Կապանի արվեստի դպրոցի սենյակներից մեկում` կիսամութ, ու վերեւի երկու փոքրիկ ճաղապատ պատուհաններից ոչինչ չի երեւում, անգամ դրսից: Սենյակի մի անկյունում դաշնամուրն է, մեծ հայելիներն ու բալետի կլասիկայի համար նախատեսված ձողերը: Այստեղ ձմռան դժվարություններն արդեն ավարտվել են, բայց դրանց մասին չեն մոռանում պարուսույցն ու աշակերտները:
Պարուսույց Թամարան հիշում է, որ ձմռանը մեկ ժամ առաջ էր գալիս դասարան, բայց վառարանը վառում էր երեխաների գալուց տասը րոպե առաջ: Ուսուցչուհին ասում է, որ խնայողությամբ էին փայտն օգտագործում, քանի որ փայտը քիչ էր լինում, իսկ դասը` երկար: «Խնդիրները շատ են, անգամ տարրական պայմաններ չկան` օդափոխիչ չունենք, երկու ժամ պարապում ենք, երեխաները քրտնում են, բայց ի՞նչ արած: Երբեմն էլ հիվանդանում են ու դասի չեն գալիս»,- նշում է Թամարա Ստեփանյանը` ուրախանալով, որ այդքանից հետո էլ երեխաներ կան, որոնց հետաքրքրում է դասական պարարվեստը:
Եկատերինան, արդեն երկու տարի է, գալիս է պարի: Հիմա նա նախկինի պես չի վիրավորվում, երբ շատերը ծիծաղում են իր կատարած ընտրության համար: «Արդեն սովորել եմ: Երեխաներ կան, ովքեր ժամանակակից պարեր են նախընտրում, ես էլ իրենց վրա եմ ծիծաղում, ու ասում, որ մի օր ես դառնալու եմ բալետի իսկական պարուհի»,- ասում է նա: Իսկ բալետ նա սկսել է սիրել պուանտներից (բալետի կոշիկներ), որոնք, սակայն, մինչ օրս էլ մնում են երազանքների շրջանակներում: «Հագուստը կարվում է երեխաների ֆինանսական միջոցներով, որոնք հագնում են միայն հաշվետու համերգներին, իսկ պուանտների մասին խոսք լինել չի կարող. թանկ հաճույք են»,- ընդգծում է ուսուցչուհին` ավելացնելով, որ երեխաները ամսական 1600 դրամն են հազիվ վճարում, իսկ ձմռանն էլ` փայտի գումարը:
Աշակերտներից շատերն էլ բալետ պարում էին գուլպաներով: Թամարա Ստեփանյանը նկատում է, որ եթե անգամ հիմա երեխաները ձեռք բերեն բալետի կոշիկներ, ապա չեն կարողանա պարել: Չնայած այս հանգամանքին, նրանցից ոմանք որոշել են բալետի պարուհիներ դառնալ: Ուսուցչուհին, ով արդեն 18 տարի է` աշխատում է դպրոցում, համոզված է, որ կգա մի օր, երբ տեղի իշխանությունն էլ դասական պարի մասին կմտածի: «Համակերպված աշխատում ենք մինչեւ մեզ էլ նկատեն»,- ասում է Թամարա Ստեփանյանը:
Մինչդեռ Կապանի արվեստի դպրոցում ստիպված համակերպվում են ամեն ինչի հետ, նույնիսկ ցածր վարձատրությանը` միայն թե արվեստը չմեռնի Կապանում: