Այս օրերին Երեւան էր այցելել Ֆրանսիայի Պլեսի-Ռոբինսոն քաղաքի փոխքաղաքապետ Կորին Դյուգեն: Մայիսի 10-ին տիկին Դյուգեն հանդիպեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Տիկին Դյուգեն Գ. Բեգլարյանին փոխանցեց Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի բարեմաղթանքները՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ: 1995թ. սկսած Երեւանի Արաբկիր համայնքը նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ ակտիվ համագործակցում է Պլեսի-Ռոբինսոնի հետ: Քաղաքն այս տարի նշում է իր 100-ամյակը: Պլեսի-Ռոբինսոնը երեք անգամ մրցանակ է շահել որպես Եվրոպայի ամենականաչազարդ քաղաք: Արաբկիր համայնքի եւ Պլեսի-Ռոբինսոնի համագործակցությամբ համայնքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Համագործակցության ոլորտներն են՝ մշակույթ, տուրիզմ, սոցիալական, առողջապահություն, փորձի փոխանակում եւ քաղաքաշինություն: Պլեսի-Ռոբինսոնի հետ ստորագրվել է «Քույր համայնքների համագործակցության մասին պայմանագիր» եւ հուշագիր: Համագործակցության արդյունքում Պլեսի-Ռոբինսոնից Արաբկիր համայնքը ստացել է 2-ական փոշեհավաք եւ աղցան մեքենաներ: Պլեսի-Ռոբինսոնում բացվել է «Հայաստան» անվամբ հրապարակ: Համագործակցության արդյունքում Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետարանի հովանավորությամբ կատարվել են «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի նախասրահի, մատենագրման բաժնի, սոնոգրաֆիայի ու ատամնաբուժական կաբինետների վերանորոգման աշխատանքները, իսկ Արաբկիրի մսուր-մանկապարտեզները Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետարանի կողմից ստացել են հումանիտար օգնություններ սպիտակեղենի եւ գրենական պիտույքների տեսքով: Բացի այդ, Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետարանի կողմից հատկացված 3000 եվրոյով «Հայաստան» հիմնադրամն Արաբկիրի «Պլեսի-Ռոբինսոնի» անվան թիվ 10 մսուր-մանկապարտեզի համար ձեռք է բերել 25 սեղան եւ 100 աթոռ: Նախակրթարանը անվանակոչվել է Պլեսի-Ռոբինսոնի անունով:
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կորին Դյուգեին համառոտ ներկայացրեց Երեւանի կառավարման նոր մոդելը, նշեց համագործակցության հնարավոր ծրագրերը, այդ թվում՝ երիտասարդության, ուսանողների փորձի փոխանակման հետ կապված, քաղաքի կանաչապատման ծրագրերի եւ մասնագետների փորձի փոխանակման կապակցությամբ: Փոխքաղաքապետ Կ. Դյուգեն առաջարկեց հայ ուսանողներին մասնագիտական փորձաշրջան անցնել Պլեսի-Ռոբինսոնի քաղաքապետարանում: Հանդիպման վերջում հյուրերը Գ. Բեգլարյանին նվիրեցին Պլեսի-Ռոբինսոնի խորհրդանիշը ներկայացնող հուշանվեր եւ քաղաքի պատմությունը ներկայացնող գիրքը: Գ. Բեգլարյանը Կ. Դյուգեին նվիրեց Երեւանի մասին պատմող հուշանվեր՝ հույս հայտնելով ավելի ակտիվացնել երկու քաղաքների եւ մշակույթների միջեւ համագործակցությունը: