Գիա Կանչելին Երեւանում

12/05/2009

«21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ Երեւանում մայիսի 7-9-ը կազմակերպվել էին վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի համերգները։ Կոմպոզիտորը, արդեն մի քանի տարի է, ապրում է Եվրոպայում։ Նա պատմեց, որ երբ 1991 թվականին առաջին անգամ գնաց Բեռլին, պետք է ընդամենը մեկ տարի այնտեղ մնար, սակայն հայրենիքում սկսվեց քաղաքացիական պայքարը, եւ նա որոշեց մնալ Եվրոպայում։ «Որոշեցի, քանի դեռ կարողանում եմ իմ աշխատանքով փող վաստակել, կապրեմ այնտեղ, որտեղ փող եմ վաստակում։ Իսկ երբ փողս վերջանա, հայրենիք կվերադառնամ։ Չգիտեմ, բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց փողս այդ ժամանակվանից չի վերջանում, ես անընդհատ նորանոր ստեղծագործական առաջարկներ ու պատվերներ եմ ստանում եւ ապրում եմ Արեւմուտքում»,- պատմեց նա։ Մի քանի օր շարունակ Երեւանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում ու Կամերային երաժշտության տանը կատարվեցին Գիա Կանչելիի ստեղծագործությունները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Սերենադ» նվագախմբի ու «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ։ Համերգներին մասնակցում էին հանրահայտ երաժիշտներ Գիդոն Կրեմերը, Պավել Վերնիկովը, Մաքսիմ Ռյազանովը եւ այլք։ Գիա Կանչելին շատ է աշխատել թատրոնում եւ կինոյում, երաժշտական ձեւավորումներ անելով ներկայացումների եւ ֆիլմերի համար։ Մի քանի տասնամյակ նա աշխատել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնում՝ որպես երաժշտական տնօրեն։ Երեւանում գտնվելով, նա պատմեց, որ «Միմինո» ֆիլմի վրա աշխատելու ժամանակ ինքն է խորհուրդ տվել Մհեր Մկրտչյանին՝ «Որտե՞ղ է աշխարհի ամենահամեղ ջուրը» հարցին պատասխանել՝ Դիլիջանում, քանի որ նա հաճախ է հանգստացել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն ու լավ հիշում է, որ ջուրն ու մթնոլորտն այնտեղ հիանալի էին։ Եվ ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան, որ մինչ այդ ուզում էր նշել, որ ամենահամեղ ջուրը Լենինականում է, մտքափոխվեց ու փոխեց քաղաքի անունը։ «Ես եղա Դիլիջանում ու ուղղակի սարսափեցի՝ տեսնելով, թե ինչպիսի վիճակում է գտնվում այժմ Դիլիջանի Կոմպոզիտորների տունը։ «Հուսով եմ, որ խելացի մարդիկ կգտնվեն ու այդ հրաշալի տունը նորմալ վիճակի կբերեն»,- ասաց նա։ Գ.Կանչելին պատմեց, որ իր 7 սիմֆոնիաներից 6-ը գրել է հենց Դիլիջանում։ Եվ շատ ուրախ է գտնվել Հայաստանում ու կրկին հանդիպել իր հայ ընկերների հետ։ «Ցավոք, հիմա շատերն արդեն ողջ չեն»,- ասաց նա ու պատմեց, որ ամենից շատ մտերիմ է եղել Ավետ Տերտերյանի հետ։