Ամենաթանկ «Եվրատեսիլը»

12/05/2009

Մոսկվայում անցկացվող «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթը կազմակերպիչներին շահույթ չի բերի: Այդ մասին փաստել են մրցույթի աշխատանքային խմբի ղեկավար Վ.Վինոգրադովն ու ռուսական «Առաջին» ալիքի գլխավոր պրոդյուսեր Կ.Էռնստը: Եվրոպայի հեռարձակողների միությունը մրցույթն անցկացնելու համար տրամադրել է 6 մլն եվրո, 1 մլրդ ռուբլի փոխանցել է Ռուսաստանի կառավարությունը, եւս 200 մլն ռուբլի ստացվել է Մոսկվայի քաղաքապետարանից: «Եվրատեսիլն» ունի նաեւ 6 խոշոր հովանավորներ: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմել է 42 մլն եվրո (անցյալ տարվա մրցույթն արժեցել է 24 մլն եվրո): Մոսկվայի «Օլիմպիյսկի» դահլիճում կառուցվել է համերգային բեմ, որը «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենամեծն է լինելու: Մրցութային բոլոր 3 օրերի համերգների տոմսերն արդեն վաճառված են, սակայն, Կ.Էռնստի վկայությամբ` տոմսերի վաճառքից ստացված գումարը պարզապես «արցունքներ» են, քանի որ ծախսերը տասնապատիկ շատ են)։ Ճգնաժամի օրերին նման խոշոր մրցույթ հյուրընկալելը շահավետ չէ, սակայն պատվաբեր է: Արդեն հայտնի է, որ մրցույթի ֆինալային օրը համերգը կվարեն Ալսուն ու Իվան Ուրգանտը, իսկ կիսաեզրափակիչների վարողները կլինեն մոդել Նատալյա Վոդյանովան ու Անդրեյ Մալախովը: