2 օր առաջ գրեթե բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին մի ռեպորտաժ, որը պատմում էր պետական ֆինանսական աջակցություն ստացած 7 ընկերությունների մասին։ Վերջիններս հայտեր են ներկայացրել կառավարության` տնտեսական զարգացմանը նպաստող աջակցության ծրագրերի օպերատիվ շտաբին եւ ստացել են շուրջ 1.3 միլիարդ դրամի ֆինանսական ռեսուրսներ։
Կառավարությունը հավաստիացնում է, որ այդ ընկերությունների գործարար ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է ստեղծել ավելի քան 815 նոր աշխատատեղ եւ հումքի մթերման գործընթացում ներգրավել շուրջ 530 գյուղացիական տնտեսությունների` ապահովելով արտադրանքի արտահանում Վրաստան, ՌԴ, ԵՄ երկրներ եւ ԱՄՆ: Իհարկե, մամուլում հրապարակումներ եղան, թե ֆինանսական աջակցություն ցուցաբերվել է այնպիսի ընկերությունների, որոնք տարիներ շարունակ պարապուրդի մատնված են եղել, այսինքն՝ ունակ չեն, եւ նրանց գումար տրամադրելը անհեռանկարային գործ է։ Սակայն այս մասին չէ, որ ցանկանում ենք խոսել. ի վերջո, ցանկացած բիզնեսմեն ձգտում է ռեսուրսներ ներգրավել եւ զարգացնել իր գործը, եւ դա դատապարտելի չէ։ Այլ հարց է, որ դա արվում է հարկատուների հաշվին:
Զավեշտալի է այն ոգեւորությունը, որով խոսվում է այս մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ 7 ընկերությունները՝ 1.3 միլիարդ դրամի օգնությամբ, «գործի են գցելու» անդունդի եզրին հայտնված տնտեսությունը։ Իսկ որ տնտեսությունն իսկապես անդունդի եզրին է, վկայում են անգամ պաշտոնական թվերը՝ արձանագրելով աննախադեպ անկում տնտեսության բոլոր ոլորտներում։ Ասում են՝ պատճառը ճգնաժամն է։ Իրո՞ք այդպես է։
Տնտեսական անկումը, ինչպես իշխանություններն իրենք էլ են խոստովանում, պայմանավորված է առաջին հերթին շինարարության ծավալների անկմամբ (2009թ. առաջին եռամսյակում շինարարության ծավալները նվազել են ավելի քան 20%-ով)։ Սակայն ո՞վ է մեղավոր՝ ճգնաժա՞մը, որի պատճառով մարդիկ անշարժ գույք չեն գնում, կառուցապատողներն էլ չեն աշխատում, թե՞ այն քաղաքականությունը, որը տնտեսության «շարժիչ ուժ» է դարձրել հենց այս ոլորտը։ Այլ կերպ ասած՝ տնտեսությունը կախման մեջ գցել դրսից եկած փողերով իրականացված շինարարության ու դրսից ստացված փողերով ձեւավորվող պահանջարկից։ Այդ «քաղաքականության» արդյունքում, շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ 1999թ. 7.6%-ից հասավ 23.1%-ի (Աղյուսակ 1)։
Իսկ մերոնք տարիներ շարունակ խոսում էին բարձր տեխնոլոգիաների, մրցունակության, տարածաշրջանային կենտրոն դառնալու եւ այլ «պուպուշ» բաների մասին։ Ստացվում է՝ շինարարությո՞ւնն է այն ոլորտը, որը մեր տնտեսությունը պիտի բարձրացներ ու հասցներ իշխանությունների կողմից այդքան սիրված Սինգապուրի մակարդակին։ Իհարկե ոչ, ու իշխանություններն էլ դա գիտեն։ Պարզապես… այդպես ավելի ձեռնտու էր։ 1999-ից մինչեւ 2008թթ., ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում իրականացվել է 4.94 տրիլիոն դրամի շինարարություն։ Այսօրվա փոխարժեքով դա կազմում է շուրջ 13 միլիարդ դոլար։ Դրա շուրջ 20-30%-ը իրականացվել է պետական միջոցների, մարդասիրական օգնության, Համաշխարհային բանկի, «Հայաստան» հիմնադրամի եւ այլ կազմակերպությունների միջոցներով։ Այսինքն՝ պետության վերահսկողությամբ։ Ավելի կոնկրետ՝ «վերեւներին» մոտ կանգնած չինովնիկների աչալուրջ հսկողությամբ։ Իսկ որ շինարարությունը ավանդաբար համարվել է մեր տնտեսության ոչ միայն շարժիչ ուժը, այլեւ՝ փող «աշխատելու» ամենահարմար ոլորտը, վաղուց է բոլորին հայտնի։ Այնպես որ, «պետական քաղաքականության» գոնե մեկ լուրջ հիմնավորում կարելի է գտնել։
Հիմա գանք արդյունաբերությանը։ Իհարկե, ճգնաժամը ազդել է այդ ոլորտի վրա, սակայն 1999թ. մինչ օրս արդյունաբերության արտադրանքի տեսակարար կշիռը գնալով փոքրացել է՝ 28.3%-ից հասնելով 20%-ի (Աղյ. 2)։ Դա՞ էլ ճգնաժամով կարելի է բացատրել։ Հազիվ թե։
Բացարձակ թվերով՝ արդյունաբերության ծավալներն, իհարկե, աճել են։ Սակայն կարեւորը ոչ թե թիվն է, այլ կառուցվածքը։ Բարձր տեխնոլոգիաները գերակա ճյուղ հռչակած տնտեսության արդյունաբերության կառուցվածքում առյուծի բաժինը՝ 46.6%-ը, սննդամթերքի եւ խմիչքների արտադրությունն է, 20.6%-ը՝ մետաղագործական արտադրությունը, 9.5%-ը՝ այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը։ Այսինքն՝ հանքահումքային արտադրանքը կազմում է արդյունաբերության ավելի քան 30%-ը, մինչդեռ 1999թ. կազմում էր 8%-ը։ Վա՞տ է սա, թե՞ լավ։ Լավն այն է, որ ամեն ինչ հեշտ է. առանձնահատուկ բիզնես ունակություններ չի պահանջում. երկրի բնական հարստությունը հանում եւ վաճառում ես (եթե մեջքիդ մարդ ունես)։ Շատ ավելի լավ է, եթե միջազգային գները բարձրանում են (վերջին տարիներին հենց այդպես էլ եղել է), եւ առանց լրացուցիչ ջանքերի՝ բազմապատկում ես եկամուտներդ՝ պետությանն էլ ձեռքի հետ հարկեր վճարելով։ Իսկ եթե հակառակն է տեղի ունենում, ինչպես այժմ, ապա «քաշվում» ես եւ՛ դու, եւ՛ պետությունը, որը հույս էր դրել քո վրա։ Օրինակ, 2009թ. առաջին եռամսյակի տվյալներով, արտահանման կառուցվածքում հանքահումքային արտադրանքի ծավալը կրճատվել է 70%-ով՝ պայմանավորված պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկմամբ։ Սա նշանակում է՝ եկամուտների, հարկային մուտքերի կրճատում, գործունեության սառեցում եւ գործազրկություն։ Ի մի բերելով, կարելի է ասել, որ 10 տարի հումք ենք վաճառել, շենք ենք սարքել, սնունդ արտադրել՝ հիմնականում սեփական սպառման համար եւ, ինչո՞ւ ոչ, ծառ տնկել։ Եվ «ոսկյա տասնամյակից» հետո, կառավարությունը այն օրին է հասել, որ հույսը դրել է 1.3 միլիարդ դրամ ստացած 7 ընկերությունների մշուշոտ ապագայի վրա։
Հ.Գ. Ի դեպ, նախկինում ԱԺ անկախ, ընդդիմադիր պատգամավոր (ներկայումս՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական) Թաթուլ Մանասերյանը բազմիցս՝ ասուլիսների, ԱԺ նիստերի եւ այլ առիթների ժամանակ սուր քննադատության էր ենթարկում կառավարությանը՝ առաջ քաշելով հետեւյալ հարցը. «Ո՞ւր է գլորվում մեր տնտեսությունը, ի՞նչ տնտեսություն ենք ունենալու տարիներ հետո»։ Հետաքրքիր է՝ այդ հարցն այլեւս տնտեսագետին չի՞ հետաքրքրում, թե՞ նա ինքն իր համար պատասխանն արդեն գտել է. չէ՞ որ «վերեւից» ամեն ինչ ավելի լավ է երեւում։