«Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը բացառվում է»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` հերքելով ադրբեջանական եւ թուրքական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Պրահայում կայանալիք եռակողմ հանդիպման վերաբերյալ: «Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում եւ, բնականաբար, տեղի չի ունենալու, այլեւ բացառվում է»,- ասել է Ֆարմանյանը: Պատասխանելով «Մեդիամաքս» գործակալության հարցին` «արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը քննարկվում է հայ-թուրքական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում, ինչպես ժամանակ առ ժամանակ հաղորդում են ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները», նա ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը հայ-թուրքական բանակցային գործընթացում որեւէ մակարդակով երբեւէ չի քննարկվել եւ չի քննարկվում: Կարծում եմ, որ այս ակնհայտ իրողությունը բոլորի համար նույնքան պարզ է, որքան մեր հասարակության: Վստահ եմ, որ ժամանակն է լուրջ չընդունելու նմանատիպ տեղեկությունները եւ այս բնույթի ստահոդ հրապարակումները, որոնք առանձնանում են այս կամ այն երկրի պետական գերատեսչություններին մոտ կանգնած, այսպես կոչված, «վստահելի» ու անանուն աղբյուրներին հղումներով, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող սենսացիաներով»: