Առաջինը` Հայաստանին

12/05/2009

«Sukhoy Superjet 100» մոդելի արտադրված առաջին ինքնաթիռը կվաճառվի հայկական «Արմավիա» ավիաընկերությանը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է «Գրաժդանսկիե սամոլյոտի Սուխովա» ընկերության ներկայացուցիչ Օլգա Կայուկովան։ Վերջինիս խոսքերով, ինքնաթիռն այժմ գտնվում է հավաքման վերջնական փուլում եւ շուտով կհանձնվի «Արմավիային»։ Կայուկովան նաեւ պարզաբանել է, թե ինչու է որոշվել առաջին նմուշը վաճառել հենց հայկական ավիափոխադրողին. «Դա կախված է մի շարք գործոններից. յուրաքանչյուր նմուշի կոնֆիգուրացիան որոշում է ինքը՝ պատվիրատուն, եւ որքան այն պարզ է, այնքան հեշտ է հավաքել առաջին ինքնաթիռը»։ Այս պահի դրությամբ ընկերությունն ունի 98 Superjet-ի պատվեր, եւ փաստորեն կարելի է եզրակացնել, որ Հայաստան կգա «ամենահամեստ» նմուշը։ Ավելացնենք նաեւ, որ մոդելի կատալոգային գինը 28 միլիոն դոլար է, սակայն յուրաքանչյուր պատվերի դեպքում գինը որոշվում է առանձին բանակցությունների արդյունքում։