Դեռ 2008թ. նոյեմբերին մամուլն անդրադարձավ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Իջեւանի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի նախկին անդամ 31-ամյա Արտակ Ճաղարյանի կողմից 44-ամյա Վալերի Աղինյանի սպանությանը:
Մամուլի հաջորդ հրապարակումները, որոնք եւս ցնցեցին մեր հանրապետությունը, ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն, պատմաբան Սամվել Առաքելյանին էին առնչվում, համաձայն որոնց` Ս. Առաքելյանը ուսանողուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ էր անում, սակայն, մինչ օրս շարունակում է աշխատել նույն բուհում:
Հերթական դեպքը նույն բուհում տեղի ունեցավ մարտի 27-ին. համապատասխան մարմինների կողմից հանցագործության մասին հաղորդագրություն տարածվեց, թե ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի գրաբարի եւ լեզվաբանության դասախոս, հեռակա ուսուցման բաժնի վարիչ Ֆեմիդա Դավթյանին ձերբակալել են ուսանողից կաշառք վերցնելու պահին: Վերջինիս ձերբակալման պատճառը ուսանող Էդգար Ամիրյանից վերցրած 100.000 դրամ կաշառքն էր: Եվ մինչ Ֆեմիդա Դավթյանն այն վերցնում է, վրա են հասնում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու հանցանքի պահին ձերբակալում դասախոսին: Այս դեպքի հետ կապված մամուլը բազմաթիվ նամակներ ստացավ թե՛ ձերբակալված դասախոս Ֆ. Դավթյանից, թե՛ բուհի ուսանողուհիներից:
Ի՞նչ են գրում նամակներում
Խմբագրությունում բացում եմ առաջին նամակն ու սկսում կարդալ: Նամակագիրը ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, ավելի ճիշտ` ինչպես նամակում էր գրված` նախկին դասախոս Ֆեմիդա Դավթյանն էր: «Հարյուրավոր նամակներ եմ գրել ՀՀ նախագահին, բողոքել Տավուշի մարզի կոռուպցիայի դեմ, կոռումպացված համակարգի դեմ: Գրել էի մարզպետի եւ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի համակարգված կաշառակերության մասին… Նորից գրեցի նախագահին: Կանչեց մարզպետը, նախագահին գրված նամակս ձեռքին էր, եւ ասաց, որ գետին հակառակ եմ լողում, տեղ չեմ հասնի: Խորհուրդ տվեց` խելքի գալ, աշխատել եւ ապրել: Եվ առ, եւ տուր, ի՞նչն է քեզ խանգարում, որ քո բնից դուրս գաս, նորմալ տուն ունենաս, ապրես»,- նշում է Ֆ. Դավթյանը: Կարդում եմ երկրորդ նամակը, որը ստացել էինք նույն բուհի ուսանողուհիներ Սվետլանա Փաշինյանից ու Մարինե Բաղդասարյանից: «ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում դատարկ միլիոնատերերը խժռեցին խելոքին, եզակիին: Ուրբաթ օրը ձերբակալվեց դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Ֆեմիդա Դավթյանը: Ես ականատեսն ու ունկնդիրն էի կատարվածի, ուստի չեմ կարող լռել»,- գրված է նամակում: Ի դեպ, նամակները ներկայացնում ենք չնչին սղագրմամբ: Հենց այս նամակների հետքերով էլ հասնում եմ Իջեւան:
Դեպքի վայրում
Առաջինը, ում հետ հանդիպեցի, մեր երկրորդ նամակի հեղինակ, ուսանողուհի Մարինե Բաղդասարյանն էր: Մարինեն, լսելով իր եւ Սվետլանա Փաշինյանի անունից ուղարկված նամակի մասին, վրդովվեց: Խնդրեց իրեն ցույց տալ նամակը, քանի որ, ըստ նրա, ինքը որեւէ նամակ չէր գրել: Նամակը տալիս եմ նրան: «Էս ի՞նչ նամակ ա: Ես որ ստորագրել էի էդ նամակի տակ, մի տասը տող բան էր (նկատենք, որ նամակի ծավալը ձեռագիր երեք էջից ավելի է.- Մ.Մ.): Էն էլ խզբզոց, որ բան չէի ջոկում: Դուք ինձ մի վիրավորեք, ես նամակագիր չեմ: Ու վերջ»,- ասաց Մարինեն, ով քիչ հետո պատմեց, թե ինչպես պատահեց, որ իր ստորագրությունը հայտնվեց նամակում: «Ինձ Ֆեմիդա Դավթյանի քույրը` Նունե Դավթյանը զանգեց, կանչեց` ժամը 7-ն էր: Գնացի իրենց տուն, մի քիչ մնացի, հետո լրագրող Մհերն էլ եկավ, հետո էլ՝ Սվետլանան: Նունեն ուղարկեց ինձ խոհանոց կոֆե դնելու: Հետո, երբ եկա, ինձ ասացին, որ մեր ամբողջ կուրսը առանձին-առանձին ստորագրելու է թղթի տակ: Դե, էդ ժամանակ ես առաջին ստորագրողն էի` ի՞նչ իմանայի: Հետո Մհերն ասաց, որ հանկարծ եթե խնդիրներ ունենաս, իմ համարը Սվետան գիտի` կասես: Ես մի հատ նորից կրկնեցի, ասեցի՝ ընկեր Դավթյան, կարող ա հետո վատ բան լինի: Ընկեր Դավթյանն ասեց` չէ, դու մենակ ստորագրի, բան չի պատահի»,- պատմեց Մարինե Բաղդասարյանը: Հետո ուսանողուհին հիշեց, թե ամեն քննության ժամանակ նույն դասախոսին որքան գումար էր տվել ու քանի անգամ: «Մենք Ֆեմիդա Դավթյանի մոտ հանձնել ենք երեք քննություն ու երկու զաչոտ: Ես ամեն քննությունից առաջ 25.000 դրամ եմ տվել: Դե, հա, երեքի համար, բա քանիսի՞: Մի անգամ էլ հիշում եմ, որ 5000 դրամ զդաչի ա տվել. ասեց՝ դու լավ աղջիկ ես»,- նշեց բանասիրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհին, ով ստորագրել էր մի նամակի տակ, որից մեջբերում եմ` «Հարգելի խմբագրություն, չենք ուզում մեր ձայնը անզոր աղաղակ դառնա: Պահանջում ենք 1800 ուսանողից գտնել երկրորդին, որ ասի` երբեւէ 10000 դրամ է տվել Դավթյանին, եւ մենք կասենք` «Կեցցե արդարադատությունը: Օգնեք բացելու ճշմարտության աչքերը»:
Ի տարբերություն Մարինեի` նույն նամակի համահեղինակ ուսանողուհի Սվետլանա Փաշինյանը հաստատեց, որ նամակն ինքն էր գրել: Վերջինս` որպես իր ձեռագրի ապացույց, իր հետ բերել էր մի գրություն, որը հիշեցնում էր նախորդ նամակի բովանդակությունը: «Չէ, Մարինեն չի մասնակցել էդ նամակների գրելուն, ես էի գրում, ուղղակի` որպես ձայն, ինքը ստորագրեց նամակի տակ»,- ասաց նամակագիր Ս. Փաշինյանը: Սվետլանան կրկին հաստատեց նամակում գրված իր խոսքերը ու պատմեց, թե ինքը ինչպես տեսավ, երբ ուսանող Էդգարը դասախոս Ֆեմիդա Դավթյանին տվեց մի ծրար: «Բուֆետից նոր էի դուրս եկել եւ Ֆ. Դավթյանի լուսամուտի տակով անցնելիս տեսա տնտեսագիտության հեռակա բաժնի առաջին կուրսի ուսանող, քաղաքապետի կնոջ հորեղբորորդի Էդգարին, որը մտավ Դավթյանի մոտ, արագ մոտեցավ սեղանին, ինչ-որ գումար թողեց (բանը հետո իմացա): Դուրս էր գալիս, երբ լսեցի.
– Էդգար, մի րոպե, հետ արի, այ տղա:
– Հաջող, հաջող,- ասաց նա եւ գրեթե վազելով դուրս եկավ: Ներս մտան ազգային անվտանգության աշխատակիցները` ամեն ինչ նախապես կազմված սցենարով»,- գրել էր ականատես Սվետլանան մեզ ուղղված իր նամակում: Ըստ Սվետլանայի` ինքը երբեւէ կաշառք չի տվել Ֆեմիդա Դավթյանին ու չի էլ լսել, որ ինչ-որ մեկը կաշառք տված լիներ: Ուսանողուհին նաեւ համոզված է, որ նրանք էլ, ովքեր Ֆ. Դավթյանին այսօր կաշառակեր են անվանում` վախից են ասում: Նրա համոզմամբ` այդ ամենը սարքվել է դասախոսուհու գլխին: Միակ բանը, որ Սվետլանան նամակից հետո մեզ հետ զրույցում հերքեց` դասախոս Աիդա Սարհատյանին առնչվող տողերն էին: Մեջբերում ենք ուսանողների նամակից. «Կատարվեց միլիոնատեր, ամբողջ Իջեւանը վաճառած, Ֆրանսիայում ապարանքներ ունեցող Վարուժան Ներսիսյան քաղաքապետի պատվերը։ Ամբողջ քաղաքն է թնդում`՝ «Չեն կարող ազատել-ոչ մի զամոն-զակազով գործ է»։ Մի՞թե մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է՝ կոռուպցիայի դեմ պայքարողի գլխին սարքել կամ գլխատել։
Ասում են՝ ապացուցված հանցագործություն է՝ կաշառք է վերցրել։ 3 տարի է՝ սովորում ենք այս բուհում եւ երբեք առանց 10.000 դրամի ստուգարք էլ չենք ստացել։ Սարհատյան Աիդայի թանկարժեք քննությունը «4»-ի համար 40.000 դրամ է, «5»-ի համար՝ 50.000։ Դա ապացուցված կաշառք չէ։ Կեղտի մեջ թաղված այս բուհում տնօրենը ուսանող բռնաբարեց՝ լռեցին, տնօրենի տեղակալը՝ Արտակ Ճաղարյանը, 2 ամիս առաջ մարդ սպանեց՝ լռեցին։ Տնօրենը միլիոնատեր է, ո՞վ կհամարձակվի»: Մինչդեռ նամակի մյուս բոլոր կետերը Սվետլանան շարունակում էր հաստատել ու մեծ ցավ էր զգում, որ իր դասախոս Ֆեմիդա Դավթյանն այսօր, ի տարբերություն «շնաձկների», ազատազրկման մեջ է:
Կողմերի տեսակետները
ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանին եմ ուղղում այն հարցերը, որոնց պատասխանները գրել էր մեր նամակագիր Ֆեմիդա Դավթյանը: Նախ կարդում եմ նամակի առաջին հատվածը, որտեղ Ֆ. Դավթյանը հանգամանորեն ներկայացրել էր այն իրավիճակը, որն, ըստ նրա, հանձնարարել էր տնօրենը: «Ուրբաթ օրը կանչեց (խոսքը մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանի մասին է.- Մ.Մ.) ու ասաց, որ իր ասած տղան գալու է, եւ գումարը վերցնեմ:
– Ամիրյան Էդգարը, ուրիշ չէ, իմ ընկեր ոստիկանապետ Ամիրյան Սուրիկի բարեկամն է հեռու, խնդիր չկա, փողը կվերցնես,- ասաց մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը:
Այսպես էլ արեցի, եւ նույն պահին ինձ ձերբակալեցին»,- գրում է Ֆ. Դավթյանն իր նամակում: Նամակի այս հատվածի վերաբերյալ Սամվել Առաքելյանը պատասխանում է, թե դա հերյուրանք է: «Բացարձակապես հասկանալի է, որ հերյուրանք է, սուտ է: Այն, որ Ամիրյան Սուրենը Տավուշի ոստիկանության պետն է, հասկանալի է: Այն, որ իմ ընկերն է, դա նույնպես ակնառու փաստ է, որ մենք ընկերներ ենք: Այն, որ Ամիրյան Սուրենը Ամիրյան Էդգար անուն-ազգանվամբ բարեկամ չունի, սա նույնպես ակնառու փաստ է, եթե Ամիրյան Սուրենը նման բարեկամ ունենար եւ իմ բարեկամը լիներ, հաստատ ես կխնդրեի էդ տղային օգնելու»,- նշում է ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Ըստ վերջինիս` շփոթմունքի պատճառը եղել է նաեւ ազգանունների զուգադիպությունը: Իսկ թե արդյո՞ք նման անուն-ազգանվամբ ուսանող ունեն, տնօրեն Ս. Առաքելյանը պատասխանեց, որ իրոք, հեռակա բաժնի երկրորդ կուրսում այդպիսի ուսանող ունեն: «Ես նույնիսկ էդ տղային չգիտեմ, դեմքն էլ չեմ հիշում, չնայած առաջին կուրսում դասավանդել եմ հայոց պատմություն: Բայց առանձնապես իմ մոտ չի տպավորվել: Եվ հատկապես դեպքից հետո ես նայել եմ նրա հաճախումները` նորմալ էին»,- ասում է տնօրենը` ավելացնելով, որ նախաքննության ժամանակ ամեն ինչ կպարզվի: Ի դեպ, ավելացնեմ այն, որ ուսանողուհու նամակում նշված էր, որ Ամիրյան Էդգարը հեռակա ուսուցման առաջին կուրսում է սովորում: Ըստ տնօրենի` մշակված սցենար կամ միտումնավոր երեւույթներ չեն եղել: «Ես չեմ կարծում, որ սցենար մշակվել է: Երկրորդ անգամ եմ ասում` տեղի է ունեցել երեւույթ, որը հաճելի չէ համենայն դեպս ինձ համար, բուհի հեղինակության համար: Ես մեծ ցավ եմ ապրում նման երեւույթի համար հատկապես մեր այդքան աշխատանքից հետո»,- ասաց ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենը, ով ամիսներ առաջ մեղադրվում էր ուսանողուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Թեեւ ամբողջ Իջեւանում եւ հանրապետությունում գիտեն այդ խայտառակ դեպքի մասին, այնուամենայնիվ, Ս. Առաքելյանի պատասխանն այդ կապակցությամբ հրապարակում ենք. «Դա եւս հերյուրանք է: Համենայնդեպս, դա այն երեւույթը չէ, երբ որեւիցե մեկը նման քայլ կատարի ու մնա անպատժելի: Գուցե սրա մեջ որոշակի քաղաքական խնդիրներ են եղել, ես չեմ կարող ասել: Դա տեղի ունեցավ ընտրությունների նախաշեմին: Ես ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ: Եթե նման ոտնձգություններ կատարված լինեին, հաստատ կիմացվեր, թե ում նկատմամբ է արվել: Այն ժամանակ շահարկվում էր եւ իմ անունը, եւ մի քանի պաշտոնյաների: Եվ հիմա նորից մեջ են բերում նման խնդիրներ»,- ասում է նա: Ընդ որում, նամակագիրներն անդրադարձել էին ոչ միայն այդ դեպքերին, այլեւ մասնաճյուղի տնօրենի օգնականի մարդասպանության դեպքին. «Կեղտի մեջ թաղված այս բուհ-ում տնօրենը ուսանող բռնաբարեց, լռեցին, տնօրենի տեղակալը՝ Արտակ Ճաղարյանը, 2 ամիս առաջ մարդ սպանեց, լռեցին»: Իսկ ուսանողուհի Ս. Փաշինյանը մեզ հետ զրույցում հղում կատարելով «Հայկական Ժամանակ» օրաթերթին, նշեց. «Թերթերը գրեցին նույնիսկ տնօրենի կողմից բռնաբարության ենթարկված ուսանողուհու անուն-ազգանունը, որը եղել է Նոյեմբերյանի Կոթի գյուղից, ինչպե՞ս կարող է հերքել, բոլորը գիտեն այդ մասին»: «ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի օգնականը մարդ էր սպանել: Սպանել էր տնօրենի կրկնահանցագործ ընկերոջ` Ավալի հետ: Ավալն ամեն օր տնօրենի կաբինետում խաղեր էր խաղում, թեյ խմում»,- դասախոս Ֆ. Դավթյանը գրում է իր նամակում: Տնօրեն Ս. Առաքելյանն այս կապակցությամբ ասաց, որ նախ՝ ոչ թե Ավալ է, այլ Սամվել Չափուխյան, եւ վերջինս ոչ թե իր դասընկերն է, այլ համագյուղացին. «Նա ընդամենը երկու անգամ է եկել ինձ մոտ, որպեսզի ես բանկում վարկ դասավորեմ նրա համար: Նա նոր էր ազատվել եւ ուզում էր նոր կյանք սկսել: Սպանության դեպքի մասին ես կարող եմ ասել միայն հետեւյալը` սպանության դեպքի առնչությամբ սկսած քննությունը կավարտվի, ու պարզ կլինի իրականությունը»: Իսկ բուհի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ մեզ հետ զրույցում պատմում էին, թե Ֆեմիդա Դավթյանը` ե՞րբ ու քանի՞ անգամ է կաշառք վերցրել, դժգոհում էին նրա դասավանդման վատ որակից: Դժվար է ասել՝ բուհի ղեկավարության նկատմամբ վախի՞ց էին նրանք այդպես խոսում իրենց դասախոսի եւ կոլեգայի մասին, թե՞ իրական փաստեր էին ներկայացնում: Առհասարակ Իջեւանում տեղական իշխանություններից եւ այս բուհի ղեկավարությունից դժգոհությունները շատ էին, եւ շատերը վախից չէին համարձակվում ազատ խոսել: Իսկ դասախոսներից ոմանք էլ ասում էին, թե Ֆ. Դավթյանն ամբողջական կրթություն չի ստացել` 8 տարվա ընթացքում ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական համալսարանը, եւ այլն: Համալսարանում չգտնվեց մեկը, որ դրական կարծիք ունենար Ֆ.Դավթյանի մասին: Թերեւս սա պայմանավորված է վախի հանգամանքով. դասախոսները՝ տեսնելով, թե իրենց կոլեգայի գլխին ինչպես է «սարքվում», ինչ հետապնդումների է ենթարկվում, բնականաբար, կվախենան որեւէ դրական բան ասել, որպեսզի իրենք էլ չհայտնվեն նույն «սեւ ցանկում»: Որովհետեւ այս պահին Ֆ. Դավթյանի մասին որեւէ դրական խոսքը համարժեք է բուհի ղեկավարությանը դեմ գնալուն: Կամ էլ սա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են` երբ եզն ընկնում է` դանակավորները շատանում են: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Դասախոսներից մեկը ինձ է տալիս մի դիմում, որը Ֆ. Դավթյանի որդին` Դեյվիդն էր գրել ՀՀ պատգամավոր Արմեն Աշոտյանին: «Ես 10 տարեկան երեխա եմ, ապրում եմ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Իմ ձեռքի տակ կա մարզի 5000 ընտանիքի ստորագրություն, որով մարդիկ հավաստում են, որ իմ մայրը միակն է, որը միշտ ներքին պայքար է մղել եւ կոռուպցիայի, եւ անարդարությունների դեմ: Պատրաստ եմ ներկայացնել 1427 հիմնավոր փաստեր մարզի բոլոր ոլորտների եւ յուրացումների, եւ չարաշահումների, եւ կոռուպցիայի վերաբերյալ»,- գրել է Դեյվիդը:
Նամակի հետքերով հաջորդ օրը հանդիպում եմ նաեւ Ֆեմիդա Դավթյանի քրոջը` նույն բուհի արտասահմանյան գրականության դասախոս Նունե Դավթյանին: Նա պատմում է քրոջ` Ֆ. Դավթյանի նույն նամակի բովանդակությունը, հետո ավելի ծավալվում, սկսում խոսել անարդարության, քրոջ կերպարի, բուհի տնօրենի սեփականությունների մասին: Ասում է, որ նախաքննությունը դիտավորյալ ձգձգում են, բանտում քրոջը օր չեն տալիս` ուզում են թունավորել: Իսկ քույրը` Ֆ. Դավթյանը, գիտնական է, ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական համալսարանը, այնուհետեւ՝ Երեւանի պետական համալսարանը, քաղաքագիտության դոկտոր է, գրքեր է գրել, աշխատում է նաեւ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Ըստ Նունե Դավթյանի` բուհի շենքում տնօրինությունը 6 տեսախցիկներ է տեղադրել, որով հսկում է դասախոսների անցուդարձը: «Բուհում վախի մթնոլորտ է տիրում, ո՞վ կհամարձակվի դրական որեւէ բան ասել Ֆեմիդա Դավթյանի մասին»,- ասաց Ն. Դավթյանը, ով այս ամբողջ պատմության մեջ մեղադրում է տնօրեն Սամվել Առաքելյանին: Վերջինս, ըստ Ն. Դավթյանի, Երեւանում ունի մի քանի ռեստորաններ, մի ամբողջ մուտք բնակարաններ, ինչպես նաեւ՝ բազում մեքենաներ: «Բառացիորեն մի քանի օր առաջ նա իր տղայի համար 80.000 դոլարանոց մեքենա առավ: Դա կոռուպցիա չէ՞` մարդը մաքուր, հալալ քրտինքո՞վ է աշխատում: 4 տարի շարունակ նրա աղջկա կուրսային աշխատանքները, ռեֆերատները ես էի գրում, իսկ հիմա էլ նրա դիսերտացիան եմ գրում»,- ասաց Նունե Դավթյանը` այս պատմության մեջ կրկին մեղադրելով տնօրեն Ս. Առաքելյանին: Ըստ Ն. Դավթյանի, Առաքելյանը ընտրել էր շատ հարմար պահ. «Եղբայրս Ռոստովում է բնակվում: Դեպքից երեք օր առաջ կինը զանգել էր, ասել էր, որ վիճակը ծանր է` շուտ եկեք: Տնօրենը բարեհոգաբար տեսնելով, որ փող չունենք, տոմս էր առել, եւ հաջորդ օրը սարքեց այս ամենը»: Իսկ տնօրենը հավաստիացնում էր, որ ինքը ոչ մի օպերացիա չի կազմակերպել ու արդար է Աստծո առջեւ: Ի դեպ, Ն. Դավթյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը եւ իրենք ազգակցական կապ ունեն, եւ որ Ս. Առաքելյանը նրանց մորաքրոջ որդին է, իսկ Ս. Առաքելյանն էլ ասաց, որ իրենք ընդամենը հեռավոր ազգականներ են։ Մոտ 2 ժամ տեւող մեր զրույցը (եւ ձայնագրությունը) ավարտվեց: Մեզ միացավ նաեւ Ֆեմիդա Դավթյանի որդին` Դեյվիդը, ով խուսափեց իմ հարցումներից ու արագ հեռացավ: Այս խճողված պատմության մեջ Դեյվիդը շատ հարցեր ուներ, օրինակ, թե ինչո՞ւ հենց այդքան շատ կաշառակերներից միայն իր մայրիկին բռնեցին, ինչո՞ւ ինքն այսօր դպրոց չի գնում, ինչո՞ւ ինքը մյուս երեխաների պես չի վայելում իր մանկությունն ու ստիպված է կրել տան հոգսերն ու խնամել հիվանդ տատիկին: Մինչդեռ ՀՀ նախագահն, ըստ Դեյվիդի մորաքրոջ՝ Դեյվիդի պես երեխաների խնդրանքներն է կատարում, օրինակ, նրանցից մեկին դրոշ է նվիրում: Նա շարունակ վստահեցնում էր, որ իր խոսքերը միայն փաստացի ճշմարտություններ են, ու լրագրողները պետք է բացեն ճշմարտության աչքերը: Այս պարագայում դժվար է եզրահանգումներ անելը, բայց ակնհայտ է այն, որ կատարվածը նախապես մշակված սցենար էր, որն իր նախապատմություններն ուներ, եւ այդ հեղինակի ինքնությունը պարզ կլինի գոնե նախաքննության ժամանակ: Հուսանք: Փաստ է այն, որ այս բուհում տիրող վիճակը կրթության հետ որեւէ աղերս չունի: Այստեղ կրթական ծրագրերի մասին խոսք լինել չի կարող. քննարկվող միակ թեմաներն են` բռնաբարությունը, սպանությունը, կաշառակերությունը, ձերբակալությունները, վախի մթնոլորտը: