ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ցանկացած տարածքային զիջման գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը դեմ է: «Ես զինվորական եմ: Ինձ համար ցանկացած զիջում մահացու է, բայց եթե երկու երկրների իշխանությունները քաղաքական որոշում կայացնեն փոխզիջումների մասին, ստիպված պետք է ընդունենք»,- պատասխանելով ԼՂ հարցում տարածքների հանձնման ՀՀ իշխանությունների պատրաստակամության մասին «Ա1+»-ի հարցին` երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է գեներալը, ում ասուլիսի առիթը Շուշիի ազատագրման տարեդարձն է եղել: «Ես հպարտ եւ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել մասնակցել Շուշիի ազատագրման օպերացիային»,- ասել է նա: Իսկ ինչպե՞ս է Գ. Դարիբալթայանը վերաբերվում այն փաստին, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի առաջին դեմքերը ընտրությունների քարոզարշավի ընթացքում իրենց են վերագրում Շուշիի ազատագրումը, իրականում ո՞ւմ է պատկանում Շուշիի ազատագրումը: Այս հարցերին ի պատասխան` Գ.Դարիբալթայանն ասել է. «Տոլստոյը իր «Պատերազմ եւ խաղաղությունը» պատերազմից 50 տարի հետո է գրել: Այսօր մենք դեռ ժամանակ չենք ունեցել գրել մեր հաղթանակի մասին: Մենք՝ հայերս, այնպես ենք դաստիարակվել, որ բոլորս ասում ենք, թե մենք ենք հրամանատարը եղել: Մի անհանգստացեք, թող ուրախանան, թող աղմկեն, իսկ հաղթել է ժողովուրդը: Ով էլ այնտեղ ղեկավարեր, ով էլ «ուռա» գոռար, հաղթողը հայ ժողովուրդն է»: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Շուշիի ազատագրումից 17 տարի անց քաղաքը, որը Արցախյան պատերազմի հաղթանակի հիմքը հանդիսացավ, դեռ ավերակ վիճակում է, ապա գեներալը ցավով նշել է, որ շատ բան մենք դեռ չենք հասցրել անել: Գ.Դարիբալթայանը ցավ է ապրում նաեւ, որ պատերազմի մասնակիցներից, մեր հերոսներից շատերը այսօր գտնվում են անազատության մեջ` իրենց քաղաքական հայացքների համար: «Ես ցավ եմ ապրում, ես ցանկանում եմ, որ նրանք որքան հնարավոր է շուտ ազատվեն, բայց դա միայն իմ ցանկությունն է: Կա օրենք, եւ ես հավատում եմ, որ մեր երկրի նախագահը շատ շուտ այդ հարցը կլուծի»: Խոսելով մեր բանակի այսօրվա պատրաստակամության մասին` գեներալ-գնդապետը վստահեցրել է, որ բանակի մարտական ոգին շատ բարձր է. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման դեպքում մենք մեր հարցերն ինքնուրույն կարող ենք լուծել: «Իսկ Թուրքիայի կողմից պատերազմի սկսման դեպքում մենք մեր հարցերը կլուծենք ՌԴ-ի օգնությամբ, ՌԴ-ն մեզ ավելի մոտ է եւ մեր ռազմավարական գործընկերն է: Մենք դեռ ամեն ինչ չենք արել` սեղանի վրա դեռ օպերացիա կա մշակված, որի իրականացումից հետո մեր ժողովրդի անվտանգությունը կապահովվի»,- ասել է Դարիբալթայանը: