Երեկ Ազգային ժողովի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում հերթական անգամ սկանդալային հայտարարություններ են հնչել, որոնք հերթական անգամ ապացուցել են, որ մարտի 1-ի գործը «սարքած» իշխանությունները ոչ միայն որեւէ բանականությանը մոտ ապացույց չեն կարողանում ներկայացնել, այլ նաեւ հակասում են մեկը մյուսին: Մասնավորապես Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ հերքել է ԱԺ այդ հանձնաժողովի նախորդ նիստում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի արած հայտարարությունն այն մասին, թե 2008թ. մարտի 1-ին «մի խումբ երկրապահներ ներխուժել են «Մետրոպոլ» հյուրանոց եւ պահանջել են ազատել տարածքը»: Վ Հարությունյանն ասել է, թե քննչական խմբին այդ մասին հայտնի են եղել ընդամենը «լուրեր, աղմուկ», սակայն որեւէ ապացույց կամ ցուցմունք այդ առնչությամբ ինքը չունի: Այսինքն` մարտի 1-ի հիմնական կատարող-դերակատարներից մեկի` Հայկ Հարությունյանի «խորհրդարանական ցուցմունքներից» հետո ողջ իշխանական մեքենան լծվել է նրա ասածները հերքելու գործին: Սամվել Նիկոյանը հերքում է Հարությունյանի հայտարարությունը, որ մարտի 1-ին նախագահական նստավայրում գործել է օպերատիվ շտաբ, Հարությունյանը հերքում է «Մետրոպոլի» գրավման» հայտարարությունը, եւ այդպես շարունակ: Ի դեպ, քննչական խմբի սույն ղեկավարը երեկ նույն հաջողությամբ տապալել է նաեւ այն, ինչի համար իշխանությունները նրան ուղարկել էին ԱԺ` հերքել մարտի 1-ի փաստահավաք խմբի կողմից պատրաստված զեկույցը, որում ուղղակիորեն ապացուցվում է մարտի 1-ի զոհերից մեկի` Համլետ Թադեւոսյանի մահվան իրական հանգամանքները կոծկելու փաստը: Մնում է Նիկոյանը վերջինիս ասածների «տակից դուրս գալու» ձեւը գտնի: