Խախտեց նաեւ երկրորդը

10/05/2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկում է 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ընդհանուր օգնությունը, իսկ Ադրբեջանինը` ավելացնել 20 տոկոսով: 2010թ. առաջարկվում է Հայաստանին որպես տնտեսական օգնություն տրամադրել 2009թ. համեմատ 48 մլն դոլարով պակաս գումար: Ընդ որում, ի տարբերություն նախորդ տարիների, առաջարկվում է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղին գումար չտրամադրել: Իբրեւ Արտաքին ռազմական օգնություն՝ 2010 թ. նախատեսվում է Ադրբեջանին տրամադրել 4 մլն դոլար, իսկ Հայաստանին` 3 մլն դոլար: Միջազգային ռազմական կրթական եւ ուսուցման ծրագրերի համար Հայաստանին տրամադրվելու է 450.000 դոլար, իսկ Ադրբեջանին՝ 900.000 դոլար: Ամերիկայի Հայկական համագումարը հայտարարում է, որ փաստորեն նախագահ Օբաման երկրորդ անգամ խախտում է իր նախընտրական խոստումը: «Ընդամենը երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր նախընտրական խոստումը, չճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ այսօր հրաժարվեց իր մեկ այլ խոստումից՝ 2010թ. հարկա-բյուջետային բյուջեով նախատեսված Հայաստանին օգնությունը կրճատելով: Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր. «Ես վերահաստատում եմ մեր աջակցությունը Հայաստանին, որը եղել է մեր վստահելի գործընկերը ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում: Ես կնպաստեմ Հայաստանի անվտանգությանը՝ փորձելով վերջ տալ թուրքական եւ ադրբեջանական շրջափակմանը»: Ըստ «Ա1+»-ի, Ամերիկայի Հայկական համագումարի նախագահն ասել է, որ իրենք ամեն ջանք կգործադրեն, կաշխատեն ամերիկացի գործընկերների` կոնգրեսականների հետ, որ այս առաջարկը չընդունվի: