Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Նաիրիտ Գործարան»: Այցը եղել է այն սցենարով, որով մենք նկարագրել էինք:
Վարչապետն այցելել է տարբեր արտադրամասեր, ճաշել բանվորների հետ, հանդիպել նախօրոք որոշված բանվորներին, լսել նախօրոք որոշված հարցեր: Մյուս բանվորներից նրանք, ովքեր փորձել են հանդիպել վարչապետին, դրա հնարավորությունը չեն ունեցել: Հանդիպման ժամանակ մի շարք հայտարարություններով են հանդես եկել ինչպես Տ. Սարգսյանը, այնպես էլ «Նաիրիտ Գործարանի» գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը: Վարչապետի հայտարարություններից մեկը վերաբերում է արդեն Գյուլնազ տատի հեքիաթ դարձած բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությանը անցնելուն: «Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ այսօր «Նաիրիտն» աշխատում է, արտադրում է կաուչուկ, եւ այժմ առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես, մինչեւ տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով եւս կաուչուկի արտադրության կազմակերպումը»,- նշված է այցի մասին պատմող` կառավարության կայքէջում տեղադրված տեղեկատվության մեջ: Նախ նշենք, որ անհասկանալի է «բութադիենային տեխնոլոգիայով եւս» արտահայտությունը, քանի որ միաժամանակ ացետիլենային ու բութադիենային եղանակներով կաուչուկ արտադրելը անհնար է: Երկրորդ` 2006թ.-ին «Ռայնովիլը», երբ գնեց «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը, պարտավորվեց մինչեւ 2008թ. հունվար քլորոպրենային կաուչուկը բութադիենային եղանակով արտադրել: Նման բան, իհարկե, տեղի չունեցավ, եւ անհասկանալի մնաց, թե ինչու կառավարությունը միջոցներ չձեռնարկեց իր առջեւ ստանձնած պարտավորությունները խախտող «Ռայնովիլի» նկատմամբ: Փոխարենը՝ 2008թ. նոյեմբերին Վ. Մելքոնյանը թերթերից մեկին տված հարցազրույցում պատմում էր, որ բութադիենային եղանակով կաուչուկ արտադրելը շատ բարդ բան է: «Ինչ վերաբերում է բութադիենային տեխնոլոգիայով քլորոպրենային կաուչուկի արտադրությունը վերականգնելուն, նշեմ, որ սարքավորումների փաստացի վիճակն ու դրանց աշխատանքային վիճակի բերելը կպահանջի ավելի շատ ջանքեր ու ժամանակ, քան թե մենք էինք ծրագրել: Այնուամենայնիվ, տեխնիկական դժվարությունները հաղթահարվում են, եւ մենք պատրաստվում ենք բութադիենային եղանակով քլորոպրենային կաուչուկ արտադրել արդեն 2009-ին»,- հայտարարել է նա: Այժմ էլ, փաստորեն, նոր ժամկետ է նշվում` 2009թ.-ի վերջ: Իրականում, սակայն, այս հայտարարություններն ու «ծրագրերը» բանկերից վարկեր «կպցնելու» համար են: Այսպես, 2008թ. գործարանը արտադրել է ընդամենը 4700 տոննա կաուչուկ եւ վաճառել տոննան 2750 դոլարով: Մինչդեռ 2008-ին արդեն «Նաիրիտը» պարտավորված էր արտադրել 25.000 տոննա կաուչուկ: Ինչեւէ, այդ 4700 տոննա կաուչուկի վաճառքից հասույթը կազմել է 13 մլն դոլար կամ 4 մլրդ դրամ: Եվ սա այն դեպքում, երբ այդ տարվա միայն էլեկտրաէներգիայի պարտքը կազմել է 8 մլրդ դրամ: Ծախսերի ու եկամուտի այդքան մեծ տարբերությունը ծածկելու համար է, որ «Նաիրիտը» ստիպված է անընդհատ վարկեր վերցնել: Այն, որ գործարանը վնասով է աշխատում, փաստել է նաեւ Վ. Մելքոնյանը վարչապետի այցի ժամանակ: Իսկ վնասով աշխատող ընկերությունը, որ ստիպված է վարկեր վերցնել իր այլ պարտավորությունները մարելու համար, էլ ավելի է մեծացնում իր պարտքերի չափը, քանի որ գումարվում են նաեւ տոկոսադրույքներն ու ժամկետանց պարտքերի համար հաշվվող տույժ-տուգանքները: Սակայն վարչապետի այցի օրը գլխավոր տնօրեն Վ. Մելքոնյանը հայտարարել է, թե «Նաիրիտը» մարել է իր բոլոր պարտավորությունները: Մեր տեղեկություններով, սակայն, միայն «Նաիրիտին» գոլորշի վաճառող պետական ընկերությանը` «Երեւանի ՏԷՑ»-ին, «Նաիրիտը» պարտք է շուրջ 7 մլրդ դրամ: Այդ գումարը, փաստորեն, «Նաիրիտը» պարտք է ՀՀ հարկատուներին: Սակայն ամենահետաքրքիր փաստն այսօր այն է, որ վերջին 35 մլն դոլարի վարկը, որի մասին գրել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, պարզվում է` իրականում Գերմանիայի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրով հատկացված վարկ է եղել: ՀՀ Կառավարությունը, փաստորեն, ներքին կարգով այդ գումարը տրամադրել է այնպիսի խոշոր ձեռնարկության, ինչպիսին «Նաիրիտն» է: Այդ գումարի մեծ մասը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուղղվել է «Նաիրիտի» պարտքերի մարմանը եւ միայն 10-15%-ը` աշխատավարձերի վճարմանը: Ինչեւէ, այդ 35 մլն դոլարն էլ է գրանցվել «Նաիրիտի» վրա որպես պարտք, որը, հայտնի չէ, թե հետագայում ինչ միջոցներով է մարվելու: