Ակնկալում են կոնկրետ առաջընթաց

10/05/2009

Նախօրեին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման կապակցությամբ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` ԱՄՆ դեսպանի կեցավայրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որին ներկա են գտնվել նաեւ երկու երկրների արտգործնախարարները: Սա վերջին տարվա ընթացքում երկու նախագահների չորրորդ հանդիպումն էր: Համանախագահները կարծում են, որ յուրաքանչյուր հանդիպում ավելի է մոտեցնում կողմերին հիմնախնդրի հանգուցալուծմանը: Այս առումով մայիսի 7-ի հանդիպումը վկայում է, որ տվյալ հարցում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Նախագահները հավանության են արժանացրել ՄԽ համանախագահների ծրագիրը` ուղղված մաքոքային դիվանագիտության հետագա ամրապնդմանը` առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ կարեւորագույն տարրերը համախմբելու համար: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են իրենց հերթական այցին տարածաշրջան եւ առաջիկա հանդիպմանը, որը, ինչպես առաջարկվել է նախագահներին, տեղի է ունենալու հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում: ՄԽ համանախագահներն ակնկալում են, որ առաջիկա հանդիպումները թույլ կտան մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կոնկրետ առաջընթաց արձանագրել Հիմնարար սկզբունքների շուրջ»: Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում նախօրեին նույն հանդիպման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական գնահատականի հետ: Մասնավորապես Պրահայի հանդիպման մասին ՀՀ նախագահի մամուլի գասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ հանդիպումն ընդամենը «հնարավորություն է տվել մոտեցնելու դիրքորոշումները որոշ կետերի ուղղությամբ»: Մինչեւ տարեվերջ «կոնկրետ առաջընթաց արձանագրելու մասին» որեւէ բառ ասված չէր: