Անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ կայացած հանդիպմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնել են հարգել այն պայմանավորվածությունները, որոնք նախապես ձեռք էին բերվել՝ ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները: Այդ կապակցությամբ նախագահները արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են շարունակել շփումները՝ հետագա քայլերի վերաբերյալ: Է. Նալբանդյանը հերքել է տարածված այն տեղեկությունը, իբր նախատեսվում է ՀՀ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի նախագահների քառակողմ հանդիպում: «Այդ լուրը որեւէ կերպ չի համապատասխանում իրականությանը, այդպիսի հարց օրակարգում չկա»,- ասել է նա: Խոսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցություններում շրջանառվող հիմնարար սկզբունքների մասին, Էդ. Նալբանդյանն ասել է, որ խոսքը Մադրիդում առաջարկված փաստաթղթում պարունակվող սկզբունքների մասին է: Նրա գնահատմամբ, ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների` Պրահայում երեկ կայացած հանդիպումը օգտակար էր այն առումով, որ կողմերն ավելի ծանոթացան երկու կողմերի դիրքորոշումներին, հնարավորություն ստեղծվեց մերձեցնելու մոտեցումները առանձին կետերի շուրջ: