Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Հ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգությունների կազմակերպում: Երեկվա դատավարության ժամանակ հարցաքննության էր ներկայացել դատակոչված վկաներից միայն մեկը: «Ոստիկանների ցուցմունքները նույնաբովանդակ են, ուստի նրանք նախօրոք տպագրված եւ ստորագրված ցուցմունքներ են տվել»,- վկային հարցաքննելուց հետո ասաց Հ.Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Պաշտպանը նաեւ կարծիք հայտնեց, թե վկաները չեն ներկայացել, քանի որ դատարանում պնդելու ոչինչ չունեն: «Ժամանակին էլ եմ ասել, եւ կան բազմաթիվ ապացույցներ, որ ցուցմունքները կորզվել են բռնություններով»,- ավելացրեց Մ.Առուստամյանը: Միակ վկա` Ոստիկանության Մալաթիայի բաժնի տեսուչ Արամ Կիրակոսյանը պատմեց, որ իրենք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում պետք է խուզարկություն անցկացնեին, քանի որ իմացել են, թե ցուցարարների մոտ զենք-զինամթերք կա: Նա նշեց, որ այդ օրը Հ.Հակոբյանի ձեռքին որեւէ բան չի տեսել: Ձող եղել է նրա ետեւում կանգնած վարորդի` Մելիքի ձեռքին: Վկայի խոսքերով՝ Հ.Հակոբյանը դա չէր կարող տեսնել, քանի որ 10-15 մետր հեռավորության վրա մեջքով է կանգնած եղել: Ա.Կիրակոսյանը նաեւ նշեց, որ այդ խառնաշփոթի ընթացքում ԱԺ պատգամավորը ցանկացել է տեսնել Ոստիկանության ղեկավարությանը: Հ.Հակոբյանը ոստիկանի տեսադաշտում է եղել 5 րոպե: Վկան դատարանում չհիշեց, թե քանի հոգի են եղել Հ.Հակոբյանի հետեւում, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ասել էր` 20-25 հոգի: Ա.Կիրակոսյանին հարցաքննելուց հետո դատավոր Գագիկ Ավետիսյանը 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, բայց վերադարձավ 1 ժամ հետո ու ասաց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 13։00-ին: