– Անցած շաբաթ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարեց, թե «ԼՂՀ-ն դադարել է լինել տարածաշրջանում ռազմաքաղաքական միավոր եւ գործոն, ինչպես նաեւ դուրս է մնացել խնդրի լուծման բանակցային գործընթացից այն բանից հետո միայն, երբ 1999թ. Երեւանում որոշվել է չեզոքացնել իրեն»: Նա նաեւ ասաց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ ամենի հետ կապ չուներ, այդ հարցերը որոշվել են 1999թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում: 1999-2000թթ. Դուք զբաղեցրել եք ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ եղել եք ԱԽ անդամ: Այդ նիստի ժամանակ նման հարցեր քննարկվե՞լ են: Կամ արդյո՞ք կապ կա բանակցային գործընթացից ԼՂՀ-ի դուրս մնալու եւ Ս.Բաբայանի պաշտոնից ազատման միջեւ:
– Ոչ, չկա: Բաբայանն ազատվել է 1999-ի դեկտեմբերին: ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս մղվեց 1998-ի վերջերին, երբ նախագահ ընտրվեց Ռ.Քոչարյանը, ով համարեց, որ այդ բանակցային գործընթացում Ղարաբաղի ներուժը սպառվել է: Եվ սկսվեցին Քոչարյան-Ալիեւ հանդիպումները: Մոտ 18 նման հանդիպում է եղել, որտեղ ԼՂՀ-ն չի մասնակցել: Ինչ վերաբերում է 1999-ի տարեվերջյան ԱԽ նիստին, այնտեղ քննարկվել է ԼՂՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Ավելին, այդ նիստից ու իմ` նախարար դառնալուց առաջ էր ԼՂՀ-ն դուրս մնացել բանակցային գործընթացներից:
– Եթե ԼՂՀ-ն բանակցություններից դուրս չմղվեր, ապա արդյո՞ք բանակցային լիարժեք կողմ կլիներ: Ընդհանրապես, կարծիք կա, թե ԼՂՀ-ի պաշտոնյաների նշանակումը եւ քաղաքականությունը որոշվում է Հայաստանում:
– Երբ ՀՀ-ն սկսեց խոսել ազատագրված տարածքների մասին, միջազգային ատյաններում ճանաչվեց ագրեսոր: Ազատագրված շրջանները ԼՂՀ տարածքներն են, եւ այդ մասին պետք է խոսեր ԼՂՀ-ն: Պիտի հստակություն մտցվի, թե ով ինչի համար է պատասխանատու եւ ինչի համար է բանակցում: ՀՀ-ն էլ հակամարտության կողմ է. Հայաստանից զավթված հողերը, կոմունիկացիաները, ՀՀ-ում ապրող փախստականների հարցերը անմիջականորեն վերաբերում են Հայաստանին եւ այդ հարցերի շուրջ պետք է բանակցի Հայաստանը: ՀՀ-ն նաեւ պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը:
Բանակցային կողմ դառնալու մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը ես համարում եմ շատ ճիշտ ու տեղին:
– Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե ԼՂՀ-ն եւ մյուս տարածքները քայլ առ քայլ կվերադարձվեն Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականներն էլ կվերադարձվեն այդ տարածքներ: ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն էլ հայտարարում են, թե իրենք էլ են ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց անկախ ԼՂՀ-ն երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այս հակասական հայտարարությունների տակ ի՞նչ է թաքնված:
– Տարածաշրջանում կատարվող գործընթացները` հայ-թուրքական հարաբերություններ, սահմանի բացում, ցեղասպանություն, ԼՂՀ հարց, փոխկապակցված են: Առաջինը հենց Թուրքիան չի տարանջատի այս հարցերը: Եվ եթե այդ բանակցություններում կամ «Ճանապարհային քարտեզում» չկա որեւէ մի նախապայման, կամ ինչպես Նալբանդյանը հայտարարեց, «այնտեղ ոչ մի նյութ չկա», ապա ի՞նչն է խանգարում այդ փաստաթուղթը հրապարակել: Եթե չի հրապարակվում, ենթադրում եմ, որ ցեղասպանության, սահմանի բացման, Կարսի պայմանագրի, ԼՂՀ խնդրի, ազատագրված 5 շրջանների վերադարձի վերաբերյալ նշում կա: Ուղղակի այս ծրագրի իրականացումը մի քանի փուլի է բաժանված, բայց նպատակն ակնհայտ է. տարածաշրջանում ուժեղացնել այս կամ այն գերտերության ազդեցությունը: Իսկ ԼՂՀ հարցում եթե մենք համաձայնենք հետաձգված հանրաքվեին եւ վերադարձնենք 5 շրջանները, ապա մենք վերադառնում ենք 1988-ի կարգավիճակին: Զրոյից ենք սկսում` ընդ որում` ավելի վատ մեկնարկից: Իսկ գերտերությունների շահն այն է, որ այդ դեպքում տարածաշրջանում կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, եւ կախված նրանից, թե դրանք ինչ ուժեր կլինեն` կկանխորոշվի գերտերությունների ազդեցությունը: Իհարկե, Թուրքիան էլ կուզենա այդ կազմում ուժեր ունենալ: Գերտերությունների համար այդ խնդիրն է կարեւոր, ոչ թե ԼՂՀ կարգավիճակը:
– Մ. Բրայզան նաեւ նշել էր, թե ԼՂՀ կարգավիճակը լինելու է ոչ թե ինքնորոշման, այլ ինքնավարության սկզբունքով:
– Դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են. ինքնորոշումը միջազգային իրավունքի նորմ է, իսկ ինքնավարությունը` կառավարման ձեւ. Ղարաբաղն ունեցել է ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Տարբերությունը շատ մեծ է:
– Ազատագրված 5 շրջանների վերադարձի, հանրաքվեի մասին տարբերակը դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր խոսվում:
– Դա առաջարկ էր, որ Լ.Տեր-Պետրոսյանը ԱԽ-ում դրեց քննարկման, ներկայացվեց հանրությանը, հնչեցին կարծիքներ, իսկ հիմա արդեն կա ստորագրված փաստաթուղթ` անհայտ բովանդակությամբ:
– Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, թե իր երկիրը ՀՀ-ի հետ սահմանը փակել է Ադրբեջանի տարածքները «գրավելու» պատճառով: «Վերադարձրեք, հողեր` մենք կբացենք սահմանը»,- ասել է Էրդողանը: Մինչդեռ նախագահ Գյուլը ավելի մեղմ դիրքերից է հանդես գալիս: Ձեր կարծիքով` սա դիրքորոշումների հակասությո՞ւն է, թե՞ դիվանագիտություն:
– Նրանք բաժանել են ուղղությունները: Էրդողանը խոսում է Թուրքիայի ներքին սպառման եւ Ադրբեջանի համար, Գյուլը` Հայաստանի, Ամերիկայի եւ Եվրոպայի համար: Ասեմ, որ այս բանակցային գործընթացից նրանք շահել են, ՀՀ-ն` դեռ ոչ: Ցեղասպանության ճանաչման հարցը Ամերիկայում հետաձգվեց: Նրանք իրենց կարճաժամկետ ծրագրի դիվիդենտները ստացան: Իսկ այս ամենը որտեղի՞ց սկսվեց: Անցած տարի փետրվարի 8-ին Թուրքիայի կողմից հնչեց հայտարարություն, թե եթե ՀՀ նորընտիր նախագահը դիմի իրենց` հարաբերությունները լավացնելու առաջարկով, ապա դա կընդունվի: Այստեղից պարզ է դառնում, որ սա նախօրոք համաձայնեցված ծրագիր է, որի կնքահայրը Ամերիկան է: Տեղի ունեցած բոլոր քայլերը, այդ թվում եւ ֆուտբոլային դիվանագիտությունը, այդ ծրագրի կետերից են: Բայց ես կարծում եմ, որ այստեղ լավ չէր հաշվարկված Հայաստանի, Ղարաբաղի ու սփյուռքի մեր հայրենակիցների արձագանքը:
– Կկոնկրետացնե՞ք, թե ԼՂՀ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բանակցություններում ի՞նչ սխալներ է թույլ տվել հայկական կողմը:
– Սխալները նոր չեն, դրանք վաղուց են կուտակվել: Կրկնեմ, որ առաջին ու ամենամեծ սխալը ԼՂՀ-ին բանակցություններից դուրս թողնելն էր: Երկրորդը` իշխանությունները որեւէ կերպ չեն հիմնավորել, թե այս քաղաքական իրավիճակում տնտեսական, ռազմական, քաղաքական առումներով որքանով է նպաստավոր սահմանի բացումը Հայաստանի համար: Ակնհայտ է, որ սահմանի բացումը միանշանակ կապված է ԼՂՀ հարցի եւ այս տարածաշրջանում գերտերությունների շահերի հետ: Հստակ չի երեւում, որ իշխանություններն այս ամենին գնում են հաշվարկած քայլերով:
Իհարկե, սահմանը պիտի բացվի, բայց դրան պետք է պատրաստ լինել: Ես տեսնում եմ, որ մեր երկիրը պատրաստ չէ: Թեկուզ միայն մեր երկրում կոռուպցիայի առկա մակարդակը, շատ հանգիստ թուրքերին հնարավորություն կտա մեր չինովնիկների միջոցով տնտեսական շատ հարցեր լուծել: Մենք չպետք է կասկած ունենանք, որ Թուրքիան պետականորեն կաջակցի իր գործարարներին հայկական տնտեսություն «ներխուժելու» գործում:
– Պարոն Հարությունյան, 1994 թվականի մայիսին կնքված հրադադարի պայմանագրից հետո ո՞ր կողմի օգտին է աշխատել ժամանակը:
– Ես համարում եմ, որ 1998թ. հենց ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցություններից, ու սկսվեց Ալիեւ-Քոչարյան բանակցությունները, սկսվեց մեր սխալ քաղաքականությունը: Եվ ժամանակը սկսեց աշխատել Ադրբեջանի օգտին: