Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, ԼՂ-ի պաշտպանական բանակի ստեղծման օրը` մայիսի 9-ին, Ստեփանակերտի Սպայի տանն անցկացվել է հանդիսավոր նիստ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը:
Միջոցառման ընթացքում պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԼՂ նախագահ Բակո Սահակյանը Արկադի Տեր-Թադեւոսյանին` Կոմանդոսին շնորհել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում` պարգեւատրելով «Ոսկե Արծիվ» շքանշանով: ԼՂ նախագահը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով է պարգեւատրել նաեւ մի շարք սպաների եւ ազատամարտիկների: «Մեր երկրին վտանգ չի սպառնում, եւ՛ մեր զինված ուժերը, եւ՛ մեր ժողովուրդը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ցանկացած ոտնձգություն գնահատել եւ համապատասխան պատասխանել»,- Շուշիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հինգշաբթի օրը Պրահայում կայացած հանդիպմանը, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ «խանգարված ձեւաչափով» ընթացող բանակցությունների ներկայիս փուլի հետ կապված՝ չունի մտահոգություն: «Մենք հնարավորություն ունեցել ենք խոսել: Բանակցությունները ընթանում են խանգարված ձեւաչափով, որովհետեւ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ ի դեմս Հայաստանի Հանրապետության նախագահի` ջանքեր է գործադրում, առաջին հերթին, վերականգնելու ԵԱՀԿ-ի 1994 թվականի Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը: Եվ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում նշում են դրա անհրաժեշտությունը, եւ ոչ ոք չի ժխտում, եւ բոլորը հասկանում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության անհնարին է որեւէ վերջնական որոշում ընդունելը»,- հայտարարել է Բակո Սահակյանը` կրկնելով այն երեք հիմնարար սկզբունքները, որոնք առաջ են քաշվել Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում՝ «Տարածքային ամբողջականությունը, հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելը եւ ինքնորոշման իրացման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, եւ ավելին կասեի` անկախության ճանաչման հարցը»: Բակո Սահակյանը հայտարարել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը դեմ չէ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, եւ նշել է, որ հիմնական վեճը տարածքային խնդիրների շուրջ է: «Կա նաեւ մի տարածքային ամբողջականություն` դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է` ամրագրված ԼՂՀ Սահմանադրությամբ,- հայտարարել է ԼՂՀ նախագահը` ավելացնելով,- Եվ դա վեճ է մեր եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, եւ ինչքան շուտ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը հրաժարվի ներկայիս ծայրահեղ կեցվածքից, ես կարծում եմ, մենք ավելի շուտ ենք հասնելու հարցի վերջնական կարգավորմանը»: