«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»

12/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամի» խմբագրություն է դիմել Շենգավիթ համայնքի Ղարիբջանյան 27 հասցեի բնակիչ Գեղամ Խաչատրյանը` դժգոհելով, որ իր իրավունքները խախտվել են ոմն Հակոբ Նազոյանի կողմից, այն էլ` Երեւանի քաղաքապետարանի անմիջական հովանավորությամբ:

Ըստ Գ. Խաչատրյանի` Հակոբ Նազոյանը եվրոդռներ եւ պատուհաններ արտադրող «Շեն տանիք» ընկերության սեփականատերերից է, հետեւաբար՝ նրա կատարած ապօրինի գործողությունները թե՛ քաղաքապետարանի, թե՛ դատական ատյանների կողմից չեն կանխվում միայն այն պատճառով, որ վերջինս պաշտոնյաների հետ գալիս է համաձայնության հայտնի ճանապարհներով: Բանն այն է, որ փետրվար ամսին Հ. Նազոյանը Ղարիբջանյան 27 հասցեում շինարարություն է սկսել, որի ընթացքում զավթել է Գեղամ եւ Գեւորգ Խաչատրյան եղբայրներին պատկանող 507.35 քմ մակերեսից 50 քմ-ն, այն դեպքում, երբ վերոնշյալ տարածքի սեփականության վկայականը պատկանում է եղբայրներին: Անօրինական ճանապարհով յուրացրած տարածքից Հ. Նազոյանը կտրել է տանտիրոջ մոտ 11 բերքատու ծառերը, քանդել է պարիսպը եւ իրականացրել է ինքնակամ հսկայական կառույց, որը ներկայումս վերածվել է եռահարկ շինության: Գ. Խաչատրյանը մեզ է ներկայացրել Ղարիբջանյան 27 հասցեի իր տան հատակագիծը, որով ապացուցվում են վերջինիս իրավունքները, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ` Նազոյանի հետ գալով փոխհամաձայնության` փորձում են «լռեցնել» Գ. Խաչատրյանին: «Երբ սկսեց շինարարությունն ու մեր տարածքը զավթեց, դիմեցինք ՀՀ Ոստիկանության Շենգավիթի ստորաբաժանմունք: Ոստիկանապետն ասաց, որ դա մեր գործառույթը չէ, հողային հարցերով պետք է դիմեք Երեւանի քաղաքապետարան: Ինքնական շինությունը կասեցնելու խնդրանքով դիմեցի քաղաքապետարան: Երեք օր անց եկավ ինքնակամ կառույցներով զբաղվող մի ներկայացուցիչ` Հովհաննես Խաչատրյան»,- պատմում է Գ. Խաչատրյանը` հավելելով, որ վերջինս ուսումնասիրել է տան փաստաթղթերը` սեփականության վկայականը, հատակագիծը, ինչպես նաեւ՝ Կադաստրի պետական կոմիտե արված հարցումները, այնուհետեւ համոզվելով, որ Գ. Խաչատրյանի պահանջն օրինական է` կառուցապատող Հ. Նազոյանից պահանջել է անհապաղ դադարեցնել ապօրինի շինարարությունը: Գ. Խաչատրյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանի ներկայացուցչի հեռանալուց հետո ինքնակամ կառույցի շինարարությունը դադարեցնելու փոխարեն այն է՛լ ավելի արագացված տեմպերով շարունակվել է: Գ. Խաչատրյանը պարբերաբար ահազանգել է Հ. Խաչատրյանին` տեղեկացնելով, որ շինարարությունն, այնուամենայնիվ, մեծ թափով իրականացվում է, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը վերջինիս ասել է, թե շուտով կպարտավորեցնեն քանդել ինքնակամ կառույցը: «Հ. Խաչատրյանն ինձ հանգստացրեց, թե` էդպիսի՞ կառույցներ ենք քանդել, բայց փաստորեն գլխիս տակ փափուկ բարձ դնելով` նրա հետ երեւի համաձայնության եկավ: Ապրիլ ամսին արդեն ստիպված գրավոր դիմում ներկայացրի Երեւանի քաղաքապետարան` խնդրելով կասեցնել շինարարությունը»,- վստահեցնում է Գ. Խաչատրյանը` մեզ ներկայացնելով քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին հասցեագրված Ձեր 08.04.2009թ. դիմումների՝ տեղեկացնում եմ, որ Ղարիբջանյան 27 հասցեի հարեւանությամբ` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ կատարելու համար քաղաքացի Հակոբ Նազոյանի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից 09.03.2009թ. կազմվել է հ.004823 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ Երեւանի քաղաքապետի 06.04.2009թ. հ.Վ8/7 որոշմամբ վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության»: Ինքնակամ կառույցն իրականացնող Հ. Նազոյանը վճարելով 200.000 դրամ վարչական իրավախախտման համար սահմանված գումարը կրկին շարունակել է շինարարությունը: Այդուհանդերձ, Ղարիբջանյան 27 հասցեի բնակիչ Գ. Խաչատրյանն արդեն սկսել է դիմումներ ուղարկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` տեղեկացնելով ինքնակամ կառույցներով զբաղվող վարչության աշխատակիցների անգործության, ինչպես նաեւ` տեղեկացնելով Հ. Նազոյանի անօրինական գործողությունների մասին: Բացի այդ, վերջինս հայց է ներկայացրել Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցը բավարարվել է դատարանի հետեւյալ որոշմամբ` «Ավարտել Հակոբ Նազոյանին եւ այլ անձանց Երեւանի Ղարիբջանյան 27 հասցեում գտնվող հողամասում ցանկացած շինարարական աշխատանքներ կատարելն արգելելու վերաբերյալ 14.04.09թ. վերսկսված թիվ 01/08-61/09 կատարողական վարույթը»: ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակին հանձնարարվել է քանդել ապօրինի շինությունը, մինչդեռ որոշումից բավական ժամանակ է անցել, սակայն ԴԱՀԿ-ն չի կատարել դատարանի որոշումը: «Դատարանն ինձ կատարողական թերթ տվեց, որը ենթակա է անհապաղ կատարման: ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի գլխավոր խորհրդատու Կ. Խուդոյանը կայացրել է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում: Նույն օրը Խուդոյանը կայացրել է մեկ այլ որոշում, այն է` արգելել Հ. Նազոյանին եւ այլ անձանց Ղարիբջանյան 27 հասցեում գտնվող հողամասում կատարել ցանկացած շինարարական աշխատանքներ: Հաջորդ օրը Խուդոյանն այցելեց մեր տուն, սակայն դրսեւորելով անձնական շահագրգռվածություն՝ չարգելեց Հ. Նազոյանին կատարել շինարարություն` պատճառաբանելով, որ Նազոյանը նույնպես ներկայացրել է կատարողական թերթ, եւ ինքը չի կարող նրան արգելել շինարարություն կատարել: Շատ աբսուրդ պատճառաբանություններով հեռացավ»,- ասում է Գ. Խաչատրյանը` պնդելով, որ իր բազում ապացույցները, դատարանի որոշումները, դիմումների պատասխաններն ուժ չունեցան օրինական ճանապարհով իրեն պատկանող տարածքը վերադարձնելու համար: Ինչեւէ, Գեղամ Խաչատրյանն ունենալով տարածքի հանդեպ սեփականության իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ` զավթած տարածքը քանդման ենթակա ճանաչված բոլոր որոշումները, այնուամենայնիվ, չի կարողանում հասնել արդարության միայն մեկ պատճառով. «զավթողը» փողատեր է, եւ բոլորին «գնելով»՝ արդեն ավարտում է ապօրինի շինության երրորդ հարկը: Գ. Խաչատրյանն օրեր առաջ դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` հույս ունենալով, որ արդարադատություն իրականացնողների ուշադրությունից չի վրիպի ՀՀ քաղաքացու սեփականությունը զավթելու հազարավոր օրինակներից գոնե այս մեկը: