Երեկ ՀՀ Ոստիկանության կոլեգիայի դահլիճում լրագրողները վերջապես բացահայտեցին, որ Ոստիկանությունը մտածում է իրենց մասին:
Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը հայտարարեց, որ Ոստիկանությունը մտահոգված է լրագրողների դեմ կատարվող բռնարարքների համար: Ու հենց այդ մտահոգությունից ելնելով՝ Հովհաննես Թամամյանը լրագրողներին ասաց, որ ինքը կողմնակից է, որպեսզի լրագրողներին տրվի զենք կրելու իրավունք: «Այո, ես կողմնակից եմ, որ կիրթ, բանիմաց մարդն ունենա, ինչու չէ, զենք»,- ասաց Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետը: Նրա համոզմամբ` հանցագործը տեղյակ կլինի, որ լրագրողի ձեռքին զենք կա, ու վերջինս էլ կարող է այն օգտագործել, ասենք, ինչպես ինքը` «հանել-խփել» սկզբունքով: Ըստ վարչության պետի` լրագրողների նկատմամբ իրականացվող բռնարարքները մշտապես եղել են իրենց ուշադրության կենտրոնում, սակայն այս մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցածը ավելի մտահոգիչ է դարձում պատկերը: Հովհաննես Թամամյանը նաեւ նշեց, որ ասուլիսի նախորդ օրը ոստիկանապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ օրակարգային հարցերից մեկը լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների ուղղությամբ Ոստիկանության կողմից տարվող աշխատանքներին է վերաբերել: Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետի ներկայացրած տվյալներով` 1992-ից մինչ օրս լրագրողների նկատմամբ կատարված 17 բռնարարքներից բացահայտվել է միայն 3-ը, որոնցից մեկը՝ Գավառում, երկուսը` Երեւանում: «Բացահայտվել են 2005թ. նոյեմբերի 24-ին Անդրանիկի արձանի մոտ հանրահավաքի ժամանակ Աննա Բադալյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը եւ 2008թ. նոյեմբերի 17-ին Բուզանդի 1/3 շենքի դիմաց հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեպքը»,- ասաց Հովհաննես Թամամյանը: Իսկ «Հետքի» լրագրողի այն հարցին, թե ինչքանո՞վ է բացահայտված հարձակումը, եթե ոչ միայն հայտնի չեն հարձակվողները, այլեւ բռնարարքի պատվիրատուները, Հովհաննես Թամամյանը պատասխանեց, որ գործը դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել: «Հանցագործության դեպքը բացահայտված է, ուրիշ բան է, թե ինչքանով ենք համարում բացահայտված, դրա չափանիշը չկա: Ուրիշ բան է` լիարժեք, հանցագործության բոլոր մասնակիցներին ի հայտ բերելու, պատասխանատվության ենթարկելու: Բռնվածի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ մնացածի մասով քննչական գործողությունները դեռ շարունակվում են»,- ասաց Հովհաննես Թամամյանը: Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետն անդրադարձավ նաեւ վերջին շաբաթվա ընթացքում լրագրողների նկատմամբ կատարված երկու դեպքերին` «Armenia Today» եւ «Bagin» լրատվական կայքերի համակարգող Արգիշտի Կիվիրյանի եւ «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի նկատմամբ: «Իրոք, լրագրողների դեմ կատարված հանցագործությունը, կոպիտ ասած, ցեխ է շպրտում մեր հսկայական աշխատանքների վրա: Մենք գիշեր-ցերեկ ենք անելու այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,- նշեց Հ.Թամամյանը: