Կշրջափակեն

10/05/2009

Վրաստանի ընդդիմության ղեկավարները, որոնք գրեթե մեկ ամիս բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացնում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով, նրան երեք օր են տվել իրենց հետ հանդիպելու եւ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար անհրաժեշտ միջոցները քննարկելու համար: Հակառակ դեպքում ռեժիմի հակառակորդները սպառնացել են փակել երկրի կենտրոնական մայրուղիները: «Եթե երկու-երեք օրից նա չհամաձայնի հանդիպել մեզ հետ, մենք կսկսենք փակել ճանապարհներըգ Եթե նա մեզ հետ բանակցությունների սեղանի շուրջ չնստի, կստանա ակցիաներ, որոնք մենք խոստացել ենք, եւ գործընթաց, որը նրա վրա թանկ կնստի»,- նախօրեին կայացած հանրահավաքում հայտարարել է «Ազգային համաժողով» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Իրակլի Մելաշվիլին: Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Վրաստանի ուղին» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ ընդդիմությունը չի հրաժարվում Սահակաշվիլիի հրաժարականի պահանջից եւ կշարունակի խաղաղ ճանապարհով հասնել այդ նպատակին: Ընդդիմությունը ծրագրում է Հաղթանակի օրը՝ Մայիսի 9-ին, բողոքի մասշտաբային ակցիա անցկացնել: «Սահակաշվիլին ցանկանում է երկիրը անդունդ տանել: Իսկ մենք դա չենք ցանկանում: Ուստի մայիսի 9-ին բողոքի մեծ ալիք կլինի: Եվ մեզ միայն մեկ ճանապարհ է մնում՝ ոչ մի քայլ հետ»,- հանրահավաքում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: