Մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պարգեւատրեցին «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողներին:
Առաջին տեղը (մրցանակը` 150 հազար դրամ) զբաղեցրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Վաչիկ Գեւորգյանը: Երկրորդ տեղը (100 հազար դրամ) զբաղեցրել է Արցախի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Սամվել Լազարյանը: Երրորդ տեղը (75 հազար դրամ) զբաղեցրել է ՀՊՏՀ երրորդ կուրսի ուսանող Միքայել Չարչյանը: Լավագույն 11 աշխատանքները տեղադրվել են banks.am ինտերնետային կայքում: Այսպիսով, ի՞նչ լուծումներ են առաջարկում ապագա տնտեսագետ ուսանողները տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Նշենք, որ շատ հարցերում ուսանողների գնահատականները համընկնում են, սակայն լավագույն աշխատանքներում կան նաեւ իրարից տարբերվող առաջարկներ ու հիմնավորումներ: Ուսանողների շատ առաջարկներ վերաբերում էին ԿԲ-ի կողմից խթանող դրամավարկային քաղաքականության իրականացման այնպիսի գործիքների կիրառմանը, ինչպիսիք են վերաֆինանսավորման տոկոսադրույքի (ներկայումս այն 7.5% է) ու պարտադիր պահուստավորման դրույքաչափի (ԿԲ-ում յուրաքանչյուր բանկի կողմից ի պահ տրված կանխիկ գումարի չափի) շարունակական իջեցումը, ԿԲ-ի կողմից բանկերին առանց գրավի կարճաժամկետ վարկերի տրամադրումը, պետական պարտատոմսերի հետգնումը եւ այլն: Առաջին տեղը զբաղեցրած աշխատանքում առաջարկվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 5-6%-ի շրջանակներում: Հեղինակը գտնում է, որ ներկա պայմաններում գնաճի նպատակադրման քաղաքականությունը այնքան էլ նպատակահարմար չէ: Ըստ նրա՝ ԿԲ-ի կողմից գնաճի դեմ խիստ պայքարի արդյունքում կարող է չփոխհատուցվել տնտեսական աճի տեմպերի նվազման հետեւանքով հասցված վնասը: «Շատ արտասահմանյան հեղինակների ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ 10-15% տարեկան գնաճը տնտեսական աճի վրա նշանակալի բացասական ազդեցություն չի գործում: Իսկ դրա զսպումը 5-7%-ի սահմաններում կարող է թանկ նստել տնտեսության վրա»,- նշված է ռեֆերատում: Առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների բարձր գնաճից խուսափելու համար առաջարկվում է բարելավել հարկաբյուջետային մեխանիզմները: Խոսքը լայն սպառման ապրանքներ թողարկող ճյուղերի հարկային բեռի թեթեւացման մասին է: Ըստ հեղինակի` նպատակահարմար է ավելացված արժեքի հարկի ներկայումս կիրառվող 0% կամ 20% դրույքաչափերի փոխարեն կիրառել նաեւ 10% եւ 30% դրույքաչափերը` կախված արտադրանքի բնույթից` առաջին անհրաժեշտության ապրա՞նք է այն, թե՞ ոչ:
Երկրորդ տեղը զբաղեցրած ուսանողն առաջարկում է փոքր բիզնեսին գործունեության առաջին տարում ազատել հարկերից 60 տոկոսով, երկրորդ տարում` 30 տոկոսով: Ըստ նրա՝ նպատակահարմար է որոշ չափով նվազեցնել տուգանքները եւ տույժերը, մտցնել պարգեւատրումներ այն ձեռնարկությունների համար, որոնք ստեղծում են նոր աշխատատեղեր, իսկ մինչեւ 5 աշխատող ունեցողների հարկային ստուգումներն արգելել նվազագույնը մեկ տարի ժամկետով: «Մեկ այլ հակաճգնաժամային արդյունավետ միջոցառում կարող է լինել պետական ապարատի կրճատումը 20-30 տոկոսով»,- նշված է ռեֆերատում: Երրորդ տեղը զբաղեցրած ռեֆերատում կառավարությանը առաջարկվում է մշակել ինքնուրույն բիզնես պլաններ, քանի որ, ըստ հեղինակի, ինչպես ցույց տվեց կառավարությանը կից ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքը, Հայաստանի մասնավոր սեկտորում այնքան էլ շատ չեն լուրջ նորարարական գաղափարները եւ քիչ են այն մասնագետները, որոնք կարող են ճիշտ կազմել բիզնես պլանը եւ հիմնավորել դրա արդյունավետությունը: «Բացի այդ, տնտեսական ճգնաժամի պայմաններում քչերը կուզենան ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ»,- կարծում է հեղինակը: Այդ բիզնես պլանները մշակելուց հետո, ուսանողի ասելով, պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ, որոնք հաջող գործարկումից հետո պետք է մասնավորեցվեն:
Երրորդ տեղը զբաղեցրած զեկույցում առաջարկվում է նաեւ իրականացնել միջոցառումներ` կողմնորոշելու համար բնակչությանը դեպի հայրենական արտադրության ապրանքները եւ խթանել ներքին տուրիզմը: Մյուս լավագույն 11 ռեֆերատներում առաջարկված է նաեւ փոփոխություններ կատարել ավելացված արժեքի հարկի մասին օրենքում` վերացնելով ԱԱՀ-ն սահմանի վրա գանձելու նորմը, վերանայել 2009-ի բյուջեն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից խիստ ստուգումներ իրականացնել ներմուծման մենաշնորհային շուկաներում, եւ այլ արժեքավոր միջոցառումներ: