«Հիանալի հանդիպում»

10/05/2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ավարտից հետո նա հակիրճ հայտարարություն է արել մամուլի համար: «Մենք հիանալի հանդիպում ունեցանք նախարար Լավրովի հետ: Նրանք պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ մեր արտաքին քաղաքական թիմերի հետ ամբողջ օրը խորհրդակցել են: Իսկ մեր հանդիպումը պսակում է այդ բոլոր զրույցները: Այս բոլորն այն այցի նախապատրաստումն է, որն, ըստ նախագահ Մեդվեդեւի հետ ձեռք բերված մեր համաձայնության, տեղի կունենա առաջիկա ամռանը,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ավելացնելով,- Ինչպես ես շատ անգամ ասել եմ, մենք այժմ հիանալի հնարավորություն ունենք լայն շրջանակի հարցերի շուրջ Միացյալ Նահանգների եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների վերաձեւակերպման համար»: Օբամայի հետ հանդիպումից առաջ կայացել են Լավրովի բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Դա կարծիքների բաց փոխանակություն էր այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար»,- հանդիպումից հետո հայտարարել է Քլինթոնը` ավելացնելով, որ կողմերը քննարկել են միջուկային զենքի տարածումը կանխելու եւ միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման բնագավառում համագործակցելու հարցերը, Աֆղանստանի, Մերձավոր Արեւելքի իրադրությունը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել Իրանի վերաբերյալ: