր կարգավիճակ է տրվելու: Թե ինչպիսին կլինի այդ կարգավիճակը, այժմ դժվար է ասել, քանի որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռեւս ընթացքի մեջ են»: Բրայզան եւս խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին` հայտարարելով, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցը տարբեր խնդիրներ են: Ըստ նրա, այդ գործընթացներն առանձին են եւ զուգահեռ են ընթանում: «Դրանք ընթանում են տարբեր արագություններով: Մի գործընթացն օգնում է մյուսին եւ հակառակը»,- հայտարարել է Բրայզան` շեշտելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը միանգամից չի բացվի, եւ դա տեղի կունենա մի քանի ամիս անց: «Չգիտեմ, արդյոք արժե՞ այս շրջադարձային պահին ներառել նաեւ տարածքների վերադարձումը: Սակայն գիտեմ, որ այս գաղափարը արժե ներառել, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր լեզու գտնել կողմերի միջեւ: Մենք հիմա ձգտում ենք դրան»,- ասել է Բրայզան: