Դիմելու են «ցավոտ փոխզիջումների»

07/05/2009

Կովկասի գծով փորձագետ, բրիտանացի լրագրող, «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի մեջ» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը «The Financial Times» թերթում հոդված է հրապարակել, որը վերնագրել է այսպես. «Թող Կովկասում պատերազմի ուրվականը հանգիստ ննջի»:

Հոդվածում մասնավորապես ասված է. «Մինչդեռ ամբողջ աշխարհը պայքարում է գլոբալիզացիայի առաջին ճգնաժամի դեմ, Կովկասը, կարծես, կանգնել է Առաջին համաշխարհայինի շեմին, երբ կայսրությունների հզոր պայքար էր ծավալվել: Ինչպես նախորդ օգոստոսին ցույց տվեց Վրաստանի տխրահռչակ պատերազմը, Եվրոպայում այլեւս ոչ մի տեղ պատերազմն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, այս տարի ամռանը Կովկասի համար կարող է լուսավոր գիծ բացվել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Թուրքիան` կայսրություններ, որոնք իրենց շահերն են հետապնդում այս դժբախտ տարածաշրջանում, մի պահ միավորել են իրենց ջանքերը: Արդյունքում` նրանց հնարավորություն է ընձեռվել ազատվել ամենավտանգավոր, թեեւ ոչ ամենաերեւացող խնդրից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Մինչ հակամարտությունը փորձում էր իր լուծումը գտնել, դրա հարեւանությամբ ծագեց կարեւոր էներգետիկ երթուղի` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որը կառուցվել է British Petroleum-ի (BP) կողմից: Խողովակաշարը, որը նախատեսված է օրական 1 միլիոն բարել նավթ փոխադրելու համար, գտնվում է կրակի գոտուց տասը մղոն հեռավորության վրա,- գրում է փորձագետը,- Նոր եկամուտների շնորհիվ` Ադրբեջանն այժմ ունի աշխարհում ամենաարագ աճող ռազմական բյուջեն: Ներկա պահին ռազմական ծախսերի համար նախատեսված գումարները գերազանցում են Հայաստանի ողջ բյուջեն: Ամենաբարձրագոչ ադրբեջանցիները կոչ են անում բանակին՝ պատրաստվել Լեռնային Ղարաբաղը «հետ վերադարձնելու» համար պատերազմին` այսպիսով արթնացնելով պատերազմի ստվերը, ինչը սարսափազդու կլինի ողջ տարածաշրջանի համար: Այնուամենայնիվ, խաղաղ պայմանագրի նախագծի մասին բանակցությունները շարունակում են ձգձգվել: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կքննարկեն խաղաղության համաձայնագիրը մայիսի 7-ին Պրահայում: Երկու առաջնորդներն էլ ստիպված կլինեն դիմել ցավոտ փոխզիջումների: Ադրբեջանը ստիպված կլինի ընդունել, որ, փաստորեն, կորցրել է տվյալ տարածքը, կամ, առնվազն, այն չի վերադարձնի մոտ ապագայում, սակայն կարող է վերադարձնել Ղարաբաղի շուրջ ընկած հողերը: Հայերը ստիպված կլինեն ընդունել, որ իրենք պետք է վերադարձնեն «գրավյալ» տարածքները եւ հետաձգեն ԼՂՀ անկախության հույսերը` ինքնավարության եւ անվտանգության երաշխիքների դիմաց: Խոշոր պետությունները չեն ցանկանում լուրջ ճնշում գործադրել այդ հարցում: Ժողովուրդները փոփոխություններին ակտիվ դիմադրություն են ցուցաբերում, բացի այդ, երկու երկրները հզոր ընկերներ ունեն արտասահմանում: Օրինակ, Միացյալ Նահանգներում Ադրբեջանի հետ սերտորեն կապված է Պենտագոնը եւ էներգետիկ ընկերությունները, իսկ Կոնգրեսում գործում է ուժեղ հայկական լոբբի: Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը էժան չի լինելու: Ավերված եւ ամայի տարածքների վերականգնումը ստիպված կլինի իր վրա վերցնել միջազգային հանրությունը: Բացի այդ, Ղարաբաղի հայերին միշտ անհանգստացնում է ադրբեջանական ռազմական սպառնալիքը, եւ նրանք նախքան պայմանագրի ստորագրումը պահանջելու են, որպեսզի տարածաշրջանում տեղակայվեն վստահություն վայելող խաղաղապահ ուժեր:

Սակայն քաղված օգուտները մեծ են լինելու ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ նրանց համար, ովքեր շահեր են հետապնդում տարածաշրջանում` սկսած BP-ից եւ Եվրամիությունից մինչեւ Իրան: Խնդրի կարգավորումը նաեւ դրական անդրադարձ կունենա դեպի Արեւմուտք ձգվող Nabucco գազատարի կառուցման ծրագրերի վրա: Սակայն խաղաղությունը կայուն կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջ դնեն ազգային թշնամանքին: Այս առումով օրինակ են ծառայում Թուրքիան եւ Հայաստանը, ում ընդհանուր պատմությունն է՛լ ավելի ցավոտ է: Եթե այդ երկրները կարող են համագործակցել, ապա հայերի եւ ադրբեջանցիների միջեւ համերաշխությունը, ինչու չէ, հնարավոր է»: