Բոլորը ծլկում են

07/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թագուհու հետ մտնում ենք իր «տուն», որը նախորդ «կյանքում» անասնագոմ է եղել, եւ սեւ առաստաղի ցածրությունը հատուկ չորքոտանիների հարմարավետության համար է կառուցվել:

Մաքուր օդը դռան ճեղքից սողալով ծլկում է, փոխարենը՝ ձեռքերը պարզած դիմավորում է խոնավության տաղտուկը: Փոքրիկ հյուղակի ներսում կատարյալ անկենդանություն է, իսկ սեղանի ծաղկամանի մեջ «կալանավորված» թարմ եղրեւանին կամաց-կամաց մարելով փակում է բացված թերթիկները: Թագուհին ասում է` «Մարդ որ գոմի մեջ ապրի՝ իրան ո՞նց կզգա»: Ասում եմ` «Ստորացած»: Թագուհին հեգնում է, բայց այնքան ստորացած իրեն չի զգում, որքան ներս խցկվելու համար կորացած մեջքով իմ ինքնասիրությունը: Դժվարն առաջին անգամ անասունների համար նախատեսված դռնով կռացած ներս մտնելն է, իսկ երկրորդ, երրորդ անգամներին բնազդաբար «հագնում ես» անասնագոմում ապրողին հարմարված պատյանն ու աշխատում ես չմտածել` չորքոտանի՞ ես, թե՞ մարդ: Էստեղ ժամանակը կանգ է առնում, ու համարում ես, որ կյանքիդ, արժանապատվությանդ, ինքնությանդ մասին թեկուզ մտքում` չպիտի դիպչես, հակառակ դեպքում նախընտրելու ես չանցնել անասունների համար կառուցված դռնով, չկորացնել մեջքդ անասունների համար կառուցված ցածր առաստաղի մեջ «բոյդ» տեղավորելու համար, չծալվել, չկոտրվել, այլ արժանապատիվ մեռնել: Անասնագոմում ապրելու ընթացքում դառնում ես անմեռ, բայց անընդհատ մտմտում ես արժանապատիվ մեռնելու մասին: Էստեղ ամեն րոպե ուզում ես ինքդ քեզ փրկել…

56 տարեկան Թագուհի Արոյանը հանգրվանել է Մուրացան 210 հասցեում, որտեղ կարելի է գտնել իր նման աղքատ, անտուն ընդամենը մի քանի մարդ, բայց տարածքն ավելի շատ «շնանոց» է: Տարածքին կենդանության նշան մեկ էլ տալիս է հեռվից եկող բեռնատար գնացքի խլացնող աղմուկը: Մոտեցող վագոնների ծանրությունից ցնցվում է Թագուհու «տունն», ու սկսում ենք հողի «շարժումներից» նստած տեղը «թռվռալ»: Ասում եմ` «Էս ի՞նչ է, ոնց որ երկրաշարժ լինի»: Ասում է` «Պոեզի գծերը կպած են, հենց գալիս-անցնում ա` սենց ցնցվում ենք»: Ժողինստիտուտն ավարտած, ուսում ստացած, մասնագիտությամբ ապրանքագետ Թագուհին էս դռնից ներս մտնելուց առաջ «թաղել» է նախկինում ունեցած հարգանքն ու պատիվը եւ մենակության, թշվառության առաջ հոգին լայն բացելով` եկել, ծվարել է անասնագոմում: Երեք երեխաների մայր է, բայց արդեն քանի տարի ռուսաստանների ճանապարհը բռնած երեք երեխաների վերադարձի պատրանքը «փայփայելով»՝ ապրում, հուսահատվում, վիրավորվում ու կոտրվում է: Պատմում է` «Մենք մեր սեփական տունը չենք ունեցել: Սկեսրայրիս տանն էինք ապրում, մի պուճուր սենյակում, բայց, երբ ամուսինս մահացավ` մեզ էնտեղից դուրս արեցին: Երեխաներիս հետ ընկանք դռնեդուռ, վարձով-մարձով, բայց հետո չկարողացանք վարձը տալ ու մնացինք փողոցում: Մի օր էլ եկանք էս ազատ տարածքը գտանք, տեսանք՝ գոմ ա, որը չեն օգտագործում, տեղավորվեցինք ու մնացինք էստեղ: Առաջ լրիվ փուշ-տատասկ էր, մաքրեցինք, կանաչի ցանեցինք, արդեն մի 20 տարի ա էստեղ ենք»: Հետո Թագուհու երկու տղաներն ու աղջիկը չդիմացան անասնագոմում ապրելու ծանրությանն ու հերթով ճամպրուկներն առած ուղեւորվեցին դեպի Ռուսաստան: Թագուհու արցունքներից «պայթող» աչքերը դառնում են թափանցիկ, ու սկսում եմ ամեն ինչ տեսնել նրա աչքերով: Իմ ու Թագուհու արանքում ծանրացած լռությունը թանձրանում է, որովհետեւ էդ լռությունը խախտող իմ բառերը հաստատ փորփրելու են նրա վերքը: Ասում եմ` «Հասկանում եմ, շատ վիրավորված եք Ձեր երեխաներից: Ի՞նչ է, Ձեզ տիրություն չե՞ն անում»: Սկսում է հեկեկալ, ու մթնոլորտը փրկելու համար թողնում եմ, որ մենակ մնա մտքերի հետ: Երկար լաց է լինում: Աչքիս առաջ ծերանոցի տանիքը գալիս, տեղավորվում է Թագուհու գլխավերեւում: Հետո հիշում եմ ծերանոցի հարյուրավոր տատիկ-պապիկներին, ովքեր բառը բերանիս կտրուկ փակել են իրենց երեխաներին վերաբերող ցանկացած հարցադրում: Ասում է` «Գնացին ու մոռացան… Արդեն տասը տարի ա, ինչ խաբար չունեմ»: Թագուհու խեղդող հազից խառնվում եմ իրար, անխնա հազում է ու ամեն հազի հետ, ասես, փսխում է ներսում կուտակած վիրավորանքն ու ցավը: Հազի նոպայից շուրթերը կապտում են, ու չեմ կողմնորոշվում, թե մի բաժակ ջուր էս գոմի մեջ որտեղի՞ց ճարեմ: Թագուհին իմ մեջ փնտրում է իր երեք երեխաներից մեկին: Իսկ երբ մի քիչ հանգստանում է, ասում է` «Ես շատ վատ հիվանդություն ունեմ, բրոնխիալ ասթմայով քրոնիկ հիվանդ եմ: Նոպաներս հաճախակիացել են, խեղդվում եմ, պահ ա լինում, որ մտածում եմ` վերջ…»: Նոպաների ժամանակ Թագուհին ամեն անգամ մեռնում, հարություն է առնում, որովհետեւ ամեն անգամ կարծում է` վերջն է… Ասում է` «Ո՞ւմ ասեմ` ինձ օգնեք, տիրություն արեք: Եթե իրանք չեն զանգում, ինձնով չեն հետաքրքրվում, ի՞նչ ասեմ: Վատանում եմ, նորից հետ եմ գալիս, բայց ամեն վատանալուց կարծում եմ՝ էլ հետ չեմ գալու»: Հարցնում եմ` «Բայց ախր ո՞նց… Երեք երեխա եք լույս աշխարհ բերել, մեծացրել եք: Ո՞նց են Ձեզ էս վիճակում թողել»: Թագուհին խորը հոգոց հանելով՝ ասում է` «Է՜հ, աղջիկ ջան…», ու ասելիքը կողպեքով փակում է, որովհետեւ ամեն բառն արտահայտելիս ինքն իր արժեքը թերագնահատում, ինքն իրեն վիրավորելով՝ ցավ է պատճառում: 56 տարեկան այս կինն ապրում է «տան» առաջ առկա հողակտորը մշակելով ու մեկ-մեկ էլ հույս դնելով ժամանակ առ ժամանակ 500-1000 դրամ իրեն տվող ընկերուհու մեծահոգության վրա: Ասում է` «Ինձ բուժվել ա պետք: Հազս, բրոնխներս մի օր ինձ կսպանեն: Գնացի Առողջապահության նախարարություն, խնդրեցի պետպատվերի հարցում միջամտել: Ասեցին` հնարավոր չի: Ինձ բացատրեցին, որ, եթե հիվանդանոցում բուժվեմ` հաշմանդամության համար կարգ կտան ու կթոշակավորեն: Դա ինձ կփրկեր: Գնացի հիվանդանոցների դռները, խնդրեցի, աղաչեցի, որ ընդառաջեն: Մեկը 100.000 ուզեց բուժման համար, մյուսը՝ 150.000: Էս երկու ամիս ա՝ էլ Էրեբունի, էլ Հանրապետական հիվանդանոցների դռներն եմ ընկել, կոյկի համար՝ էսքան, անալիզի համար՝ էնքան… Այ տենց ճանապարհում են տուն: Հույս էլ չունեմ, թե կարամ վիճակս թեթեւացնեմ»: Թագուհին ցավից նորից սկսում է հեկեկալ, ամեն ինչից անկախ` այս կինն ուզում է շարունակել ապրել: Ասում է` ընկած դռնեդուռ՝ աշխատանք է խնդրում, որպեսզի մի քանի ամսվա աշխատավարձով կարողանա հիվանդանոց ոտք դնել. «Ուր գնում եմ, ասում են` տարիքդ չի ներում, մեզ ջահել ա պետք»: Ընտանեկան նպաստ նույնպես չի ստանում, քանի որ միայնակ մոր փաստաթուղթ են պահանջում. «Մենք էս տարածքում գրանցված ենք: Ասում են` երեխեքիդ գրանցումից հանի, որ իմանանք՝ մենակ ես: Ես արդեն տասը տարի մենակ եմ, բայց ո՞նց երեխեքիս գրանցումից հանեմ: Որտեղի՞ց իրանց գտնեմ, ասեմ՝ եկեք, գրանցումից դուրս եկեք, որ ես 5000 դրամ փարոս ստանամ»: Երեխաների մասին խոսելիս՝ Թագուհին նորից դյուրագրգիռ է դառնում: Խեղդվելով հազում է, կծկվելով գալարվում է բազմոցի վրա: Չեմ կողմնորոշվում, թե մի բաժակ ջուր էս գոմի մեջ որտեղից հայթայթեմ: Հեռանում եմ… Որովհետեւ Թագուհին իմ մեջ փնտրում է իր երեք երեխաներից մեկին, իսկ իմ աչքի առաջ ծերանոցի տանիքը գալիս տեղավորվում է նրա գլխավերեւում: