Մեկ շաբաթ է անցել Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից, եւ մայրաքաղաքում մոլեգնում է նախընտրական պայքարը: Մոլեգնում է բառի բուն իմաստով, քանի որ շաբաթվա բոլոր օրերին ու բոլոր ժամերին վարար անձրեւի տակ Երեւանի փողոցներն ասֆալտապատվում են:
Բնականաբար, իշխանական կուսակցություններն օգտագործում են բոլոր հնարավոր լծակները ժողովրդի բարեհաճությունը կամ թեկուզ իրենց օգտին ձայն տալու խոստումը պոկելու համար: Արդեն տեղեկություններ կան ընտրակաշառքների, ընտրողների ցուցակներ կազմելու, աշխատանքից ազատելու եւ այլ սպառնալիքների միջոցով ձայներ հավաքելու մասին: Մի խոսքով, իշխանական կուսակցությունները բոլոր հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործում են Երեւանի քաղաքապետի պաշտոնը չկորցնելու համար: Բնականաբար, այս` մեղմ ասած, անհավասար պայքարում կրկին դժվար է լինելու ընդդիմության, այս դեպքում` կրկին Հայ Ազգային կոնգրեսի վիճակը: «Ճակատագրի բերումով մենք միշտ անհավասար պայքարի մեջ ենք, բայց դա մեզ շատ ավելի պարտավորեցնում է: Քրեական իշխանության դեմ հնարավոր չէ լինել հավասար պայմաններում: Բայց դա որեւէ կերպ չի ազդում ո՛չ մեր քաղաքական պայքարի հոգեբանության վրա, ո՛չ մեր անելիք քայլերի վճռականության վրա: Մենք գիտակցում ենք, թե ում հետ գործ ունենք, շատ լավ գիտակցում ենք նաեւ մեր ներուժը, որը շատ մեծ է հասարակական աջակցության առումով»,- ասում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ընտրապայքարից ու ընտրողների համակրանքը շահելուց բացի, քաղաքական ուժերը մեկ այլ լուրջ խնդիր էլ ունեն: Ընտրողների մեծ մասը ընտրությունների չի գնում: Աշնանը Երեւանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր ընտրողների մոտ 40 տոկոսը: Եվ ձեւավորված կարծիք կա, որ ընտրություններին չմասնակցողը հիմնականում ընդդիմության ընտրազանգվածն է, քանի որ իշխանություններն իրենց ընտրողներին տարբեր միջոցներով կարողանում են ընտրատեղամասեր բերել: Այս առումով եւս ընդդիմությունը կարող է բարդությունների առաջ կանգնել: «Ովքեր չեն գալիս, եկեք նրանց պայմանականորեն բաժանենք երկու հատվածի` մի մասը մարդիկ են, ում քաղաքականությունը ընդհանրապես չի հետաքրքրում, եւ կա մեկ հատված, որը ուղղակի կարծում է, որ իր մասնակցությունը ոչինչ չի փոխի, իշխանությունները հերթական անգամ կկեղծեն: Բայց ես ասեմ, երեւի թե հաջորդ շաբաթվանից մենք շատ ակտիվորեն շփվելու ենք բնակչության հետ: Մեր համակիրները, աջակիցները, անձամբ ես գնալու ենք դռնեդուռ մարդկանց հետ զրուցելու: Ես կարծում եմ, որ երբ մենք կարողանանք մեր խոսքը հասցնել ընտրողներին, եւ կպակասի այն զանգվածը, որի մասին ասեցիք: Բայց դա թող ձեզ չանհանգստացնի, որովհետեւ մայիսի 31-ին մենք ունենալու ենք քվեարկության գնացող շատ ակտիվ հասարակություն: Եվ եթե հասարակությունը գիտակցի, որ անհրաժեշտ է ակտիվորեն մասնակցել ընտրություններին, ապա այս իշխանությունների կեղծելու ռեսուրսը էապես կնվազի»,- ասում է Ա.Մուսինյանը:
Նրա կարծիքով, մարտի 1-ի սպանդից ու դրան հետեւած ու շարունակվող պայքարից հետո հասարակությունը համախմբվեց, դուրս եկավ լճացած վիճակից եւ այսօր ակտիվորեն պայքարում է: «Չլիներ 2007թ. ծագած շարժումը, այսօր Թուրքմենստան էինք լինելու: Հիմա իշխանությունը չի կարողանալու նույն կերպ կեղծումների գնալ: Ինչպիսի բռնապետություն էլ լինի, նրա բռնությունների, կեղծիքների, ահաբեկումների ռեսուրսները մաշվելու են: Մեր քաղաքական թիմը փորձություններով թրծված, կայացած թիմ է: Դրան հակառակ՝ թուլացել է իշխող ռեժիմը, իր մեջ ունեցած հակասությունները խորացել են: Խորացել են նաեւ արտաքին քաղաքական ճնշումները: Հայաստանը գլորվում է դեպի աղքատացում: Իշխանություններն ուղղակի կլպում են բիզնեսը ու քաղաքացիներին: Մարդիկ հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն: Հասկանում են, որ միակ ուժը Կոնգրեսն է, որը այսօր կարող է Հայաստանը փրկել այս կրիմինալ, սեփական երկրի արժեքները չհարգող, ցեղասպանությունը սակարկման ու վաճառքի հանող, ԼՂՀ կարգավորման հարցում նման անհեռատես քաղաքականություն վարող, սեփական երկրի քաղաքացիներին տեռորի ենթարկող այս վարչախմբի ճիրաններից»,- ասում է Ա.Մուսինյանը:
Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՅԴ-ն դուրս եկավ իշխանական կոալիցիայից եւ իրեն հռչակեց ընդդիմություն: Բացի այդ, մեկ ամիս առաջ էլ խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգություն» կուսակցությունը որոշեց չմիանալ Կոնգրեսին եւ ընդհանրապես չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Արդյո՞ք այս երկու դեպքերում էլ Կոնգրեսը մտավախություն չունի, որ ընդդիմադիր ընտրազանգված է կորցնում: «Ցավոք «Ժառանգությունը» չմիացավ մեզ, բայց այս ընթացքում շատ ճիշտ կեցվածք դրսեւորեց, իսկ ՀՅԴ-ի նախընտրական սրացումներին թեթեւ վերաբերվեք: Հետո կգա հունիսի մեկը` ՀՅԴ-ն ելնելով կայունությունից, կգնա ու խելոք կծառայի այս ռեժիմին, որի մեջ միշտ եղել է: Մոռացեք այդ դժվարությունները, ամեն ինչ` վարչական լծակ, ոստիկանական բռնություններ, ամեն տեսակի քաշքշուկներ, համատարած ընտրակաշառքի փորձեր, բայց մենք դրանք կհաղթահարենք: Հասարակությունը թող դրա առաջ չընկրկի, մենք չենք ընկրկում ու մինչեւ վերջ գնալու ենք»,- ասում է մամուլի խոսնակը: