Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Էվկալիպտը կամ տենդածառը ժողովրդական բժշկության մեջ
Էվկալիպտի հայրենիքը Ավստրալիան է: Իհարկե, ներկա ժամանակներում կարելի է հանդիպել նաեւ միջերկրածովյան ու արեւադարձային Ասիայի ու Աֆրիկայի երկրներում, որտեղ այն օգտագործում են որպես ճահիճները չորացնող միջոց, քանի որ շատ արագ է աճում: Այս մասերում այն անվանվել է տենդածառ, որովհետեւ հենց ճահիճները չորացնելու շնորհիվ էլ անհետանում է մալարիա մոծակի տեսակը, որի հետ էլ վերանում է հիվանդության վտանգը:
Էվկալիպտը, կամ, ավելի ճիշտ, էվկալիպտի եթերային յուղը շատ դեղերի հիմքում է ընկած, որոնք օգտագործվում են հազի, ասթմայի ու բրոնխիտի ժամանակ: Նույն նպատակով օգտագործում են ուղղակի նրա տերեւները պարզապես թեյի մեջ: Այս թեյը ճնշում է բրոնխներում խոնավության առաջացումը, իսկ եթերային յուղը ապահովում է թոքերի ախտահանումը: Էվկալիպտի թեյը պատրաստում են հետեւյալ կերպ. 3 թեյի գդալ տերեւներից լցնել 250մլ եռացող ջրի մեջ ու թրմել 15 րոպե, ապա սառեցնել ու խմել փոքր կումերով, մի քանի անգամ օրվա ընթացքում:
Գիտական բժշկությունը սահմանափակում է էվկալիպտի թեյի ու էվկալիպտ պարունակող պրեպարատների գործածությունը լեղուղիների ու աղեստամոքսային տրակտի բորբոքում ունեցողների, ինչպես նաեւ լյարդի հիվանդների համար: Կրծքով կերակրվող ու փոքր երեխաներին չի կարելի էվկալիպտի բաղադրությամբ քսուք օգտագործել (դեմքին կամ քթին քսելը): Փորձը ցույց է տվել, որ կարող են լինել առողջության համար բավականին վնասակար հետեւանքներ:
Թեյի տեսքով էվկալիպտի տերեւների կողմնակի ազդեցություն գործնականում այնքան էլ հայտնի չի, իսկ ահա էվկալիպտի յուղը պետք է ընդունել զգուշորեն: Նրա գրգռող արդյունքի շնորհիվ կարող է նկատվել սրտխառնոց, փսխում եւ լուծ: Նման դեպքերում պետք է դադարեցնել պրեպարատի օգտագործումն, ու բացասական ազդեցությունն անմիջապես անհետանում է`չթողնելով բացարձակ որեւէ հետեւանք: Նրա բացասական ազդեցություններից մեկն էլ կարող է լինել ալերգիկ ռեակցիան, որն այնքան էլ հաճախ չի հանդիպում:
Այսօր շոքեբաղնիքներում լայն տարածում ունի էվկալիպտե ավելի գործածությունը, որը բացատրվում է նրանով, որ էվկալիպտի տերեւն օժտված է շատ բուժիչ հատկություններով` այն հանգստացնում է ցավը, լավ օգնում է ռադիկուլիտի, ձգված ու վնասված մկանների դեպքում: Ժամանակակից բուսաբուժության մեջ շատ ընդունված է էվկալիպտով ինհալացիան, իսկ շոգեբաղնիքում հնարավոր է ոչ միայն էվկալիպտով մերսում, այլ նաեւ ինհալացիա: Այսպիսի պրոցեդուրան շատ դրական ազդեցություն կարող է ունենալ շնչուղիների մրսածության դեպքում` բրոնխիտ, տրախեիտ եւ այլն: Էվկալիպտե ավելը պատրաստում են ավելի ճկուն տեսակներից:
Բրոնխիտի ժամանակ շատ լավ օգնում է երեկոյան քնելուց առաջ էվկալիպտի տերեւներով կատարված ինհալացիան: Անհրաժեշտ է ընդամենը 10 պրոցեդուրա: 1 ճաշի գդալ տերեւները լցնել 1 լիտր ջրի մեջ ու եռացնել 20 րոպե: Կրակից վերցնել, հարմար տեղավորվել ու գլխով կռանալ պատրաստված թուրմի վրա, ծածկել գլուխն ու բերանով շնչել այդ գոլորշին այնքան ժամանակ, ինչքան հնարավոր է: Այդ թուրմով կարելի է նաեւ կոկորդի ողողումներ կատարել: Եվ այսպես՝ մինչեւ ապաքինվելը:
Մարդիկ կան, որոնց համար էվկալիպտը անփոխարինելի բույս է: Դրանով ներլվացումներն օգնում են կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններին ու արգանդի վզիկի էրոզիաներին: Իսկ ընթերցողներից մեկը գրում է. «Բժշկի գնալուց հետո ինձ մոտ հայտնաբերեցին արգանդի վզիկի մանր գոյացություններ, եւ նույնիսկ բժիշկն առաջարկեց անհապաղ վիրահատություն` 10 օրվա ընթացքում: 6 օրվա էվկալիպտի ներլվացումներից հետո նորից գնացի նույն բժշկի մոտ: Նա շատ զարմացավ, որովհետեւ գոյացությունները անհետացել էին: Ամեն ինչ ավարտվեց առանց վիրահատական միջամտության»:
Կանացի սեռական օրգանների բորբոքումների ժամանակ օգտակար է սողացող երեքնուկի, եղինջի, դեղատնային թուրինջխոտի (մելիսա) խառնուրդից պատրաստված թուրմը: Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ եռջուր, թրմել թերմոսում: Քամել, ընդունել օրական 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:
Կանացի սեռական օրգանների արտադրության դեպքում վերցնել 3 ճաշի գդալ կաղնու կեղեւների ու տերեւների խառնուրդ ու վրան ավելացնել 3 բաժակ եռջուր: Դնել մարմանդ կրակին, կափարիչը փակ վիճակում եռացնել մոտ 15 րոպե: Քամել եւ օգտագործել ներլվացումների նպատակով: