Գործընկերությո՞ւն, թե՞ լարախաղացություն

12/05/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մայիսի 7-ին Պրահայում կայացավ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։ Նախորդ համարներից մեկում մենք մանրամասն անդրադարձել ենք թե՛ այս ծրագրին՝ ընդհանրապես, թե՛ Հայաստանի առջեւ բացվող հնարավորություններին` մասնավորապես։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն գործընկերության առաջարկ արել էր նախկին ԽՍՀՄ 6 երկրների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա եւ Մոլդովա: Բոլորն էլ ընդունել էին Եվրոպայի առաջարկը։ Այս փաստը բավականին նյարդայնացրել է Ռուսաստանին, որը «խանդի» տեսարաններ է ստեղծում։ Ռուսաստանը գտնում է, որ Եվրամիությունը «քիթը» խոթում է իր ազդեցության տիրույթը եւ փորձում է, այսպես ասած, նոր «եվրոպական ԱՊՀ» ստեղծել։ Այս թեման վերջին օրերին եղել է ոչ միայն գործընկեր-երկրների, այլեւ արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում։

«Եվրամիությունը զգուշորեն ամրապնդում է կապերը արեւելյան վեց գործընկերների հետ՝ նախկին խնամակալի անտեսանելի եւ սպառնալից հայացքի ներքո»,- գրում է Ֆրանսիական «Le Figaro»-ն՝ նկատի ունենալով Ռուսաստանին։ Թեման շարունակելով՝ հրապարակման հեղինակ Պիեռ Ավրիլը նշում է, որ մինչեւ 2013 թվականն այս երկրներում 600 միլիոն եվրոյի ներդրումներ կատարելով՝ Եվրամիությունը փորձում է հասնել կայունության իր արեւելյան սահմաններին։ Տնտեսական ճգնաժամից եւ քաղաքական քրոնիկ անկայունությունից այս կամ այն չափով տուժած 6 երկրները առեւտրային հնարավորություններ կստանան։ Չի բացառվում նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում, իհարկե՝ միայն այն դեպքում, եթե գործընկեր-երկրները կառուցվածքային բարեփոխումներ իրականացնեն՝ կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղություններով։ Այդուհանդերձ, անգամ այս պայմանների կատարման դեպքում, նշված երկրների անդամակցությունը Եվրամիությանը հետաձգվում է անորոշ ժամանակով։ «Մերձեցման այս զգուշավոր քայլն անգամ իրականացվում է Մոսկվայի խիստ հսկողության տակ՝ եվրոպացի դիվանագետներին ստիպելով լարախաղացության իսկական հրաշքներ գործել,- գրում է թերթը եւ ավելացնում,- Եվրոպական այս տատանումները վարակել են նաեւ արեւելյան հարեւաններին, որոնք տարբեր պահանջներ են առաջ քաշում։ Վրաստանը եւ Ուկրանիան, որոնք ամենից շատ են ցանկանում անդամակցել ԵՄ-ին, հայտնվել են նրբանկատ մերժում ստացած «ցւՈՋպՐ»-ների կարգավիճակում։ Բելառուսը մեկ քայլ անում է Եվրոպայի ուղղությամբ, երկու քայլ՝ դեպի Ռուսաստանը։ Մոլդովան ճնշում է ընդդիմության ցույցը եւ վտարում Ռումինիայի դեսպանին։ Ադրբեջանը, եթե անգամ հետաքրքրված է Եվրոպայով, ապա միայն նրան գազ վաճառելու հույսով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս երկիրը պատրաստ չէ հրաժարվել ռուսական հովանավորչությունից եւ նետվել Եվրոպայի գիրկը։ Այնպես որ, Մոսկվան անհանգստանալու ոչ մի պատճառ չունի»։

Թեմային անդրադարձել է նաեւ «The Wall Street Journal»-ը՝ եւս մեկ անգամ նշելով, որ «Արեւելյան գործընկերությունը» սրել է ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Ռուսները գտնում են, որ Բրյուսելը խառնվում է իրենց գործերին, իսկ Եվրամիությունը իր հերթին փորձում է խուսափել վրացական եւ գազային ճգնաժամերի կրկնությունից։ Հետաքրքիրն այն է, որ թերթը ԱԳ-ի հետ կապված զարգացումները վերլուծում է հիմնականում փողային տեսանկյունից։ Նշելով, որ հետխորհրդային երկրներին 600 միլիոն եվրո տրամադրելուց բացի՝ ԵՄ-ն դիմել է միջազգային մի շարք կազմակերպությունների (օրինակ՝ ՎԶԵԲ-ին)՝ խնդրելով մեծացնել այս երկրների վարկավորման ծավալները, «The Wall Street Journal»-ը գտնում է, որ Եվրամիությունը այս մրցակցության մեջ տանուլ կտա Ռուսաստանին։ Հոդվածագրի՝ Ադամ Կոենի կարծիքով, դրա պատճառն առաջարկվող միջոցների փոքր ծավալն է։ Հեղինակը մեջբերել է նաեւ Գերմանիայի՝ Արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Ալեքսանդր Ռարի խոսքերը. «Մոսկվայում այս նախաձեռնությունը դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի ընդարձակում՝ դեպի Արեւելք, զարտուղի ճանապարհներով»։ Թերթը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պարզ է, թե ինչպես են բաշխվելու այդ միջոցները եւ ինչպես է գնահատվելու բարեփոխումների արդյունավետությունը, «այն դեպքում, երբ Բելառուսը ավտորիտար պետություն է, իսկ մյուս երկրներում առկա են մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ եւ տարածքային հակամարտություններ»։

Գրեթե նույն տեսակետն է արտահայտել նաեւ գերմանական «Die Welt»-ը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ԵՄ-ի արեւելյան քաղաքականությունը գնահատում է որպես սադրանք, եւ, որ ԵՄ-ՌԴ հարաբերությունները ծայրաստիճան սրված են։ «Այն դեպքում, երբ դիվանագետների արտաքսումը, զորավարժությունները կամ լրտեսության մեղադրանքները արդեն իսկ բացասաբար էին ազդել հարաբերությունների վրա, ԵՄ-ն դրան ավելացրեց կնիքով վավերացված գործընկերությունը 6 ետխորհրդային հանրապետությունների հետ։ «Արեւելյան գործընկերության» ստեղծման համար ավելի անբարենպաստ ֆոն չէր էլ կարելի պատկերացնել»,- գրում է թերթը։ Հղում անելով փորձագետներին՝ «Die Welt»-ը նույնպես կասկածում է ԵՄ-ի նպատակների լրջությանը՝ առաջին հերթին ծրագրի բյուջեի պատճառով (600 միլիո եվրոյի, որի մի մասը արդեն իսկ գործող նախագծերի միջոցներն են)։ Բացի այդ, ըստ հրապարակման հեղինակների, 6 գործընկերների խումբը շատ տարբեր կազմ ունի. «Մոլդովան եւ Բելառուսը միանշանակ գտնվում են Մոսկվայի ազդեցության տակ։ Ուկրաինան հիասթափված է, որ նոր առաջարկը կարեւորությամբ առավել չէ՝ Բրյուսելի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Հայաստանը եւ Ադրբեջանը հետաքրքրված են ոչ այնքան գործընկերության քաղաքական կողմով, որքան իրենց` Եվրոպայում դրսեւորելու հնարավորությամբ, մասնավորապես՝ որպես էներգառեսուրսների մատակարար (Ադրբեջանը)»։ Ռուսաստանը, ըստ թերթի, ըստ երեւույթին վախենում է, որ Բրյուսելն իր վեց նոր գործընկերներին ընտրության առաջ կկանգնեցնի՝ կամ մենք, կամ Մոսկվան։ «Վարչապետ Վլադիմիր Պուտինը «Արեւելյան գործընկերությունն» անվանել է ՆԱՏՕ-ի՝ դեպի Արեւելք ընդլայնման այլընտրանքային եղանակ։ Միեւնույն ժամանակ, Բերտելսմանի անվան հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի գծով փորձագետ Կոռնելիուս Օհմանի խոսքերով, Ռուսաստանը լիովին օրինական է համարում հարեւան երկրների վրա ազդեցությունը պահպանելու իր հավակնությունները»,- ամփոփել է «Die Welt»-ը։