Բուժիչ նամակներ

12/05/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մատուտակը ժողովրդական բժշկության մեջ

Մատուտակը բազմամյա, 50-80 սմ բարձրությամբ բույս է: Այն պատկանում է հատիկավորների ընտանիքին: Մատուտակը ծաղկում է հունիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում: Այս բույսն ընդհանրապես աճում է տափաստանային, կիսաանապատային վայրերում` խճաքարերի մեջ: Որպես դեղանյութ՝ օգտագործվում են արմատներն ու արմատների անմիջապես հողի վրա երեւացող մասերը: Բժշկության մեջ, բացի մերկ մատուտակից, օգտագործվում է նաեւ ուրալյան մատուտակը:

Մատուտակի հակաբորբոքային նշանակությունը նրա ամենագնահատելի հատկություններից մեկն է: Այն նաեւ օգնում է օրգանիզմին յուրացնելու մյուս դեղային պրեպարատներն ու ակտիվացնում դրանց ազդեցությունը: Տիբեթական բժշկությանը հայտնի էին նաեւ մատուտակի հակաուռուցքածին հատկությունները: Նաեւ ապացուցվել են նրա հակամիկրոբային, հակաալերգիկ ու հանգստացնող հատկությունները:

Մատուտակի թուրմը մաքրող նշանակություն կարող է ունենալ երիկամների ու միզուղիների համար: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս նաեւ մատուտակի թուրմ օգտագործել հանքային նյութափոխանակության հետ կապված որոշ խանգարումների դեպքում: Թուրմը պատրաստելու համար 1 կամ 2 թեյի գդալ չորացրած արմատները թրմել 1 բաժակ եռջրի մեջ, 15 րոպե էլ թողնել ջրային գոլորշու վրա եւ քամել ու խմել օրը 3 անգամ` 1 ճաշի գդալից:

Այն շատ լավ օգնում է նաեւ բրոնխիտի համար պատրաստվող դեղատոմսերի բաղադրության մեջ: Վերցնել 3 բաժին մատուտակի արմատ, 8 բաժին տուղտի արմատ, 4 բաժին տատրակի տերեւ, 1 բաժին ջղախոտ եւ 2 բաժին ֆենխելի պտուղներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ լցնել 1 բաժակ եռջրի մեջ, թողնել 2 ժամ, հասցնել եռման աստիճանի, հետո սառեցնել, քամել ու խմել օրը 3 անգամ` բաժակի 1/3-ից:

Մատուտակը շատ լավ միջոց է նաեւ փորկապությունների դեպքում: Հնում այն համարվել է կյանքի ու երիտասարդության էլիքսիր, օրինակ` Չինաստանում: Այժմ մատուտակից ստանում են մի շարք բուժական պրեպարատներ` էլիքսիր, որը նշանակվում է որպես խորխաբեր միջոց:

Փորձված ու վստահելի միջոց մազաթափության համար

Մենք արդեն անդրադարձել ենք կռատուկի հրաշալի հատկություններին, բայց քանի որ մազաթափությունը, կարելի է ասել` յուրաքանչյուր երկրորդի համար լուրջ խնդիր է, մենք նորից անդրադարձանք կռատուկին, որը տեղ էր գտել մեր ընթերցող Ջուլիետա Սահակյանի նամակում:

Մազաթափության համար անհրաժեշտ է վերցնել մեկական ճաշի գդալ կռատուկի արմատ, դաղձի, սրոհունդի ու եղինջի տերեւներ: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 1 լիտր եռջրի մեջ եւ գոլորշու վրա 20 րոպե թողնել, սառելուց հետո քամել ու գլուխը սովորական լվանալուց հետո ցայել այս 1 լիտր ջրով: Այն շատ լավ ամրացնում է մազարմատները:

Մասնագետի խորհուրդ

«Ճիշտ սնվել` չի նշանակում՝ դիետա»,- ասում են մասնագետները:

Շատ բան է կախված այն փաստից, թե ինչպես է կազմակերպված մեր սնվելը` մեր հասակը, մազերի գույնը, սեռական ակտիվությունը, մարմնի յուրահատուկ հոտը, կառուցվածքը, բայց հատկապես մեր առողջությունը: Այնպես որ` պետք է վերջ տալ օրգանիզմը քայքայող դիետաներին կամ խելքից դուրս շատակերությանը: Մի բան պետք է լավ հասկանալ, որ ի տարբերություն սնվելու ճիշտ համակարգի` դիետաները կարճաժամկետ են, որովհետեւ միայն ջրով կամ բանջարեղենով մարդը երկար չի դիմանա, եւ ոչ թե կնիհարի, այլ պարզապես կհյուծվի: Իսկ ահա ճիշտ սնվելն ամբողջ կյանքի ընթացքում պարզապես պարտադիր է: Գրագետ ընտրված սնվելու համակարգը կօգնի ձեզ թոթափվել շատ խնդիրներից: Համոզել հրաժարվել յուղոտ սննդամթերքից, հոթ-դոգերից ու համբուրգերներից, այնքան էլ հեշտ չէ: Ինչպես դիետաներում, այստեղ էլ կան կանոններ ու արգելքներ: Թեկուզ դրանք այնքան էլ շատ չեն, բայց մեր ուտելու ցանկությունն ու կարողությունը որոշակի ռեժիմի սովորեցնելն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է: Իհարկե, այս փուլը հեշտ կանցկացնեն դիետաների սիրահարները, բայց հետո դժվարություններ կարող են լինել, քանի որ նրանց օրգանիզմը սովոր չէ սննդի մեջ երկարատեւ սահմանափակումների: Մասնագետները մշակել են ճիշտ սնվելու մի քանի սկզբունք.

Ճիշտ սնվելու առաջին ու գլխավոր կանոնը սնվելու հաճախականությունն է` ուտել օրը մի քանի անգամ, 4 անգամից ոչ պակաս, բայց քիչ քանակությամբ եւ միշտ միեւնույն ժամին:

Երկրորդ կարեւոր պայմանը սննդի բազմազանությունն է: Պետք չէ տանջվելով փորձել ուտել այնպիսի ուտելիք, որը չեք սիրում դեռ մանկուց, ասենք` ծաղկակաղամբ: Տապակած, ճարպոտ, կծու ու թթու սննդամթերքի քանակը պետք է սահմանափակել: Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ օրգանական ու հանքային նյութեր, որոնք անպայման պետք է լինեն ձեր ռացիոնում:

Չի կարելի միանգամից հրաժարվել այն ռեժիմից, որին դուք սովոր եք տարիներ շարունակ, այդ պատճառով որոշ մթերքի տեսակներից փորձեք օգտվել աստիճանաբար: Միանշանակ պետք է կրճատել աղի ու շաքարի օգտագործման քանակը:

Պետք է պահպանել էներգետիկական բալանսը: Սնունդը պետք է լրացնի մեր էներգիայի կորուստները: Կարելի է ուսումնասիրել սննդամթերքի կալորիականության աղյուսակն ու վերականգնել կամ ծախսել մեզանում բացակայող կամ ավելացած էներգիայի քանակը: