Սահմանի բացումը հավանական է մեկ տարվա ընթացքում

12/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վերջին` պրահյան հանդիպումը որեւէ առաջընթաց արձանագրե՞ց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Սկզբում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե բոլոր այն հարցերը, որոնց քննարկման համար նախագահները եկել էին, համաձայնեցվել են, սակայն դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, թե բանակցությունները բարդ ընթացք են ունեցել, կողմերի միջեւ շատ տարաձայնություններ կան:

– Երբ Բալկաններում խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծվեցին, երբ օգոստոսյան պատերազմից հետո Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցերը որոշ ժամանակով փակվեցին, ԼՂ հարցը դարձավ շատ թանկ այն առումով, որ խոշոր պետությունները ավելի շատ սկսեցին ուշադրություն դարձնել այս հակամարտությանը: Արժեթղթերը, եթե կարելի է այդպես ասել, որոշ չափով սկսեցին ներդրվել այստեղ: Ուստի ԼՂ հարցի լուծման գործընթացում այդ երկրների հակասությունները ավելի ընդգծվեցին, եւ պարզ է, որ կոնսենսուս ինչպես չկար, այնպես էլ չկա: Բրայզայի օպտիմիստական հայտարարությունները նորություն չեն: Բայց ինձ համար շատ խոսուն են Ֆրանսիայի արտգործնախարարի արտահայտությունները, թե պետք չէ թեւաթափ լինել: Այսինքն՝ ընդունվում է այն փաստը, որ հերթական հանդիպումը որեւէ իրական առաջընթաց, այսինքն` կողմերի դիրքորոշումների իրական մերձեցում չարձանագրեց:

– Պատահակա՞ն էր, որ Սարգսյան-Ալիեւ բանակցություններից անմիջապես հետո հայտարարվեց, որ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի կատարման հարցն ընդգրկվել է հունիսյան նստաշրջանի օրակարգում:

– Չգիտեմ, չեմ ուզում ենթադրություններ անել: Բայց մեկ բան պարզ է: Եթե Եվրոխորհրդարանը պատժամիջոցներ կիրառի, պետք է կիրառի նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, մի շարք այլ երկրների նկատմամբ: Մենք շատ ճիշտ ենք, իհարկե, որ մեղադրում ենք եվրոպացիներին երկակի ստանդարտներ կիրառելու համար: Բայց չեմ կարծում, թե մեր նկատմամբ այս անգամ պատժամիջոցներ կկիրառվեն: Ակնհայտ է, որ Արեւելյան գործընկերության ծրագրով էլ չկա տարբերակված մոտեցում Վրաստանի, Ռուսաստանի, մեր, Ադրբեջանի ու մյուս երկրների նկատմամբ:

– Ձեր կարծիքով՝ ներառվա՞ծ է արդյոք ԼՂ հարցը որպես նախապայման հայ-թուրքական բանակցություններում, նման վտանգ տեսնո՞ւմ եք:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված բանակցություններում բնական է, որ թուրքական կողմը հետապնդելու է մի շարք նպատակներ: Դրանցից առաջինը թուրք-ամերիկյան հարաբերություններն են, որոնք անցած 10 տարիների ընթացքում անընդհատ վատանում էին, եւ հիմա հնարավորություն է ստեղծվել դրանք կարգի բերել մի շարք ուղղությունների վրա, որոնցից մեկն էլ հայ-թուրքականն է: Երկրորդը ռուս-թուրքական հարաբերությունների խորացումն է, որը հնարավորություն է տալիս Թուրքիային ավելի կարեւոր դեր խաղալ այս տարածաշրջանում: Երրորդը` թուրքական կողմը փորձում է վերականգնել այն հավասարակշռությունը, որը գոյություն ուներ Սեւ ծովի ավազանում, եւ որը խախտվեց Վրաց-ռուսական պատերազմից հետո ամերիկյան նավատորմի մուտք գործելով: Սեւ ծովը աստիճանաբար դառնում է ՆԱՏՕ-ի ներքին լիճը: Մյուս խնդիրը էներգակիրների ու տրանզիտային հնարավորությունների հետ է կապված` այն է` փորձել փարատել ադրբեջանցիների մտավախությունները եւ չվատացնել նրանց հետ հարաբերությունները, ինչն այսօր նկատվում է: Վերջում նոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: Իսկ մեր խնդիրներից գլխավորը թույլ չտալն է, որ ԼՂ հարցը կապվի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Մի քանի ամիս առաջ ես վստահորեն կարող էի ասել, որ մեր իշխանություններին հաջողվում էր հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք դրված են Մինսկի խմբի միջնորդությամբ վարվող խաղաղ գործընթացի հիմքում: Այսինքն` հաջողվում էր այնպես անել, որ ԼՂ հարցը չկապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Սակայն այսօր ես արդեն ավելի պեսիմիստորեն եմ տրամադրված, եւ դա կապված է նրա հետ, որ մեր իշխանությունները ճիշտ չեն գնահատում Հայաստանի դերն ու կշիռը տարածաշրջանում: Վտանգ կա, որ թուրքական կողմը կարող է բանակցել Ռուսաստանի հետ` ԼՂ հարցը սահմանի բացման հետ փաթեթով լուծելու համար: Այդ դեպքում, Հայաստանի, հնարավոր է` նաեւ Ադրբեջանի վրա ճնշումների գործադրումը կարող է արգելակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ոչ պակաս կարեւոր խնդիր է մեզ համար դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը եւ դրանից ստանալ դիվանագիտական մանյովրի նոր հնարավորություններ: Մյուս կողմից էլ որեւէ այնպիսի միֆոլոգեմ, որի վրա հիմնված է հայապահպանական գործունեությունը, ինքնագիտակցությունը, ինքնությունը, չպետք է հարցականի տակ դրվի: Կարեւորագույն այդպիսի միֆոլոգեմներից մեկը, որի վրա խարսխվում է հայապահպանման գործը Հայաստանից դուրս, ցեղասպանությունն է: Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որքան էլ որ քողարկվի կառավարական կամ այլ հանձնաժողովների անվան տակ, հարցականի տակ է դնում այդ անհերքելի իրադարձությունը: Ես ապրում եմ Հայաստանում, իմ ինքնությունը վտանգված չէ, բայց սփյուռքում հայերի ինքնությունը սրանով վտանգվում է:

– Այնուամենայնիվ, ենթադրենք թուրքական կողմը մեզ առաջարկի, ասենք, ստեղծել այդ պատմաբանների հանձնաժողովը, ճանաչել Կարսի պայմանագիրը, ինչի դիմաց պարտավորվի բացել սահմանը (այսինքն` ԼՂ հարցը սահմանի բացման հետ չի կապվում), եւ որպես երկրորդ տարբերակ` Հայաստանը հրաժարվի այդ հանձնաժողովի ստեղծումից կամ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումից, եւ սահմանները չբացվեն: Այս 2 տարբերակներից ո՞րն է ավելի նախընտրելի:

– Նախ` ինչ վերաբերում է սահմանների ճանաչմանը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության մեջ կա ստանդարտ ձեւակերպում, որ երկու կողմերը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ` ճանաչելով տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Իսկ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Թուրքիային նախ եւ առաջ պետք է նրա համար, որ կասեցվի ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը: Հետեւաբար՝ դա ԱՄՆ-ի ու Թուրքիայի խնդիրն է, այսինքն` բանակցությունների մեջ, կարծում եմ, որ հայկական կողմը մանեւրելու հնարավորություններ ունի: Ամեն դեպքում մեծ է այն հավանականությունը, որ հայ-թուրքական սահմանը առաջիկա 1 տարվա ընթացքում կբացվի: