Ադրբեջանի խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ մի շարք պատգամավորներ բողոք են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` աֆրիկյան մի շարք երկրներում տիրող խոսքի ազատության վիճակի մասին խոսելիս Ադրբեջանի անունը հիշատակելու համար: Պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին նշել է, որ դա հետեւանքն է այն բանի, որ Օբաման վատ է տեղեկացված Ադրբեջանում մամուլի հետ կապված իրավիճակի մասին: Նա ասել է, որ ԱՄՆ-ի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների` Ադրբեջանի հանդեպ ունեցած վերաբերմունքը բնորոշում է երկակի չափանիշների քաղաքականությունը:
«Ադրբեջանում խոսքի ազատությունը գտնվում է միջազգային չափանիշների մակարդակին: Կան ԶԼՄ-ներին սատարող եւ արտոնագրումը հեշտացնող կառույցներ»,- հայտարարել է պատգամավոր Սիավուշ Նովրուզովը: Նա նաեւ ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել «ավելի շատ ուշադրություն դարձնել Հայաստանում լրագրողների ծեծի, ձերբակալության, ինչպես նաեւ թերթերի եւ ինտերնետային կայքերի փակման դեպքերին»: