«ՀԱԿ-ը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել ՀՀ իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»,- Հայ Ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանից անմիջապես հետո միանգամից այդ «կասկածյալը» դարձավ Ժիրայր Սէֆիլյանը` իր գլխավորած «Հայ կամավորների համախմբում ազգային նախաձեռնություն» կազմակերպությամբ: Եվ նույն օրը վերջինս հայտարարեց, թե ինքը դեմ է այն կարծիքին, որ «հայ-թուրքական հարաբերություններում դրական միտում կա», քանի որ արցախյան բանակցություններում Թուրքիան դառնում է միջնորդ: Ժ.Սէֆիլյանը նաեւ ասել էր, թե միայն մեկ կազմակերպություն չէ, որ այդ հարցում տարակարծիք է Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Նրա խոսքերով, տարակարծություն ունեցողների կողմից փաստաթուղթ է պատրաստվում, որտեղ իրենց դիրքորոշման հետ կապված քաղաքական հստակեցում են մտցնելու: Փաստաթուղթը դեռ պատրաստվում է, եւ մինչեւ դրա հրապարակելը Ժ.Սէֆիլյանը չի պատրաստվում բացահայտել իր համախոհներին: Մինչ այդ, սակայն, պարզ դարձավ, որ հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացմանը դեմ է նաեւ ՀԱԿ-ին անդամակցող ՍԴՀԿ-ն: «Դա միանշանակ այդպես է, եւ մենք այդ մասին Լ.Տեր-Պետրոսյանին ասել ենք: Մենք հիմնական հարցերում համամիտ ենք Լ.Տեր-Պետրոսյանի հետ, բայց ինչ վերաբերում է այսօրվա վիճակով սահմանների բացմանը, ապա կտրականապես դեմ ենք դրան: Նախ՝ մենք կարծում ենք, որ այսօր դեռ երկրում օրենսդրական շատ խնդիրներ կան, որ մեր ազգային անվտանգությունն այսօր ապահովված չէ: Մեզ շատ մտահոգում է սահմանների բացման պարագայում քուրդ ազգաբնակչության ներխուժումը Հայաստան եւ բազմաթիվ նման հարցեր: Երկրի դեմոգրաֆիկ վիճակը կփոխվի»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լ.Սարգսյանը:
Լ.Սարգսյանի կարծիքով, մինչ սահմանի բացումն անհրաժեշտ է որոշակի անվտանգության խնդիրներ լուծել Հայաստանում, հստակեցնել օրենսդրության այն դրույթները, որոնք վերաբերում են սեփականությանը: «Իհարկե, հողի մասին օրենքն ընդունված է, բայց ես չեմ կարծում, որ դա մեզ ապահովում է թուրքերի ներխուժումից, քրդերի վերաբնակեցումից եւ այլն: Այսօր Հայաստանը լքողների քանակն օր օրի ավելանում է, նման վիճակը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Իսկ Կոնգրեսում մենք ունենք շատ կարեւոր խնդիր, որի շուրջն էլ միավորվել ենք: Դա երկրում օրինական իշխանությունների ձեւավորման խնդիրն է»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը:
Ժ.Սէֆիլյանն էլ գտնում է, որ «քանի դեռ չենք ստեղծել ազգային պետություն, հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը եւ սահմանի բացումը անհեթեթություն է»: «Ես Թուրքիային համարում եմ ոչ թե սովորական, այլ թշնամի հարեւան: Մեր երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բարոյահոգեբանական խայտառակ պայմաններում Թուրքիայի հետ սահմանների բացումը լի է ազգային անվտանգությանը սպառնացող բազմակողմանի վտանգներով: Ինչքան ժամանակ այդ պայմանները չեն բարելավվել, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից չի բխում սահմանների բացումը»,- ասում է Ժ.Սէֆիլյանը:
Նրա պատկերացմամբ, ազգային պետություն ստեղծելու դեպքում նախ պետք է փոխվի Հայաստան Հանրապետության անունը, եւ այն կոչվի Արեւելյան Հայաստանի հայկական պետություն: «Այս անունն իր մեջ շատ ինֆորմացիա է պարունակում` սրա մեջ Արցախի հարցն էլ է տեղավորվում, Նախիջեւանն էլ, Ջավախքն էլ, Գարդմանքն էլ: Սրանով մենք նաեւ հստակեցնում ենք, որ գոյություն ունի Արեւմտյան Հայաստան, որը ես շատ եմ կարեւորում: Իսկ թե ինչ մարտավարությամբ է այս պետությունը հետապնդելու հայկական պահանջատիրությունը, այդ մասին ես այս պահին չեմ ուզում խոսել, բայց ինձ մոտ կա պատկերացում: Ազգային պետություն ասելով՝ նաեւ ես հասկանում եմ երկրեն ներս մարդու արժեքի գերարժեւորումը, հասկանում եմ, որ մեր ուժային կառույցներում իշխի բարոյականությունը, եւ ոչ թե նյութապաշտությունը, որ այսօր գոյություն ունի»,- ասում է Ժ.Սէֆիլյանը:
Սէֆիլյանն իր պատկերացումների ու տարաձայնությունների մասին խոսել է Լ.Տեր-Պետրոսյանի հետ, բայց նրան Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների հետ միավորում է ՀՀ-ում «Սահմանադրական կարգի հաստատումը եւ պետականաշինության գործը»: Ընդ որում, Ժ. Սէֆիլյանի կարծիքով՝ այնպես չէ, որ Կոնգրեսում իշխում է մի գաղափարախոսություն: Ըստ նրա, քանի դեռ Տեր-Պետրոսյանն է առաջնորդը, նրա գաղափարներն ավելի «ցցուն են երեւում»: Բայց հիմնական տարակարծությունը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂՀ հիմնախնդրին: «Ներքին հարցերի հետ կապված՝ ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն իր իշխանության օրոք ունեցել է փորձ, նաեւ դառը փորձ: Եվ ես համոզված եմ, որ ներքին քաղաքականության մեջ նա շատ ավելի դրական ընթացք է ունենալու, քան ուներ իր իշխանության օրոք: Մենք կողմ ենք, որ նա դառնա նախագահ, եւ նրան դրա համար աջակցում ենք: Եվ մեր ակնկալիքը այն է, որ նա զբաղվի ավգյան ախոռները մաքրելով: Իսկ եթե փորձի արցախյան եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը շուտափույթ լուծել, մենք կպայքարենք նրա դեմ եւ կփորձենք նրանից ձերբազատվել հնարավորինս շուտ»,- սպառնում է Ժ.Սէֆիլյանը:
Նա նաեւ ներկայացնում է արտաքին քաղաքական հարցերում հայաստանյան քաղաքական ուժերի նմանություններն ու տարբերությունները: Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում այս հարցերի հետ կապված կա 3 տեսակետ: «Առաջինը իշխանական կամ Սերժ Սարգսյանի տեսակետն է, երկրորդը, ինչքան էլ կարող է հնչեղ չլինի, Տեր-Պետրոսյանի եւ Դաշնակցության տեսակետն է, երրորդը մեր կեցվածքն է, որ մենք առհասարակ մերժում ենք հարաբերությունները: Որքան էլ Տեր-Պետրոսյանի հետ համամիտ չենք սահմանը շուտափույթ բացելու տեսակետի համար, համամիտ ենք, որ նա Ս.Սարգսյանի բռնած ընթացքը համարում է դավաճանական, Ցեղասպանության ուրացումը` պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը` ազգադավ քայլ: Վստահ եմ, որ նա նույնպես համաձայն չի լինի, որ ՀՀ-ն ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` ըստ էության՝ Կարսի պայմանագիրը: Թուրքերը միշտ երազել են, որ հայկական կողմն այն ստորագրի: Չգիտես ինչու, այս երկրորդ կետի մասին Տեր-Պետրոսյանն իր ելույթում չխոսեց, բայց այսօր էլ այդ հարցը արծարծվում է, որովհետեւ իմ համոզմամբ՝ առանց դրա թուրքերը երբեք հայերի հետ սեղան չեն նստում: Այս հարցերի հետ է կապված ՀՅԴ-ի ու Տեր-Պետրոսյանի տեսակետների ընդհանրությունը: Իսկ երրորդ կարծիքը մերն է, որը մենք առաջիկայում ավելի ծավալուն կերպով կփորձենք ներկայացնել»,- ասում է Ժ.Սէֆիլյանը եւ գտնում, որ Տեր-Պետրոսյանը վերը նշված հարցերում Ս.Սարգսյանի հետ ունեցած տարաձայնության հանգամանքը պետք է օգտագործի իշխանափոխություն իրականացնելու համար:
Ժ.Սէֆիլյանի կարծիքով՝ Ս.Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի գլխավոր տարբերությունն այն է, որ վերջինս ընդգծված պետականամետ գործիչ է: Մինչդեռ Ս.Սարգսյանը «հայկականության եւ հայ ժողովրդից ամբողջությամբ կտրված մարդ է եւ առհասարակ կապ չունի այդ կոչման հետ»: «Ուզում եմ ասել, որ Տեր-Պետրոսյանի հայացքներում կարող է դրսեւորվել պարտվողական կամ ապազգային էլեմենտ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը, ի տարբերություն Ս.Սարգսյանի, չի մտածում այս երկրի ապագայի մասին: Ս.Սարգսյանը մտածում է միայն ու միայն իր աթոռը պահպանելու մասին»,- համոզված է Սէֆիլյանը: Նա նաեւ գտնում է, որ արտաքին քաղաքական հարցերի հետ կապված Կոնգրեսում եղած տարաձայնությունները չպետք է պառակտման պատճառ դառնան: «Ինչքան էլ տարաձայնություններ լինեն, մենք պետք է փորձենք այս միակամությունը պահպանել ռեժիմի տապալման համար: Եվ ես բազմիցս եմ ասել, որ Կոնգրեսը ներկայացնում է վաղվա իշխանությունը: Իշխանություն ասելով` ես հասկանում եմ եւ գործադիրում պաշտոն զբաղեցնող, ինչու չէ՝ նաեւ ընդդիմություն: Ընդդիմությունն էլ է իշխանություն»,- եզրափակում է Ժ.Սէֆիլյանը: