2008 թվականի վերջում «Գորդոնի բուլվար» ինտերնետային ամսագրում տպագրվել էր հարցազրույց մեր սիրելի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ։ Այդ ամսագիրը լրագրող Դմիտրի Գորդոնի հեղինակային նախագիծն է, որն իր շարունակությունը ստանում է Կիեւի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող հաղորդումների շարքի տեսքով։
Այդ կայքը հսկայական հաճախելիություն ունի հակառուսական տրամադրություններ ունեցող հրեաների շրջանում, քանի որ հրեաների բացառիկության անթաքույց գովքն է անում։ Իսկ Դ.Գորդոնը այդ գովքն ապահովելու համար ոչ մի բարոյական արգելքի առջեւ կանգ չի առնում։
Պետք է նշել, որ հարցազրույցը Ա.Ջիգարխանյանի հետ ուղղակի շշմեցնող էր։ Կարծես փորձ էր արվել հայ դերասանի շուրթերով նսեմացնել հայ ազգին ու նրբանկատորեն մեծարել հրեաներին։ Եվ այդ գործում Դ.Գորդոնը եւ՛ ակնհայտ սուտ, եւ՛ կես սուտ, եւ՛ հորինվածքներ է օգտագործել։
Արվեստի ու թատրոնի հարցերից զատ՝ Դ.Գորդոնը այսպիսի հարց է հնչեցնում. «Երբ Ղարաբաղյան ռազմական կոնֆլիկտի ֆոնին Սումգայիթում տեղի ունեցան հայերի կազմակերպած ադրբեջանցիների ջարդերը ու հայերի սպանությունները Բաքվում, երկու կողմերի արվեստի գործիչները սկսեցին այնպիսի անեծքներ ու մեղադրանքներ տեղալ իրար գլխի, որոնք երբեք չեն մոռացվի։ Այդ հակամարտությունը ինչպիսի՞ հետք թողեց Ձեր հոգում»։ Ապշեցնող փաստն, իհարկե, «Սումգայիթում հայերի կազմակերպած ջարդեր» արտահայտությունն էր, որին, սակայն, ըստ կայքի հարցազրույցի՝ Ա.Ջիգարխանյանը ոչ մի հստակ պատասխան չի տվել՝ նշելով միայն, որ երկկողմ կոնֆլիկտը միշտ էլ եղել է, իսկ ինքը պետք է մասնակցեր Միխայիլ Գորբաչովի հետ հանդիպմանը, որը սակայն չի կայացել։ Եվ վերջ, հայ դերասանը հարկ չի համարել որեւէ կերպ անդրադառնալ այդ ստին…
Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, իրավաբան Գեւորգ Սուքիասյանը, ով կարդացել է այս հարցազրույցը տպագրման առաջին իսկ օրը, այնքան էր ազդվել, որ որոշել էր պատասխան նամակ գրել Դ.Գորդոնին։ «Դա ոչ միայն շփոթմունք է կամ պատմությանը անտեղյակ լինելու փաստ, այլեւ՝ պրոֆեսիոնալ լրագրողին ոչ հարիր արարք է։ Դուք ոչ միայն զոհին ու մարդասպանին եք շփոթել, այլեւ՝ նսեմացրել եք անմեղ զոհերի հիշատակը…»,- գրել է նա։
Փորձենք մեջբերել մի քանի հարց ու պատասխան՝ համոզվելու համար, որ սույն հարցազրույցը բավականին պրովոկատիվ թեմաների շուրջ է ծավալվում ու լի է միտումնավոր խեղաթյուրումներով։ Ա.Ջիգարխանյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մեկնաբանելով՝ ասում է.
– …Կան բաներ, որոնք գենետիկական ընկալման մակարդակի վրա են գտնվում, իրար փոխադարձ վանելը արյան մեջ է։
– Այլ խոսքերով ասած՝ հայերն ու ադրբեջանցիները իրար գենետիկորեն չե՞ն ընկալում։
– Կարծում եմ՝ մեզ միայն կրոնական կենցաղն է բաժանում։
– Նրանք մուսուլման են, իսկ Դուք քրիստոնյա՞ եք…
– Կոնֆլիկտի պատճառը հենց դրանում է։ Շատ խելացի ու իմաստուն հայերը իրենց ժողովրդի ողբերգական սխալն են համարում այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը մեկ ու կես հազարամյակ առաջ քրիստոնեություն ընդունեց ու հեռացավ մուսուլման աշխարհից։
– Այս կոնֆլիկտը երբեւիցե կավարտվի՞։
– Կարծես թե, ոչ։
Թվում է, որ Ա.Ջիգարխանյանը պարզապես չէր կարող նման բան ասել, քանի որ հայերը երբեք մուսուլման չեն եղել, ու Ա.Ջիգարխանյանը չէր կարող այդ մասին չիմանալ։ Փաստորեն, ստացվում է, որ հայերը դավաճաններն են, որոնք հրաժարվել են մուսուլմանական հավատքից ու ընդունել քրիստոնեությունը։ Գ.Սուքիասյանն իր նամակում գրել է. «Սա անհեթեթություն ու զառանցանք է։ Յուրաքանչյուր կրթված մարդ գիտե, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն է… Իսկ մուսուլմանությունը որպես կրոն ծագել է 7-րդ դարում։ Ստացվում է, որ հայերը հրաժարվեցին իսլամից ու դուրս եկան մուսուլմանական աշխարհից՝ նրա հայտնվելուց 400 տարի առաջ»։ Եվ պատկերացրեք, որ այդ մասին ասում է «խելացի ու իմաստուն» հայերից մեկը՝ Արմեն Ջիգարխանյանը։
Հայտնի է, որ Ա.Ջիգարխանյանը լուրջ չի վերաբերվում թերթերին, մեկ անգամ նա նույնիսկ ասել է, որ թերթերը ոչ ավելին են, քան զուգարանի թուղթ, եւ պետք չէ թերթում գրածը սրտին մոտ ընդունել։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում Ա.Ջիգարխանյանը չէր կարող ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ապագա չունեն ու դատապարտված են նորանոր պատերազմների, քանի որ «գենետիկական» բախում կա։ Դա ոչ միայն անհեռատես քաղաքական քայլ է, այլեւ՝ պարզապես անբարոյական։ Ընդ որում, նույն գենետիկական բացատրությունն է տալիս Ա.Ջիգարխանյանը (ճիշտ կլինի ասել՝ հարցազրույցի հեղինակը Ա.Ջիգարխանյանի շուրթերով) նաեւ չեչենա-օսական կոնֆլիկտին՝ ասելով՝ «սպանված օս երեխայի հայրիկին ու մայրիկին երբեք չի ստացվի համոզել, որ չեչեն ժողովուրդը լավն է»։ Մեկ դեպքը դառնում է ողջ ժողովրդին դատապարտելու միջոց։
Բեսլանի ողբերգական իրադարձությունները նույնացվում են Ղարաբաղյան պատերազմի հետ, իսկ արդյունքում ռազմական ու էմոցիոնալ շիլաշփոթ է ստացվում։ Գ.Սուքիասյանը վստահ է, որ «մշտական թշնամանքի» գաղափարը հրեաների համար սեփական երկրի խնդիրների արդարացումն է։ Եվ Ռուսաստանում ամենահայտնի հայ մարդը՝ Արմեն Ջիգարխանյանը, հակաչեչենական դիրքորոշում է դրսեւորում, խոսում է Հայոց եղեռնի մասին՝ նկատելով, որ «համերաշխության ճանապարհը չի կարող սկսվել Եղեռնի ճանաչումով», եւ ընդհանրապես՝ խաղաղությունն անհնար է։ Նա նաեւ նկատել է, որ դժվար իրադրությունները կարողացել է լուծել միայն Ստալինը։ «Նա դա արել է դաժան, խելացի կամ հիմար որոշումներով, սակայն, միեւնույն է՝ լուծում է տվել։ Միգուցե, հենց դա էլ կարող է համարվել հակամարտությունները լուծելու միակ ձեւը, քանի որ ամենաթողությունը լի է հետեւանքներով…»,- ահա այսպես է մտածում Ա.Ջիգարխանյանը։ Եվ ստացվում է, որ ստալինյան մեթոդների կողմնակից Ա.Ջիգարխանյանի համար նշանակություն չունի կոնֆլիկտների արդյունքը, կարեւորը, որ դրանք լուծվեն։
Գ.Սուքիասյանը վստահ է, որ այդ խոսքերն ու մտքերը պարզապես վերագրվում են դերասանին, իսկ Դ.Գորդոնը շատ հստակ գաղափարական ու միստիկական գերնպատակներ է հետապնդում ու կատարում է հրեական խոշոր կազմակերպության հրահանգները։ «Եվ այդ պատվերը երեւում է Դ.Գորդոնի բոլոր հարցազրույցներում։ Հերիք է կարդալ Բերեզովսկու կամ Շեւարդնաձեի զրույցները»,- ասում է նա։
Ահա եւս մի հատված սույն հարցազրույցից.
– Գոյություն ունի՞ համահայկական մաֆիա, որը Փարիզից ու Բեյրութից ձգվում է դեպի Երեւան ու հասնում է Լոս Անջելես։
– Ի՜նչ եք ասում, ես ընդհանրապես կարծում եմ, որ «կոլեկտիվ» հասկացությունը հայկական չէ։ Իմ հայրենակիցները ակնառու ինդիվիդուալիստներ են։
– Իսկ ո՞ւմ է պատկանում այդ հասկացությունը։
– Իմ կարծիքով, այն պատկանում է հրեաներին։
Կարծես այս կետը նոր ենթատեքստ է ձեռք բերում։ Գ.Սուքիասյանը գրում է իր նամակում, որ այս ամենը նման է հիպնոտիկ ազդեցությանը։ «Ուրեմն այսպես, սիրելի հայեր, լսեք ու հիշեք՝ դուք շատ խելացի ինդիվիդուալիստներ եք, ձեզանից լավը չկա, բայց մի փորձեք կոլեկտիվի հետ մերվել, այլ՝ առանձին-առանձին քայլեք, որովհետեւ «կոլեկտիվ» հասկացությունը ձերը չէ, այլ՝ հրեաներինն է… Հասկացա՞ք։ Այդ մասին ձեզ ոչ թե Կաշպիրովսկին կամ Գորդոնն են ասում, այլ՝ ձեր Ջիգարխանյանը… Դարեր շարունակ մեր հակառակորդները հենց այդ զենքն են օգտագործել, դա են հուշել ու քանդել, թուլացրել են մեզ, իսկ մենք կարողացել ենք դիմակայել միայն միախմբված լինելու շնորհիվ։ Այնպես որ, սիրելի պարոն Գորդոն, հայ ժողովուրդը վաղուց արդեն այդ միֆը ջարդել է։ Հայերը ոչ միայն լավ սոլիստներ, այլեւ՝ լավ օրկեստրանտներ են, ոչ միայն լավ զորավարներ, այլեւ՝ լավ զինվորներ են, որոնք միավորվում են սրտի ու գենի կանչով»։
Իր լայնածավալ վերլուծական նամակը Գ.Սուքիասյանը գրել է 3 ամիս առաջ ու ուղարկել կայքում տեղադրված էլեկտրոնային հասցեով, հետագայում՝ պատասխան չստանալով՝ փոխել է նամակի ֆորմատն ու այն ուղարկել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանություն ու «բաց նամակի» տեսքով տեղադրել ինտերնետում։ «Ես շատ եմ հարգում Ա.Ջիգարխանյանին, բայց նյութի պատասխանատուն նա չէ, այլ՝ լրագրողն է, որը օգտագործում է հանրահայտ մարդկանց՝ սեփական մտքեր բարձրաձայնելու համար»։
Հ.Գ. Ամբողջական նամակին կարելի է ծանոթանալ համացանցում։