Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ մայիսի 3-6-ը Երեւանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տեղական եւ տարածաշրջանային նախընտրական առաքելության պատվիրակությունը, որի այցի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում: ԵԽ Պատվիրակության երեք անդամները` Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին (Իտալիա), Միշել Գեգանը (Ֆրանսիա) եւ Նայջլ Մերմագենը (Մեծ Բրիտանիա) հանդիպումներ են անցկացրել կառավարության, քաղաքային իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ՝ ոչ կառավարական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հանդիպում է անցկացրել նաեւ Հայաստանում գործող եվրոպական եւ ոչ եվրոպական երկրների դեսպանների հետ: Բոլոր նրանք, ում հետ զրուցել են պատվիրակության անդամները, ընդգծել են այս ընտրությունների կարեւորությունը Հայաստանում ժողովրդավարության եւ ողջ երկրի քաղաքական իրավիճակի համար: Կոնգրեսի պատվիրակությունը հետեւություն է արել, որ որոշ երեւույթներ իրենցից սպառնալիք են ներկայացնում այս ընտրությունների համար. մասնավորապես, առկա են ընտրողներին գրանցելու եւ մոբիլիզացնելու, քվեները հաշվելու եւ քարոզարշավների ընթացքում մամուլի օբյեկտիվությունն ապահովելու հետ կապված խնդիրները:
Պատվիրակության անդամների մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ քաղաքապետի ինստիտուցիոնալ եւ քաղաքական դերը կարող է երկրորդ պլան մղվել իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջեւ սուր պայքարի պատճառով: «Մենք մտավախություն ունենք, որ այս պայքարի պատճառով կարող են կողքի դրվել Երեւանի քաղաքացիների իրական պահանջները»,- ասել է Ֆաբիո Պելեգրինին հանդիպումների ավարտից հետո: «Կոնգրեսը տեղյակ է այս ընտրությունների կարեւորության եւ յուրահատուկ բնույթի մասին: Որպես այս ընտրությունների միակ ինստիտուցիոնալ դիտորդներ, մենք հաշվի կառնենք այդ ամենը մեր դիտորդական առաքելության ընթացքում, որն իրականացվելու է մինչեւ մայիսի վերջը»,- նշել է Նայջլ Մերմագենը: «Չնայած մտավախություններին, որոնք ծագել են առաքելության ժամանակ, մենք համոզված ենք, որ հայաստանյան իշխանություններն առավելագույնը կանեն, որպեսզի այս ընտրություններն անցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան»,- հայտարարել է Միշել Գեգանը: Ինչպես նշեցինք, Կոնգրեսը լինելու է միակ ինստիտուցիոնալ կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնելու Երեւանի քաղաքապետի մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին: Հիշեցնենք, երեքշաբթի օրը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել նաեւ ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն: «Այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է մասնակցել քաղաքապետի ընտրություններին, պետք է ընկալվի որպես հստակ ազդանշան առ այն, որ Հայ Ազգային կոնգրեսը ցանկանում է հաղթահարել քաղաքական ճգնաժամը եւ, որպես քաղաքական ուժ, իր դերը խաղալ երկրի ժողովրդավարական կառույցներում: Սա պետք է միանշանակ ողջունելի համարել»,- մասնավորապես նշված էր համազեկուցողների հայտարարության մեջ: