Այնպես է ստացվել, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին
ուկրաինական տեղեկատվության մթնոլորտում հայտնվում են ֆեդերալիզմի եւ
ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու թեմաներ։ Ճիշտ է, դրանք
բարձրացնում են միայն դատարկ ու անհեռանկար քաղաքական գործիչները։ Պարզ
բան է, որքան մոտ քաղաքական կրախին ու մեղադրյալի աթոռին՝ այնքան ավելի
բարձր է հնչում հերթական ֆեդերալիստի մռնչյունը։
Ինչպես միշտ նման դեպքերում, հարցը լրջորեն չեն քննարկում։ Կարեւորն
աղմուկ բարձրացնելն ու ուշադրություն գրավելն է՝ հուսալով, թե այդ դեպքում
չեն դատի։ Ոչ ոք չի պատրաստվում առարկայորեն խոսակցություն սկսել
ֆեդերատիվ Ուկրաինայի մասին։ Նրանք չեն էլ թաքցնում, որ մինչեւ հիմա
երազում են Ուկրաինայի լրիվ ապակենտրոնացման մասին, իսկ եթե հաջողվի՝ նաեւ
հետագա ապանմոնտաժման։
Նրանք դժվարությամբ ստեղծված ուկրաինական պետության ոչնչացման ծրագրեր են
քննարկում եւ Ռուսաստանի հետ գործարքի մեջ մտնելու ուղիներ փնտրում։
Արտակարգ հետաքրքիր է այնպիսի կարծիք լսելն, ինչպես, օրինակ, «նայեք
ԱՄՆ-ին կամ Գերմանիային, այնտեղ ֆեդերացիա է, ո՜նց են ապրում, իսկ մե՞նք»։
Ընդդիմախոսներն այս հարցին հարցով են պատասխանում. «Վրաստանն ու
Ռուսաստանն էլ են ֆեդերացիա։ Դա նրանց հարցերը լուծո՞ւմ է»։ Ի դեպ,
ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու մտցնելու հարցը քննարկելիս՝
Գերմանիայի եւ ԱՄՆ-ի օրինակը չեն բերում, որովհետեւ այնտեղ այդպիսի
հարցադրումն անգամ աբսուրդ կլիներ։
Ոչ պակաս անբանական չի թվում ուկրաինական իրավիճակը շվեյցարականի հետ
համեմատելը (որտեղ երեք պետական լեզու կա) կամ ֆիննականի (որտեղ կա
երկուսը)։ Բանն այն է, որ ոչ մի շվեդ, ով ունի Ֆինլանդիայի
քաղաքացիություն, մտքով անգամ չի անցկացնի հրաժարվել հիմնական ազգի լեզուն
սովորելուց եւ իրեն ֆիններեն դիմողին չի ասի. «Կարգին լեզվով խոսիր»,
որովհետեւ եվրոպական մշակույթն ամեն ինչից առաջ հարգանք է ուրիշի
արժեքների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Շվեյցարիային, Ուկրաինայում առավել
քան հեշտ է նմանություններ գտնել Հյուսիսային Կորեայի, Տանզանիայի կամ
Անտարկտիդայի հետ, քան Շվեյցարիայի։ Եվ ընդհանրապես, որեւէ մեկին
նմանվելու փորձերը ոզնիների մասին մանկական անեկդոտն են հիշեցնում. «-
Ոզնիներ, մենք վազե՞լ ենք։ -Վազել ենք։ -Խոտը տրորե՞լ ենք։ -Տրորել ենք։
-Ուրեմն ինչո՞վ մենք բիզոն չենք»։
Ազգային մտահոգություններ ունեցող ֆրանսագերմանաիտալախոս շվեյցարացիները
գիտեն՝ որտեղ պաշտպանեն իրենց մայրենի լեզուն՝ իրենց հայրենիքները հարեւան
են։ Ո՞ր պետությունը, բացի Ուկրաինայից, հոգատարություն կցուցաբերի
ուկրաիներենի նկատմամբ։ Եվ այս ամենը հասկանալով՝ ո՞վ կարող է դեմ լինել,
որ ուկրաիներենն Ուկրաինայում լինի գերադաս։
Ինչ վերաբերում է երկրի ֆեդերատիվությանը, այս հարցում ամեն ինչ մշուշոտ
է։ Այդ էկզոտիկ գաղափարը հիմնավորող միակ փաստարկը տնտեսականն է։ Բայց
Ղրիմի ինքնավարության օրինակը ցույց է տալիս, որ դա ավելի շուտ անհաջող,
քան թե հաջող նախագիծ է։ Ինքնավարականների «Տնտեսական միասնություն մեծ
Ռուսաստանի հետ» հույսերը բախվեցին մրցակցային պատերազմին։ Էությամբ եւ
ֆինանսներով գավառական ղրիմցիները որոշակիորեն չկարողացան հաղթել
կուրորտային բիզնեսի ռուսական շնաձկներին։ Արդյունքում՝ ինքնավար Ղրիմի
միակ նմանությունը Ռուսաստանին մնաց առատ բնական ռեսուրսների պայմաններում
բնակչության մեծ մասի պարադոքսալ աղքատությունը։
Այս տկար գաղափարների վերականգնման համառ ջանքերը մատնում են դրանց
արտասահմանյան ծագումը։ Տարատեսակ դոնեցկ-կրիվոյռոգյան, նովոռոսիսկյան,
ղրիմյան հանրապետություններ ձեւավորելու նախագծերի հեղինակներն ավանդաբար
ապրում են մի մեծ ասիական երկրում եւ, որպես կանոն, ամենափոքր պատկերացում
անգամ չունեն, թե ինչ է իրականում կատարվում մեզ մոտ։
Տ.Պ.