Կապանում Տեր Ընծա քահանա Միրզոյանին ճանաչում են բոլորը: Դեռ երեք տարի առաջ, երբ քահանան եկավ Կապան, կապանցիները մեծ ոգեւորությամբ շտապեցին եկեղեցի, բայց ոչ թե աղոթելու նպատակով, այլ երեւանցի Կոմիտասին տեսնելու: Այս մասին քահանային չէին ասում, քանի որ իմացել էին, որ քահանան բարկանում է` լսելով այդ համեմատության մասին: Սակայն նմանության մասին անգամ Տեր Ընծան չի ժխտում: Դեռեւս Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցում սպասավորելիս նրան արդեն նմանեցնում էին Կոմիտասին: Իսկ ամենահետաքրքիրը ոչ թե նմանությունն է, այլ հոգեւորական դառնալու նրա պատմությունը: Տեր Ընծան, ավարտելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ընդունվեց աշխատանքի` որպես կապի ինժեներ: «Երբեւէ չէի ակնկալում, որ դառնալու եմ հոգեւորական, չնայած միշտ ներքին կանչ էի զգում: Մի օր ծանր հիվանդանում եմ, նույնիսկ բժիշկները չէին կարող փրկել: Այդ պահին ես խնդրում եմ Աստծուն օգնել ինձ, որից հետո խոստանում, որ փրկվելու դեպքում ամբողջ կյանքս կնվիրաբերեմ նրան»,- հիշում է քահանա Միրզոյանը: Իսկ փրկվելուց հետո Տեր Ընծան չի դրժում խոստումը: Նա դառնում է հոգեւորական` ընդունվելով քահանաների դպրոց: Այնուհետ ծառայության է մտնում նախ՝ Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցում, ապա Կոտայքի մարզի Առինջ գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցում: «Ես հրաժարվեցի աշխարհիկ կյանքից ու հիմա այստեղ եմ տեսնում լույսը»,- նկատում է Տեր Ընծան, ով Կապան գալուց առաջ սարկավագից մեկ աստիճան բարձրացավ` դառնալով քահանա: Երեւանցի Կոմիտասն արդեն հարմարվել է կապանյան անցուդարձին: Նա անգամ չի դժգոհում տեղացիների վերաբերմունքից, ովքեր հաճախ պատարագներին ներկա չեն լինում: Իսկ պատարագները, ասես որպես կանոն, անցնում են միայն վարդապետ Գալուստ Դարբինյանի եւ քահանայի մասնակցությամբ: «Այստեղի ժողովուրդը շատ հյուրասեր է, իսկ հյուրասիրության մեջ մեծ սեր կա: Դա էլ նշանակում է, որ մարդիկ հոգի ունեն, ուրեմն նաեւ հավատում են բարձրյալին»,- նշում է քահանան: Նա չի դադարում հուսալ, որ մի օր Կապանում պատարագը կլինի ոչ թե որպես տոնական արարողակարգ, այլ կենցաղի մի մաս: «Մարդիկ սկսել են ապրել նյութական կյանքով, մինչդեռ դրա արդյունքը կլինի հոգեւոր կոման, որն արդեն սկսել է: Պետք է պահել նյութականի եւ հոգեւորի հավասարակշռությունը»,- խորհուրդ է տալիս հոգեւոր հայրը: